News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուի օգտին քվեարկել է 77, դեմ՝ 18 պատգամավոր:

Ինչպես սպասվում էր՝ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ են քվեարկել «Ելք» խմբակցությունից խորհրդարան եկած 4 պատգամավորները: «Ծառուկյան» խմբակցությունը դեռ երեկ հայտարարել էր, որ որոշել են պատգամավորներին ազատ քվեարկելու հնարավորություն տալ: Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով չէր եկել, երեք պատգամավորներ էլ՝ Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանն ու Սերգեյ Բագրատյանը չեն մասնակցել քվեարկությանը: Իսկ կողմ քվեարկածների թվում են, մասնավորապես, Արգամ Աբրահամյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Բոստանջյանը, Մելիք Մանուկյանը, Իշխան Զաքարյանը եւ այլք:

Իսկ մինչ քվեարկությունը պատգամավորները Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն ունեին: Հետաքրքիր է, որ ընդդիմությունից հերթագրվել էր միայն Արտակ Զեյնալյանը: Փոխարենը ընդդիմադիր պատգամավորներն ակտիվ էին ելույթ ունենալիս: Ելույթների ընթացքում Հանրապետականները գովեստի խոսքեր շռայլեցին վարչապետի թեկնածուի հասցեին՝ խոսելով հատկապես նրա փորձառության մասին: Փոխարենը սուր էին «Ելք»-ից Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի ելույթները: Ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց խմբակցություններին: Իսկ «Ելք»-ին նորընտիր վարչապետը երեք խորհուրդ ուներ:

Հավելենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը: Կառավարության նոր ղեկավարը 5 օր ժամանակ ունի՝ հանրապետության նախագահին փոխվարչապետերի եւ նախարարների թեկնածուներին առաջարկելու համար: Իսկ նոր կառավարությունը պետք է կազմավորվի 15-օրյա ժամկետում:

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ խոչընդոտել պատգամավորների մուտքը Ազգային ժողով եւ խափանել վարչապետի ընտրությունը: Ի սկզբանե ծրագրած խորհրդարանի շենքի շրջափակումն այդպես էլ իրականություն չդարձավ: Երեկ նա հայտարարել էր, որ վաղ առավոտից տարբեր ուղղություններով փակելու են դեպի Ազգային ժողով տանող ճանապարհները, սակայն այսօր նույնիսկ նման փորձ չարվեց: Մինչ այդ, ոստիկաններն ուժեղացված հսկություն էին իրականացնում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում. այստեղ երկշարք փշալարեր են տեղադրված, նաեւ ջրցան մեքենա է բերվել:

Փոխարենը, երբ մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստը, Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «թավշյա հեղափոխության» մասին: Ելույթից անմիջապես հետո ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ ճամփա ընկան՝ Ազգային ժողովի փոխարեն պետական այլ կառույցների շենքերը շրջափակելու: Առաջինը գլխավոր դատախազության շենքն էր: Դրանից հետո ակտիվիստներն արգելափակեցին Վճռաբեկ դատարանի, մի քանի նախարարությունների, ՊԵԿ-ի շենքերի մուտքերը: Յուրաքանչյուր շենքի դիմաց, Փաշինյանի հորդորով, 10-15 կամավոր էր հերթապահում:

Ավելի ուշ մեկնարկեց հերթական հանրահավաքը, բայց այս անգամ՝ Հանրապետության հրապարակում: Նշենք, որ այս օրերին ոստիկանությունը պարբերաբար հայտարարություն էր տարածում՝ կոչ անելով դադարեցնել հավաքներն ու երթերը, փողոցներ չփակել եւ չխոչընդոտել քաղաքացիների անցուդարձը: Այսօր առավոտյան էլ Երեւանի փոխոստիկանապետը հավաքը դադարեցնելու մասին ծանուցում փոխանցեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինը, սակայն, պատռեց այն:

Այս օրերի հանրահավաքներին ու երթերին, ոստիկանության հայտարարության համաձայն՝ նաեւ անկարգությունների մասնակցելու կասկածանքով 82 անձ բերման է ենթարկվել, այդ թվում՝ դասադուլ հայտարարած եւ Փաշինյանին միացած բազմաթիվ ուսանողներ: Ավելի ուշ նրանցից 76-ն ազատ է արձակվել: Քննչական ծառայությունն էլ հայտնեց 3 անձի ձերբակալության մասին:

Այսօր Ազգային ժողովում եւ Երեւանի քաղաքապետարանում պայթուցիկ նյութի ու սարքի առկայության մասին ահազանգեր են ստացվել: Խորհրդարանում պայթուցիկ նյութի մասին ահազանգը ստացել է ոստիկանությունը: Պարզվել է, որ ահաբեկչության մասին ահազանգը կեղծ է: Ընդ որում, հեռախոսային ահաբեկիչն արտերկրից է. ԱԱԾ-ի տվյալներով՝ Բաքվում ծնված, վերջին տարիներին Գերմանիայում բնակվող ազգությամբ հայ: Երեւանի քաղաքապետարանում պայթուցիկ սարքի մասին ահազանգ էլ ստացել է ԱԻՆ-ը: Տեղազննման արդյունքում, սակայն, ոչինչ չի հայտնաբերվել:

Ապրիլի 17-ին դոլարի արժեզրկմանը միացել է նաեւ եվրոն, ռուբլին աննշան աճել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 7 դրամ 83 լումա, ֆունտինը՝ 689 դրամ:

Ապրիլի 18-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ