News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքը մտահոգիչ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը:

«Քանի դեռ չկա խաղաղության վերջնական պայմանագիր կողմերի միջեւ, եւ Ադրբեջանը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, նման ոչ ցանկալի սցենարներ, առնվազն տեսականորեն, հնարավոր են։ Այն, որ Ադրբեջանի Մեջլիսի առաջին փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով խնդրի լուծումը, արդեն ահազանգ է։ Ահազանգ է ոչ միայն մեզ համար, նախեւառաջ նաեւ միջազգային հանրությանը, եւ առնվազն տարակուսելի է, որ միջազգային հանրությունից որեւէ հստակ, հասցեական գնահատական մենք չենք լսել»,- ասել է նա:

Շարմազանովին մտահոգում է նաեւ Թուրքիայի պահվածքը, հատկապես այդ երկրի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը: «Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ ինքը նաեւ Ադրբեջանի արտգործնախարարն է: Նախկինում էլ Թուրքիայի ղեկավարներն Ադրբեջանին սատարող գնահատականներ են տվել, բայց նման բացահայտ գնահատական չի եղել, եւ սա ոչ միայն մտահոգիչ է, այլեւ դատապարտելի»,- ասել է ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ այդ պատճառով այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է կայուն ու միասնական Արցախ:

Ինչ վերաբերում է Հանրապետականի դիրքորոշմանը. Շարմազանովի խոսքով՝ ինչպիսի կարգավիճակում էլ լինի ՀՀԿ-ն, ողջունելու է Փաշինյանի քայլերը, եթե դրանք միտված լինեն Արցախի ժողովրդի անվտանգությանը։

«Նիկոլ Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, բայց եթե նա կանի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը, Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ես նրա կողքին կլինեմ: Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը կարող է լինել լավ բանակցող, թե չի կարող, ժամանակը ցույց կտա: Աստված տա, լինի լավ բանակցող։ Ես կլինեմ առաջին հպարտը, առաջին երջանիկը, որ իմ երկրի վարչապետը՝ անկախ իր անձից, այնպիսի բանակցություններ իրականացնի, որը կբխի Հայաստանի ու Արցախի ժողովրդի շահերից»,- հայտարարել է նա:

Շարմազանովը, միաժամանակ, դժվարացել է մեկնաբանել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին, թե Մոսկվայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպում տեղի չի ունենալու, քանի որ Մոսկվա չի ժամանել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Չգիտեմ՝ որքանով է այդ տեղեկությունը պաշտոնական, եւ չեմ կարող ասել, թե Պեսկովն ինչ է նկատի ունեցել: Բայց Հայաստանում, ինչպես ցանկացած խորհրդարանական երկրում, վարչապետն է առաջին դեմքը, եւ ղարաբաղյան բանակցությունները և ցանկացած բանակցություն պետք է վարի վարչապետը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news