News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաեւ բազմազավակ ծնողների: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին եւ ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաեւ պետական բարձր պարգեւներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգեւատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգեւով:

«Սիրելի՛ պարգեւատրվածներ,

Սիրելի՛ տիկնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ եւ իհարկե վաղվա տոնի առիթով, որ տեւելու է մեկ ամբողջ ամիս, այնուհետեւ ողջ տարին՝ ընդհուպ մինչեւ հաջորդ տարվա մարտի 8-ը:

Որեւէ հասարակության ժամանակակից եւ կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից:

Մեր անցած պատմական ճանապարհը եւ հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է: Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ եւ՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, եւ՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել եւ կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարեւոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, եւ չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն:

Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ՛ պարգեւների, եւ՛ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ դուք մշտապես լինեք կանացի, մեզ բոլորիս՝ եւ՛ հասարակությանը, եւ՛ տղամարդկանց, պարգեւեք ջերմություն, ոգեւորություն, իհարկե նաեւ՝ սթափություն: Սա շատ կարեւոր հանգամանք է:

Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց՝ ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները եւ պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում եւ պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news