News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


ԱԺ-ն պատգամավորական անձեռմխելիությունից զրկեց հունիսի 16-ին ձերբակալված գեներալ Մանվել Գրիգորյանին եւ իրավապահ մարմիններին թույլատրեց կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան: Գլխավոր դատախազը խորհրդարանին մանրամասն ներկայացրեց այն հիմքերը, որոնք թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնել ՀՀԿ խմբակցության պատգամավորի նկատմամբ եւ ազատությունից զրկել նրան:

Ի տարբերություն այլ հարցերի քննարկման՝ Հանրապետականներն այսօր լուռ էին. նրանք որեւէ հարց չտվեցին, ելույթ չունեցան: Փոխարենն ակտիվ էին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները: Վերջինները քննադատություններով հեղեղեցին գեներալին, մի քանիսն էլ նույնիսկ ինքնասպանության կոչ արեցին:

Միջնորդությունների քննարկման ժամանակ, ի դեպ, ՀՀԿ-ականների մեծ մասը լքեց նիստերի դահլիճը եւ մասնակցեց միայն փակ քվեարկությանը: Միայն նախկին իշխող խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարճ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ իրենք կողմ են քվեարկելու Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ներկայացված միջնորդություններին: Փակ քվեարկության արդյունքներով Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. դեմ քվեարկեց ընդամենը 3 պատգամավոր: Թե ովքեր են նրանք, հայտնի չէ:

Լրագրողները հանրապետականներից մեկնաբանություններ կարողացան վերցնել միայն միջանցքներում: Մի քանի օր է՝ մարդկանց հետաքրքրում էր, թե ինչպես աղմկահարույց բացահայտումները կմեկնաբանի Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերը՝ գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հիշեցրեց մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը, թե ով զինվորի «տուշոնկա» է գողանում, նրան ե՛ւ Աստված է պատժում, ե՛ւ դատախազը: Սարոյանը պնդեց, որ Գրիգորյանի պահեստների պարունակությունից ինքը տեղյակ չի եղել, իսկ տեղի ունեցածը խայտառակություն որակեց:

Ի տարբերություն Գրիգորյանի մտերիմ ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց կատարվածի մասին որեւէ մեկնաբանություն տալ: Միայն ասաց, թե ինչու ապրիլյան պատերազմի օրերին օգնությունը ԵԿՄ-ի միջոցով չի ուղարկել Արցախ: Նշենք, որ գործարար պատգամավորը ԵԿՄ վարչության անդամ է եւ նախկինում հենց այս կառույցի միջոցով էր օգնում բանակին:

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանին ԱԱԾ-ի հայտնաբերածը շատ է զարմացրել: Ինքը բազմիցս է հյուրընկալվել գեներալի տանը, սակայն չի իմացել, թե պահեստներում ինչեր կան: Լրագրողների հետ զրույցում Սահակյանը նաեւ անկեղծացել է. Մանվել Գրիգորյանի հետ կապված իրավիճակը քննարկել են կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ:

Հավելենք, որ Ազգային ժողովից թույլտվությունից ստանալուց հետո գլխավոր դատախազ հանձնարարել է քրեական հետապնդում սկսել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան: Նրան նաեւ մեղադրանք առաջադրվեց՝ ապօրինի զենք եւ զինամթերք պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար:

Իրավապահների ուշադրության կենտրոնում է նաեւ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Ոստիկանները «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների մեքենաներ են հայտնաբերել, որոնք, իրավապահների տեղեկացմամբ, բեռնվել են գեներալի կնոջ ցուցումով: Վարորդները ԵԿՄ անդամներ են եղել. նրանք բերման են ենթարկվել: Մեքենաներում 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ են եղել: Գլխավոր դատախազն էլ լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Մանվել Գրիգորյանի գործով կձերբակալվի նաեւ Նազիկ Ամիրյանը:

Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը կալանավորվեց: Նրան ապօրինի կերպով զենք եւ զինամթերք պահելու եւ անձի առեւանգման մեղադրանք է առաջադրվել: Արթուր Ասատրյանի Էջմիածնի տանը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էին գտել հունիսի 16-ին կատարված խուզարկության ժամանակ: Նույն օրն Ասատրյանը բերման ենթարկվեց եւ ձերբակալվեց:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունում փոփոխություն է սպասվում: Արա Բաբլոյանը ստորագրել է Մերուժան Սիմոնյանի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Սիմոնյանը մանդատը վայր է դրել հունիսի 8-ին: Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանը: «Ծառուկյան» խմբակցությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են լուրը՝ նշելով, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Հիշեցնենք, որ Դավթյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արմավիրի մարզում եւ ստացել 7616 քվե: Հրանտ Դավթյանը գործարար է, իսկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, սկանդալային մի պատմության շնորհիվ: Հրանտ Դավթյանը հայհոյել ու ապտակել էր ճանապարհային ոստիկանին, քանի որ վերջինը, այսպես ասած, համարձակվել էր կանգնեցնել իր ավտոմեքենան:

Հակառակորդն այսօր շփման գծում Արցախի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք է խոցել: Անօդաչուն սահմանային դիտարկում էր իրականացնում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ: Արցախյան կողմը սա որակել է հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական նշանակության թռիչքները խոչընդոտելու փորձ՝ հավաստելով, որ շարունակելու է պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում եւ ցամաքում:

Հունիսի 19-ին դոլարի ու եվրոյի արժեզրկմանը միացել է նաեւ ռուբլին: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 7 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 635 դրամ:

Հունիսի 20-24-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 19.07.2018
Կառավարության այսօրվա նիստն անցել է առանց բուռն քննարկումների...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 18.07.2018
Փանիկի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզվել է, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 17.07.2018
Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կառավարական առանձնատանը հանդիպել են. վարչապետի եւ առաջին նախագահի զրույցի մանրամասները...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.07.2018
Պաշտպանության եւ ԱԳ նախարարությունները կապի մեջ են ԿԽՄԿ-ի հետ՝ Ադրբեջանից Հայաստանի քաղաքացու վերադարձը կազմակերպելու համար, բայց առայժմ...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 13.07.2018
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի տեսնում՝ չնայած հեղափոխությունից հետո Եվրոպայից հնչած ոգեւորված հայտարարություններին...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 12.07.2018
Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին...
Ամենաշատ
Partner news