News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է քննարկել եւ աջակցել բրիտանական ընկերություններին՝ շահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Ողջունելով հյուրերին եւ ներկայացնելով Երեւանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որի շրջանակում Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է խորացնել երկկողմ համագործակցությունը:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, առանձնացրել է քաղաքային տրանսպորտի բարելավման, ճանապարհաշինական, թափոնների կառավարման, այդ թվում՝ նոր աղբավայրի եւ վերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաեւ այլ ծրագրերի շրջանակում հնարավոր փոխգործակցության հնարավորությունները:

«Մենք բաց եւ պատրաստակամ ենք հնարավոր արդյունավետ համագործակցություն ծավալելու եւ, հաշվի առնելով ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, կարեւորում ու ողջունում ենք օտարերկրյա ներդրումների իրականացումը Երեւան քաղաքում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ համագործակցության զարգացման գործում կարեւորելով ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի դերը:

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Երեւանը տպավորիչ քաղաք է եւ ունի ներդրումային մեծ ներուժ:

«Երեւանը զարգացող քաղաք է, եւ այն ծրագրերը, պարո՛ն քաղաքապետ, որոնք այսօր դիտարկում եք առաջնահերթ, իսկապես շատ կարեւոր են քաղաքի համար: Հատկապես վերջին տարիներին Երեւանը հանդես է եկել մի շարք հետաքրքիր գաղափարներով, որոնցից կուզեի առանձնացնել «Խելացի քաղաք» հայեցակարգի ստեղծումը, որի շուրջ կարելի է գործակցային տարբեր եզրեր գտնել: Այս տարվա հունիսին  նախատեսում ենք բրիտանացի գործարարների այց կազմակերպել Երեւան, ինչը, կարծում եմ, շատ օգտակար կլինի քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու առումով», - նշել է Մարկ Փրիթչարդը՝ Երեւանի քաղաքապետին առաջարկելով «Խելացի քաղաք» հայեցակարգի շրջանակում ներառել նաեւ «Անաղմուկ քաղաք»-ի գաղափարը, որին միտված գործնական քայլեր արդեն իսկ տարվում են աշխարհի առաջատար քաղաքներում:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ իր հերթին արձանագրել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին իսկապես շոշափելի քայլեր են կատարվում, ինչն, անշուշտ, ներդրումներ ներգրավելու եւ շահավետ փոխգործակցություն ծավալելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին, նկատել է, որ 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, կրկնապատկվել է Երեւան այցելած զբոսաշրջիկների քանակը եւ, հաշվի առնելով, որ այս տարին Երեւանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ: Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ