News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքային էկոհամակարգերն ամբողջ աշխարհում թվային են դառնում։ Ավելի ու ավելի շատ մեգապոլիսներ  են ներդնում  «խելացի քաղաքների» տեխնոլոգիաները։ Համաշխարհային միտումներից չի ցանկանում հետ մնալ նաեւ Երեւանը։ Կառավարությունն ընդունել է «խելացի քաղաքների» հայեցակարգը։ NEWS.am–ը պարզաբանել է, թե ինչ սպասեն Երեւանի բնակիչները եւ երբ կլինեն առաջին լուծումներին։

Ի՞նչ է «խելացի քաղաքը»

«Խելացի քաղաքի» ժամանակ մի քանի առանձին «խելացի» նախագծեր միավորվում են մեկ կենտրոնացված համակարգի մեջ։ Այս համակարգի բաղկացուցիչներն օգտագործում են ընդհանուր հարթակը եւ տվյալներ փոխանակում։ Բոլոր բաղադրիչների այսպիսի փոխկապակցվածությունը կրճատում է ծախսերը եւ բարձրացնում արտադրողականությունը։

Այսօր աշխարհում ավելի քան 2500 քաղաքներում իրականացվում է «խելացի քաղաքի» հայեցակարգը։ Այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսիք են՝  Ստոկհոլմը, Սեուլը, Վաթերլոոն, Օնտարիոն, Թայբեյը, Գլազգոն, Նյու Յորքը, Սինգապուրը, Բարսելոնան, քայլ առ քայլ ներդնում են նորարարական էկոհամակարգեր։ Պետական ծառայություններն անցնում են էլեկտրոնային հաղորդակցության, կոմունիկացիոն ծառայությունները դառնում են թվային, ներդրվում են կառավարման ավտոմատ համակարգեր:

Այս բոլոր նորարարություններն ունեն մեկ նպատակ՝ հեշտացնել քաղաքացիների կյանքը։ Ընդ որում, ամեն շրջանում առաջնահերթությունները տարբեր են։ Ինչ–որ տեղում առաջնահերթ է «խելացի» լուսավորումը, մեկ այլ քաղաքում՝ «խելացի» ջրամատակարարումը, մյուսում՝ էկոլոգիայի բարելավումը...

Հայտնի ուղղություններից մեկը, որը պահանջված է մի շարք խոշոր քաղաքներում՝ «խելացի» փողոցային երթեւեկության եւ հանրային տրանսպորտի մշակումն է։ Օրինակ, Իսպանիայի Սանտանդեր քաղաքում  տեղադրվել են շուրջ 20 000 սենսորներ, որոնք կապում են շենքերը, ենթակառուցվածքները, տրանսպորտը, հաղորդակցությունը։ Սենսորները վերահսկում են աղտոտվածության, աղմուկի  մակարդակը, ճանապարհային երթեւեկությունը եւ կայանումները, իսկ տվյալները հավաքվում եւ մշակվում են միասնական կենտրոնում։

Վերլուծաբանների տվյալներով, մեծ թվով երկրներ են սկսել գումարներ չխնայել նոր տեսակի «խելացի» քաղաքի կառուցման համար։  Թվային փոխակերպումների ընթացքը լավագույնս արտացոլված են թվերում։  IDC խորհրդատվական ընկերության տվյալներով,   2018 թվականին «խելացի քաղաքի» տեխնոլոգիաների վրա աշխարհում կծախսվի 80 մլրդ դոլար։ Աճի միտումները կպահպանվեն նաեւ հաջորդող տարիներին՝ 2021 թվականին վաճառքի ծավալը կկազմի 135 մլրդ դոլար։ Միաժամանակ կաճեն նաեւ ներդրումները «խելացի քաղաքներում», IDC–ի տվյալներով դրանք 2018 թվականին կկազմեն 20 մլրդ դոլար։

Կվերածվի՞ Երեւանը «խելացի քաղաքի»

Կառավարությունը վերջերս ընդունել է «խելացի քաղաքների» հայեցակարգը։

Հայեցակարգի նպատակներն են նոր տեխնոլոգիաների կիրառումը, քաղաքի արդիականացումը եւ քաղաքի կյանքում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացումը»,– NEWS.am–ի հետ զրույցում նշել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Խնդրի իրականացման համար իշխանությունները բավականին լուրջ աշխատանք են սկսել։ Աշխատանքը մեկնարկել է մի քանի ճակատներում։ Երեւանի քաղաքապետարանում ստեղծվել է «Խելացի քաղաք» հանձնաժողով։  Հանձնաժողովի կազմում ներառված են գործարարներ, պետական կառույցների եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ։ Այս նոր կառույցը գլխավորում է Synopsis Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Նա պատմել է մոտակա ծրագրերի մասին. «Առաջին փուլում նախատեսվում է գաղափարը հանրայնացնել։  Սա անհրաժեշտ է հայեցակարգի իրականացման գործում մեծ թվով մարդկանց եւ ներդրումներ ներգրավելու համար։

Հանձնաժողովը մշակել է կարճաժամկետ ռազմավարություն այս տարվա համար։ Մոտակա ծրագրերի մեջ են մտնում երկու խոշորագույն միջոցառումների անցկացումը։ Դրանք կանցկացվեն սեպտեմբերի վերջին (մոտավորապես սեպտեմբերի 26-29–ը) եւ նվիրված կլինեն Երեւանի 2800-ամյակին։

«Առաջին միջոցառումը Խելացի քաղաքների միջազգային գիտաժողովն է։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Գիտաժողովին կմասնակցեն 50 քույր–քաղաքների ներկայացուցիչներ։ Մենք հրավիրելու ենք «խելացի քաղաքների» համար լուծումներ մշակող միջազգային մակարդակի փորձագետների։ Երկրորդ միջոցառումը «Երեւան–խելացի քաղաք» ցուցահանդեսն է։ Դրա ժամանակ մասնավոր ընկերություններն ու պետական կառույցները կցուցադրեն իրենց լուծումները»,–պատմել է Մուսայելյանը։

Smart City ծրագրի հետ մեկտեղ մեկնարկել է «Ինժեներային քաղաք» նախագիծը, որին աջակցում է վարչապետ Կարեն Կարապետյանը։  Տեղն արդեն ընտրվել է՝ այն տեղակայված կլինի Բագրեւանդի փողոցում եւ կզբաղեցնի 3 հա տարածք։ «Ինժեներային քաղաք»–ի գլխավոր խնդիրը Հայաստանը ինժեներական եւ բարձրտեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ արտահանող երկրի վերածելն է»,–հայտարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նախագծի շրջանակներում կպատրաստվեն 1 500 ՏՏ ոլորտի մասնագետներ, կստեղծվեն 2000 աշխատատեղեր, կստեղծվեն շուրջ 20 ՏՏ ընկերություններ։ «Ինժեներային քաղաք»–ը կկառուցվի մասնավոր  հատվածի եւ պետության համատեղ ջանքերով։ Նախագծում նախատեսվում է ներդնել շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Կարայանի խոսքով, դրանից 10 մլն դոլար կներդնի կառավարությունը, մնացած մասը կներդնեն National Instruments AM ընկերությունը եւ 14 բաժնետիրական ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։

Դեպի խելացի քաղաք ճանապարհը երկարատեւ գործընթաց է

Smart City–ի նախաձեռնողների խոսքով, այս գաղափարը ժամանակային շրջանակներ չունի։ «Խելացի քաղաքի» հայեցակարգի ներդրումը երկարատեւ գործընթաց է։ Ասեմ այսպես՝ կանգնելով այս ճանապարհին, դրան վերջ չի լինի, ինչպես չկան կատարելության սահմաններ։ Մենք հստակ հասկանում ենք քաղաքների թվային փոխակերպումների  անհրաժեշտությունն ու արդիականությունը»,–ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը։

Մոտավորապես որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն գաղափարի կյանքի կոչման համար, դեռ պարզ չէ։ Հովիկ Մուսայելյանի խոսքով, դա կախված է մի շարք գործոններից. «Նույն «խելացի քաղաքի» կյանքի կոչման համար մի քաղաքում կպահանջվի ավելի շատ գումար, մյուսում համեմատաբար ավելի քիչ։ Խելացի քաղաքների հայեցակարգում իրենց դերակատարությունն ունեն ոչ միայն ֆինանսները, այլ նաեւ մյուս ռեսուրսները՝ տեխնիկական, մարդկային, պետության ներգրավածության մակարդակը, Սփյուռքի դերը, հասարակության հետաքրքրվածությունը։ Այսօր գլխավորը որքան հնարավոր է տարբեր ոլորտներից ավելի շատ մարդ ներգրավելն է։ Որքան շատ մարդ մասնակցի այս նախագծին, այնքան հեշտ կլինի ներդրումներ ներգրավելը»,–նշել է Մուսայելյանը։

Խելացի քաղաքի հայեցակարգին աջակցություն են ցուցաբերում միջազգային գործընկերները. «Մենք հանդիպում եւ խորհրդակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ։ Հանդիպել ենք GIZ–ի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ–ի ներկայացուցիչների հետ։ Կհանդիպենք ԵՄ–ի հետ։ Նրանց կողմից ցանկությունը մեծ է, որը ես, անկեղծ, չէի սպասում»,–ասում է Մուսայելյանը։

ՄԱԿ–ը վաղուց է սատարում Հայաստանում նորարարական նախագծերին։ 2015 թվականին ԵՄ–ն UNDP ծրագրերի միջոցով Հայաստանին հատկացրել էր 300 հազար եվրո ՏՏ ոլորտում նախագծերի իրականացման համար։  «2016 թվականից ի վեր UNDP–ն սերտորեն համագործակցում է Երեւանի քաղաքապետարանի հետ՝ օգնելով իրականացնել Smart-City ստարտափ գաղափարները»,–նշել է Kolba Lab–ի ղեկավար Մարինա Մխիթարյանը։

Այդպիսի նախագծերից էր 2017 թ. հոկտեմբերի 21-22 Երեւանի քաղաքապետարանում անցկացված «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը, որին մասնակցեցին ավելի քան 70 ծրագրավորողներ՝ 17 ստարտափ գաղափարներով: «Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվել էր Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Հաքաթոնի ընթացքում մասնագետները 24 ժամ շարունակ աշխատել են տրամադրված տվյալների շտեմարաններով, երեք հիմնական ուղղություններով՝ Երեւանի համար մշակելով խելացի լուծումներ. տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում եւ նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում եւ քաղաքի մաքրություն:

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն 3 գաղափարները անցնելու են Կոլբա լաբի ինկուբացիայի փուլ եւ կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում համապատասխանաբար 5000, 4000, 3000 ԱՄՆ դոլար համամասնությամբ։

Խելացի քաղաք՝ գործընթացն մեկնարկել է

Smart City գաղափարի հեղինակների մտահաղացմամբ՝ նոր հայեցակարգի իրականացումը կբարձրացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը եւ արտադրողականությունը: Դատելով ծավալից եւ ոգեւորությունից, որով իշխանությունները սկսեցին շրջանառել նոր բրենդը, կարելի է ենթադրել, որ երկիրը մեծ ծրագրեր ունի:

Ամեն տարի Բարսելոնայում անցկացվում է Smart City Expo World Congress միջազգային ցուցահանդեսը։ Դրանում խոշոր քաղաքներն ու տեխնոլոգիական ընկերությունները ներկայացնում են «խելացի քաղաքի» իրենց տեսլականը։ Դրանցից հաջողակները ստանում են մրցանակներ։ Վերլուծական ընկերությունները պարբերաբար կազմում են աշխարհի «Խելացի քաղաքներ»–ի վարկանիշային ցուցակ։ Այս տարի, ինչպես եւ նախորդ տարի այն գլխավորում էր Սինգապուրը։ Այդ մասին են վկայում Juniper Research խորհրդատվական ընկերության կատարած հետազոտությունը։

Զեկույցի հեղինակները, մասնավորապես, ուսումնասիրել են  բարձր տեխնոլոգիաների ինտեգրացիան քաղաքային տնտեսություններում, բժշկական ծառայությունների տրամադրման, հանրային անվտանգության ապահովման եւ արտադրության ոլորտներում։ Օրինակ, Սինգապուրում ներդրված երեւեկության հոսքերի կառավարման համակարգչային համակարգը հնարավորություն է տալիս վարորդներին խնայել 60 ժամ տարեկան։

Համաշխարհային վարկանիշային ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնը, այնուհետեւ նրան հետեւում են ամերիկյան մետրոպոլիտները ` Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն: Սեուլն ու Տոկիոն գտնվում են համապատասխանաբար վեցերորդ եւ ութերորդ տեղերում: Եվրոպական քաղաքների շրջանում  ցուցակում ներառվել են Բեռլինը (յոթերորդ տեղ) եւ Բարսելոնան (իններորդ տեղ):

Աշխարհում անցկացվում են մասնագիտական մի շարք համաժողովներ, որոնց ժամանակ «խելացի քաղաքներին» մրցանակներ են շնորհվում։

Հնարավոր է, մի օր այդ այդպիսի մրցանակ ստանա նաեւ Երեւանը։ 

Յանա Իսրայելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ