News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երջանկության գաղտնիք» գործակալության ծառայություններին մեծ մասամբ դիմում են ապահովված ուսյալ մարդիկ, որոնք  ամուսնանալու եւ ընտանիք կազմելու լուրջ մտադրություններ ունեն:

Ինչպես փետրվարի 12-ին ամուսնական գործակալությունների օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը,  սա պայմանավորված է նրանով, որ նման մարդիկ ավելի պահանջկոտ եւ շրջահայաց են մոտենում կյանքի ուղեկցի ընտրությանը: Դրա հետ միաժամանակ, նրանք անձնական կյանքը կառուցելու ժամանակ չունեն:

«Հայաստանում ամուսնական գործակալությունների շուրջ եղած կարծրատիպերն աստիճանաբար փլուզվում են, մեր հաճախորդների թիվը տարեցտարի աճում է: 2009 թվականից մեր գործունեության ժամանակահատվածում հաջողվել է 700 զույգի ամուսնացնել»,- նշեց Իլոնա Բաղիշյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպության ծառայություններին հիմնականում դիմում են հաճախորդներ մայրաքաղաքից, լինում են նաեւ մարզերից, սփյուռքից եւ արտասահմանցիներ: «Արտասահմանում մեր հայ կանայք շատ պահանջված են, հատկապես Իտալիայից եւ Իսպանիայից փեսացուներն են հայուհու հետ ամուսնանալու ցանկություն հայտնում, սակայն լեզվական խոչընդոտը այս տղամարդկանց խանգարում է մեր հաճախորդների հետ ծանոթանալ»,- նշեց նա: Հայուհիների հետ ամուսնանալու ցանկություն են հայտնում նախկինում ռուս կանանց հետ ամուսնացած տղամարդիկ: Նրա խոսքով՝ ամուսնական գործակալությունները ներկայումս պահանջված են եւ չեն կարող դուրս մղվել սոցցանցերի եւ ծանոթությունների կայքերի կողմից, որտեղ կարելի է հանդիպել կասկածելի դեմքերի:

Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենց հաճախորդները սեփական կյանքի, ընտանեկան, նյութական վիճակի, արտաքինի, տարիքի, երեխաների առկայության եւ այլ տվյալների մասին հավաստի տեղեկություններ են տալիս՝ հավելելով, որ հաճախորդներին գրանցում են միայն տեղեկությունների մանրակրկիտ ստուգումից հետո, այդ թվում՝ անձնագրային տվյալների, ամուսնալուծության վկայականի եւ այլ փաստաթղթերի: Ըստ որում՝ նրանք կարող են օգտվել կազմակերպության պաշտոնական գաղտնի կայքից, որտեղ նրանց տվյալները մյուս օգտատերերի համար անհասանելի են: 

Մենք միանգամայն գաղտնի ենք գործում, այն, ինչ գործակալությունում խոսվում է, մնում է նրա պատերի մեջ, մեր հաճախորդների տվյալները ոչ մի տեղ չեն հրապարակվում, դրանց հասանելություն ունի միայն գործակալության աշխատակազմը»,- հավաստիացրեց Իլոնա Բաղիշյանը:

Նա ասաց, որ գործակալության ծառայություններին կարող են դիմել 28-ից մինչեւ 65 տարեկան տղամարդիկ, քանի որ 28 տարեկանից փոքր տղաները սովորաբար դիմում են կարճատեւ, անլուրջ ծանոթությունների համար: Իսկ կանայք գրանցվում են 23-ից մինչեւ 62 տարեկանը: Ըստ որում՝ հաճախորդների հիմնական կազմը 35-ից մինչեւ 45 տարեկան անձինք են: Աշխատանք չունեցող տղամարդիկ չեն գրանցվում:

«Ընտրելու իրավունքը նախապես տղամարդուն է տրվում: Սա, հայտնի պատճառներով, բխում է կանանց շահերից: Նրան մեր աշխատակիցները ցույց են տալիս իր հարցմանը համապատասխանող կանանց լուսանկարները: Այնուհետեւ պոտենցիալ ապագա զույգի հանդիպում է կազմակերպվում»,- նշեց գործակալության տնօրենը՝ հավելելով, որ հաճախորդների հետ աշխատանքին մասնակցում են պրոֆեսիոնալ հոգեբաններ:

Անդրադառնալով արտաքին տվյալներին վերաբերող պահանջներին՝ նա ասաց, որ իրենց դիմող տղամարդիկ առաջին հերթին ասում են, որ չեն ցանկանում գեր կանանց հետ ամուսնանալ:

«Երբ մեզ դիմում են գիրուկ կանայք, մենք նրանց նախ ուղարկում ենք գործակալությանը կից գործող յոգայի ստուդիա եւ սպա սրահ կազմվածքի շտկման համար, եւ միայն դրանից հետո ենք գրանցում»,- ասաց տնօրենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ