News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Իջեւանի գնդի հրամանատարի եւ մի քանի քաղաքացիական անձանց միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս կապակցությամբ զրուցել է միջադեպի արդյունքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կլինիկայի վերակենդանացմա բաժանմունքում անգիտակից վիճակում գտնվող Տարոն Ենգիբարյանի պապի` Գրիգոր Ենգիբարյանի հետ:

Ըստ տուժածի պապի` տղաներից մեկի եղբայրը Իջեւանի զորամասում կաթսայատանն է աշխատում: Դեկտեմբերի 31-ին զորամասի աշխատակիցը տեղեկացրել է եղբորը, որ վերջինս ատամնացավի դեղ հասցնի զորամաս: Տարոնի պապի խոսքով` մյուս երիտասարդները «ջահելություն» են արել, ու գնացել են զորամաս, որ դեղ տանեն աշխատակցին:

Զորամասից դուրս գալիս նրանց է հանդիպել հրամանատար Սերգեյ Կարապետյանը, ով Գրիգոր Ենգիբարյանի պնդմամբ այդ պահին արդեն ոչ սթափ վիճակում է եղել: Հրամանատարը սկսել է հայհոյել զորամասի տարածքում գտնվող քաղաքացիական «անկոչ հյուրերին», նրանք էլ պատասխանել են: «Հրամանատարը թող ոստիկանություն կանչեր, բռնեին տանեին, բայց նա մայր է հայհոյել, ամեն տեսակ լկտի բառեր է ասել»,- պատմեց Տարոնի պապը:

Ըստ նրա` ծեծկռտուք է սկսվել: Գնդի հրամանատարը վերցրել է ավտոմատը, ինչը տեսնելով երիտասարդները վազել, նստել են մեքենան, բայց հրամանատար Կարապետյանը կրակել է մեքենայի վրա: «Մեքենան գազով է աշխատում, երեխեքը վախեցել են, որ կտրաքեն, չեն քշել: Հրամանատարը նրանց բոլորին տարել է իր կաբինետ»,- ասաց պապը` նշելով, որ այդ ամենն իրեն պատմել են:

Տարոնի հարազատները կապվել են Իջեւանում ճանաչված մարդկանց հետ, որ նրանք գնան բանակցեն հրամանատար Կարապետյանի հետ: «Հրամանատարը մի շիշ կոնյակ է գլխին քաշել, ու հետո էլ ավտոմատը վերցրել է, որ կոտորի երեխեքին: Էդ իջեւանցի տղերքից մեկը, լավ տղա է, անունը պետք էլ չի, որ տամ, թռել է, ու քացով խփել, ավտոմատը հրամանատարի ձեռքից գցել: Երեխեքը վախից պատշգամբից թռել են ցած: Մեկի ոտքն է կոտրվել, մյուսի մեջքը, թոռս էլ պատշգամբի մոտ է կանգնած եղել, հետեւից քացով խփել են, նա էլ գլխի վրա է ընկել ցած, ու կոտրել գանգոսկրը»,- Շամշյանին պատմեց Տարոն Ենգիբարյանի պապը:

Գագիկ Շամշյանը զրուցել է նաեւ Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ Սամվել Կարապետյանի հետ, ով նշել է, որ Տարոն Ենգիբարյանը մինչեւ այժմ գտնվում է ծանր կայուն վիճակում:

Նշենք, որ կատարվածի վերաբերյալ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն առայժմ չի հրապարակել իր պաշտոնական վարկածը:

Տեսանյութը եւ լուսանկարը` Գագիկ Շամշյանի


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ