News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ն վերջապես սկսել է քննարկել վարչապետի թեկնածուի հարցը: Իշխող կուսակցությունն այսօր գործադիր մարմնի նիստ է գումարել, որից հետո ՀՀԿ խոսնակը լրագրողներին հայտարարել է. քննարկվում է միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին Հանրապետականը պաշտոնապես կհայտարարի շաբաթ, կուսակցության խորհրդի նիստից հետո, իսկ երկուշաբթի արդեն այն կներկայացնեն Ազգային ժողովին: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, խորհրդարանի հատուկ նիստում:

Մինչ այդ «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակցիա է անցկացնում ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ: Նրանք Գարեգին Նժդեհի հրապարակից մետրոյով հասել են Զորավար Անդրանիկ կայարան՝ ճանապարհին քաղաքացիներին տեղեկացնելով ապրիլի 13-ի հանրահավաքի մասին: Հետո ցուցարարները գնացել են Մելիք-Ադամյան փողոց եւ փորձել փակել ՀՀԿ-ի շենքը, որպեսզի հանրապետականները չկարողանան մասնակցել Գործադիր մարմնի նիստին: Սակայն ոստիկանները փակել են դեպի շենք տանող ճանապարհը: Արդյունքում ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան. նրանք նստել են փողոցի բանուկ հատվածում եւ վանկարկում են «Մերժիր Սերժին», «Ազատ անկախ Հայաստան»: Երթեւեկությունը քաղաքի այս հատվածում կաթվածահար է եղել:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այսօր որոշել էին Ազգային ժողովի ամբիոնից եւս մեկ անգամ հիշեցնել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին, բայց՝ խորհրդարանի համար արտասովոր ճանապարհով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը նիստերի դահլիճում «ծխե հրավառություն» են կազմակերպել:

Դահլիճը ծխով է պատվել, բայց ընդմիջում հայտարարելու՝ Գեւորգ Գորգիսյանի առաջարկը նիստը վարող Էդուարդ Շարմազանովը մերժել է: Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը, պարզվում է, անակնկալի են բերել նույնիսկ «Ելք»-ի իրենց գործընկերներին: Մանե Թանդիլյանը սրտնեղել է. կարող էին գոնե զգուշացնել:

Իսկ կառավարության անդամներն այսօր Ազգային ժողով հարցուպատասխանի էին եկել պաշտոնակատարի կարգավիճակով: «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը վարչապետի պաշտոնակատարին հարց ուղղելիս շտապել է արձանագրել. մարդիկ Կարեն Կարապետյանի հետ հույսեր էին կապում, բայց արդյունքում ՀՀԿ-ն ընդամենը օգտագործեց նրան: Նոր կառավարության ձեւավորումից հետո կպահպանե՞ն, արդյոք, նախկին նախարարներն իրենց պաշտոնները: Արծվիկ Մինասյանն անձամբ իր մասով ոչինչ չգիտի, իսկ ընդհանրապես ՀՅԴ-ի պորտֆելների հարցում փոփոխություն չի սպասում: Կառավարության կազմում աշխատանքը շարունակելու ցանկություն ունի Լեւոն Ալթունյանը, չնայած մամուլի հրապարակումներին, որ առողջապահության ոլորտում խնդիրները շատ են, նրա աշխատանքից էլ, ըստ լուրերի, գոհ չեն:

Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 95 կողմ ձայնով ընդունեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ այն ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին եւ փոխարինելու է 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրին: Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնեն նաեւ Եվրախորհրդարանն ու Եվրամիության անդամ բոլոր պետությունները: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն ակնկալում է, որ Եվրախորհրդարանը դա կանի մայիսի կեսերին: Իսկ եվրոպական երկրներից մինչեւ հիմա համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լիտվան ու Լատվիան, մյուսներում այն ընթացքի մեջ է:

Այսօր հուղարկավորել են ապրիլի 9-ին զոհված 19-ամյա Նարեկ Հարությունյանին: Ժամկետային զինծառայողը Կոտայքի մարզի Զովունի գյուղից էր, 9 ամիս անց զորացրվելու էր: Զովունիի համայնքապետի խոսքով՝ զինվորը սոցիալապես անապահով ընտանիքից էր. դպրոցահասակ եղբայր ունի, հայրը շինարար է, մայրը՝ հացթուխ: Հիշեցնենք, որ Նարեկ Հարությունյանը զոհվել է հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից: Նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Լիազորությունները ստանձնած նախագահ Արմեն Սարգսյանն առաջին նշանակումներն է արել. այսօր խորհրդականներ եւ օգնական է նշանակել: Նրա հրամանագրով՝ նախագահի խորհրդականներ են նշանակվել Համլետ Գասպարյանին եւ Արա Ալեքսանյանին: Վերջինը, ի դեպ, կաշխատի հասարակական հիմունքներով: Իսկ Համլետ Գասպարյանը մինչ այս եղել է արտաքին գործերի նախարարի խորհրդականն ու ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետը: Իսկ Արմեն Սարգսյանի նորանշանակ օգնականը Հասմիկ Պետրոսյանն է:

Եվրասիայի երկրները կանգնած են դեպի ավտորիտարիզմ գլորվելու վտանգի առջեւ: Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի համաձայն՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը բացասական ուղղությամբ են շարժվում: Զեկույցում նշվում է, մասնավորապես, Հայաստանում ժողովրդավարության եւ կոռուպցիայի ցուցանիշի նվազման մասին: Պատճառը, ըստ կազմակերպության մասնագետների, «ՀՀԿ-ի կողմից գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կոնսոլիդացիայի արդյունքում համակարգային կոռուպցիայի խորացման եւ բարձր մակարդակով չարաշահումներն արմատախիլ անելու՝ կառավարության ցանկության բացակայությունն է»: Արդյունքում, Հայաստանը համարվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով երկիր:

Խոսրովի անտառում, արգելոցի պատմության մեջ առաջին անգամ, կովկասյան ընձառյուծ են նկատել: Կենդանուն նկարահանել են Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդները: Արգելոցում տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը, ըստ բնապահպանության նախարարության, ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է եւ, բարեբախտաբար, դրա հետեւանքները կործանարար չեն եղել կենդանական աշխարհի համար: Կովկասյան ընձառյուծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: Մեր երկրում այժմ 7-9 ընձառյուծ է հաշվառված, որոնց հիմնական բնակության վայրերն են Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը:

Ապրիլի 11-ին դոլարի ու եվրոյի արժեւորումը շարունակվել է, ռուբլին նորից էժանացել է: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 597, ռուբլունը՝ 7 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 685 դրամ:

Ապրիլի 12-ին երեկոյան ժամերին եւ 13-14-ին հանրապետությունում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին 6-7 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը երեկոյան հնարավոր են կարճատեւ տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ