News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազը չպետք է կաշկանդված լինի քաղաքական որեւէ որոշմամբ, դուք պետք է հարկ եղած դեպքում՝ քրեական գործ հարուցեք երկրի ամենաբարձր պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով փաստին, որ գլխավոր դատախազն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ է վերցրել, քանի որ իրեն այդ մասին խնդրել է այն ժամանակ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

«Եթե դուք ասում եք՝ իմ գործողությունները պայմանավորված էին քաղաքական հրահանգով, քաղաքական իրավիճակից ելնելով, դուք ինչպե՞ս եք ապահովելու այդ անաչառությունը, որը ձեզ վրա ի պաշտոնե դրված է»:

Գորգիսյանը նկատեց, որ եթե գլխավոր դատախազը կարծում էր, որ կա քրեական հանցանք, պարտավոր էր մինչեւ վերջ գնալ եւ գործին ընթացք տալ. «Ձեր ասածը նույնն է, որ ոստիկանը տեսնի փողոցում մեկին դանակահարում, ծեծում են ու ոչինչ չանի՝ մտածելով, որ դե հետո կարող է այս մարդը չդատվել կամ ինքն է գլխավոր դատախազը: Դուք ձեր քայլը անեիք, հետո ինչ կլիներ, թող այս շենքում որոշվեր: Եթե գտել եք, որ կար հանցագործություն, պետք է մինչեւ վերջ գնայիք: Էդ ի՞նչ մոտեցում է»:

Ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում, փոխվարչապետի նամակում բերված հիմքերը նվազեցնում էին համապատասխան խափանման միջոց ընտրելու ռիսկերը. «Ձեզ վստահեցնում եմ, որ չկա որեւէ քաղաքական կաշկանդվածության խնդիր: Ամեն ինչ արվել է գործող ընթացակարգերով, որեւէ իրավիճակից բխող կորուստներ քրեական գործով չենք ունեցել, չեն եղել լուծումներ, որոնք չեն բխել օրենքից»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները ձերբակալվել էին ապրիլի 22-ի առավոտյան Արցախի փողոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ