News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամուլսարի ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, հիմնական խնդիրն է, որ պետք է ուսումնասիրվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, ըստ ՀՀ օրենսդրության, շրջակա միջավայրի ազդեցության գործընթացը իրականացնում է նախաձեռնողը. «Ամուլսարում շրջակա միջավայրի ազդեցությունը իրականացվել է մի քանի ինստիտուտների կողմից, ծախսվել են հսկայական գումարներ, եզրակացությունը տվել է մեկ փորձագետ: Ընդհանրապես փորձաքննական եզրակացություն տրամադրող ՊՈԱԿ-ն ունի 5-6 փորձագետ եւ մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետներն ունեն բավարար գիտելիքներ, որ այդ բազմաբնույթ ուսումնասիրությունները որակական եւ բովանդակային առումով գնահատեն»,-ասաց նախարարը:

Այդ պատճառով, ըստ նրա, պետք է ընդունել, որ փորձաքննական եզրակացությունը ձեւական բնույթ է կրել. «Այս պահին օրենսդրական նախաձեռնություն կա, որ նման մեծածավալ աշխատանքների դեպքում, պետությունը կարող է ներգրավել միջազգային ու տեղական կազմակերպություններ, փորձագետներ, որ պետության համար իրականացնեն այդ փորձաքննությունը եւ պետությունը հասկանա այդ ազդեցությունը կա, թե չկա»:

Նախարարը նշեց, որ հիմա նախատեսում են, որ միջազգային կազմակերպություն կբերեն փորձաքննություն անցկացնելու համար:

Հարցին, թե այդպիսի փորձաքննությունից հետո վերջապես կառավարությունը որոշում կունենա՞ Ամուլսարի հարցով եւ հնարավո՞ր է, որ եթե եզրակացությունը բացասական լինի, արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, նախարարը պատասխանեց. «Մի քանի զուգահեռ գործընթացներ են գնում. մեկը բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն էին, սակայն մտահոգությունը, որ նշվում էր, որ տեսչական մարմինը ջրերի վրա ոչ մի բան չէր հայտնաբերել, կենտրոնացել էր բույսի կամ կենդանու վրա, սա իրականում որոշակի ձեւախեղում էր, որովհետեւ կազմակերպությունը դեռեւս չի գործում, շահագործումը չի իրականացնում: Այսինքն ի սկզբանե պարզ էր, որ ջրերի հարցում որոշակի շեղումներ չեն լինելու:

Նաեւ կա աշխատանքային խումբ, որն իր եզրակացությունը պետք է տա, որտեղ ավելի լայն սպեկտրի մասնագետներ են ներգրավված: Մենք այդ եզրակացությունները կներկայացնենք կառավարությանը, սակայն դրանց բացակայությունը չի տալիս բավարար տեղեկատվություն ՀՀ-ին, որ որոշի, թե ռիսկերը որքանով են կառավարելի, որքանով կառավարելի չեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն 2 ամսից ավելի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

Բացի այդ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար:  ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

Իր հերթին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ դեմ է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եզրակացությանը: Նրանք նշել են, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է եւ կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով եւ այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ