News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը Միքայել Հարությունյանին Հայաստանի իշխանություններին չի արտահանձնի: Մոսկվան պաշտոնական հայտ է ստացել Երեւանից՝ ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին արտահանձնելու վերաբերյալ. նրան, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Ռուսական կողմը դեռ քննարկում է հայտը, սակայն այն մերժելու նախնական որոշում է կայացվել: Պատճառաբանությունը հետեւյալն է. հաստատվել է, որ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի, իսկ «Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում օտարերկրյա պետություններին, այդ թվում՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար»: Ռուսաստանի եւ Հայաստանի իրավասու մարմինների նամակագրության մանրամասները հայտնի չեն:

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին Հայաստանի երկրորդ նախագահը հայտնել է Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում: Մասնակցության ձեւաչափի մասին, սակայն, դեռեւս վաղ է համարում խոսել: Նախկին նախագահը կարծում է՝ կարող է դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը: Իսկ որպես հենարան տեսնում է այն մարդկանց, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես՝ տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտում:

Եվս մեկ անգամ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Քոչարյանն այն իրավաբանական աղբ է անվանել, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելն անհեռանկարային քայլ է որակել, որն արդեն մեծ վնաս է հասցրել կառույցում Հայաստանի հեղինակությանը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ Հայաստանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարություններին, որ դրանք լավ մակարդակի վրա են. ասել է՝ եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ են անընդհատ փորձում արդարանալ: Ռոբերտ Քոչարյանը նաեւ կարծում է, որ բավարար չափով չի գնահատվում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. առկա իրավիճակում, երբ տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների նկատմամբ Արեւմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառում, իսկ հակառակորդ երկրներն ավելի անկանխատեսելի են դառնում, Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր դաշնակիցներին:

«Երկիր Ծիրանիի» շարքերը նոսրանում են. 4 անդամներ, այդ թվում՝ Երեւանի ավագանու փետրվարի նիստում Նուբարաշենից ապակե տարաներով բերված կոյուղաջրի միջադեպից հայտնի Մարինա Խաչատրյանը, հայտարարել են կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Որոշման պատճառը, ըստ նրանց, կուսակցությունում խոսքի եւ գործի անհամապատախանությունն է: Մարինա Խաչատրյանից բացի՝ հայտարարությունը ստորագրել են նաեւ Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը եւ Աստղիկ Պետրոսյանը: Նրանք դուրս են եկել նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երկիր Ծիրանիի» նախընտրական ցուցակից:

Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը նույնպես պարզվել է: Իրավապահներն անուններ չեն հայտնում. նրանց առայժմ որոնում են: Օգոստոսի 28-ին դիմակավորված եւ զինված 3 անձինք ներխուժել էին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն: Մկրտումյանը որդու հետ դիմադրություն էր ցույց տվել՝ վնասազերծելով հարձակվողներից մեկին: Դեպքի վայր ժամանակ իրավապահները ձերբակալել էին Գյումրիի 42-ամյա բնակիչ Հովհաննես Ռիժենկոյին: Միջադեպի ժամանակ նախկին դատավորը հրազենային վնասվածքներ էր ստացել ու հիվանդանոց տեղափոխվել, սակայն հրաժարվել էր հոսպիտալացվել: Առանձնատան տարածքում «Կալաշնիկով» ինքնաձիգ, 16 փամփուշտ, ինչպես նաեւ սպորտային պայուսակ էին գտել, որի մեջ՝ լինգ եւ ինքնակպչուն ժապավեն:

Շենգավիթում 28-ամյա կնոջ սպանության գործով կասկածյալ կա. նա Աբովյան քաղաքի 38-ամյա բնակիչ է: Կասկածյալին ձերբակալել են: Երիտասարդ կնոջ դին գտել էին երեկ, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի սեփական տներից մեկում: Մահացածի մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր, մատնահետքեր, երկու դանակ է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ արյունոտ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 31-ը Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի օր է հռչակվել: Ֆրեզնոյի քաղաքապետն ասել է՝ այդպիսով քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահն էլ կարեւորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը՝ հավելելով, որ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի արժեքները: Նշենք, որ այսօր՝ մեծանուն գրողի 110-ամյակին, ամերիկյան Ֆրեզնո քաղաքում դռներն է բացում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Տունը գնել, նորոգել եւ թանգարանի է վերածել բարերար Արթուր Ջանիբեկյանի «Ռենեսանս» հիմնադրամը: Նպատակ ունեն այն վերածել ստեղծագործական բուռն կյանքով ապրող մշակութային օջախի, որտեղ կկազմակերպվեն գրական երեկոներ, փառատոններ եւ այլ մշակութային միջոցառումներ:

Օգոստոսի 31-ին դոլարը շարունակել է թանկանալ, եվրոն էժանացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 7 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 628 դրամ:

Սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ