News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական ավանդական բարեկամությունը և քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը ամուր հենք են հետագա զարգացման համար: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 2-ին, Երեւանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել, որի շրջանակում գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական համագործակցության մակարդակից եւ կարեւորել առեւտրատնտեսական կապերի զարգացումը: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Շատ ուրախ եմ եւ սիրով ողջունում եմ Ձեզ եւ Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Մենք իմ ընկերոջ հետ առանձնազրույց ենք ունեցել, որի ժամանակ արձանագրել ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա եւ պետք է փաստենք, որ վերջին տարիներին այդ հարաբերություններում առաջընթաց ունենք: Մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը եւ քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը չափազանց ամուր հենք են հետագա զարգացման համար: Շատ ուրախալի են վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումները եւ մեր գործընկերների միջեւ հորիզոնական հարաբերությունները: Ես վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը լինելու է շատ կոնստրուկտիվ եւ հեռանկարային: Շատ բան ունենք անելու, շատ ուրախ ենք ձեզ ողջունելու, բարով եք եկել Հայաստան»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ: Մեզ համար մեծ պատիվ է լինել երկրում, որը մեր բազմադարյա բարեկամն է: Մեր երկու հանրապետությունների համար էլ այս տարին հոբելյանական է եւ, համոզված եմ, որ մեր երկու երկրները՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, պատշաճ մակարդակով կնշեն իրենց առաջին հանրապետությունների հռչակման հոբելյանը: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների պատմական, ավանդական բարեկամությունը մեզ հնարավորություն է տալիս բարձր մակարդակի վրա պահել մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաեւ տնտեսական բնագավառում մեր հարաբերությունները: Ուրախ եմ, որ մեր տնտեսական հարաբերությունները եւս առաջընթաց ունեն. անցած տարվա ընթացքում արձանագրվել է երրկողմ ապրանքաշրջանառության 33 տոկոսանոց աճ: Եվ, ինչպես իմ գործընկերը նշեց, ներուժը մեծ է, կարող ենք այդ տնտեսական ներուժն օգտագործել եւ կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումը կնպաստի դրան»:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը զարգացման լավ թրենդի վրա է, ինչի մասին վկայում են 2017 թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2017 թ. Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 7.5 տոկոս, արտահանման աճը՝ 25.2 տոկոս, ներմուծման աճը շուրջ 28 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ շուրջ 29 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, ծառայությունների աճը՝ շուրջ 15 տոկոս: Կարեւորելով անցած տարում Հայաստանի ու Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է ակտիվ աշխատել եւ´ երկկողմ, եւ´ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, եւ դա կարող է հետաքրքիր լինել նաեւ Վրաստանի բիզնես հանրության համար:

Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների եւ տնտեսական աճի համար՝ նշելով, որ Վրաստանի համար կարեւոր է հարեւան եւ բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը: Նրա խոսքով՝ ապրանաքաշրջանառության ծավալներն ավելացնելու հնարավորությունները պետք է դիտարկել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության խթանման համատեքստում, եւ Վրաստանը հետաքրքրված է վարչապետ Կարապետյանի նշած արտոնյալ ռեժիմների ուսումնասիրության եւ առկա հնարավորությունների վերաբերյալ վրաց գործարարներին իրազեկելու հարցում: Վրաստանի վարչապետը ողջունել է նաեւ ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դրա կիրարկմանը:

Երկու երկրների վարչապետները քննարկել են էներգետիկայի, զբոսաշրջության, պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարեւորել են երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով էներգետիկ գործակցության զարգացումը: Կարեն Կարապետյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին համակարծիք էին, որ մեծ ներուժ կա զբոսաշրջության ոլորտում, եւ պայմանավորվածություն ձեռք բերել՝ ակտիվացնել շփումը այդ ոլորտը կարգավորող պետական մարմինների միջեւ: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ առողջապահության, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների մշակման, կիբերանվտանգության ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները կարեւորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը եւ նշված հարցերի մանրամասն քննարկումը հաջորդ նիստի շրջանակում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայկական  մշակութային ժառանգության, մասնավորապես, Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի ամրացման ու վերանորոգման  աշխատանքերի համար: Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ հայրենակիցների հետ առկա բարեկամության եւ համագործակցության պատմությամբ, ովքեր դարերի ընթացքում հսկայական ներդրում են ունեցել Վրաստանի զարգացման գործում:

Վարչապետներ Կարապետյանը եւ Կվիրիկաշվիլին պայմանավորվել են նաեւ ծրագրեր իրականացնել՝ հումանիտար կապերի սերտացման, մասնավորապես, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման եւ բարեկամության ամրապնդման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ