News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումից մեկ ամիս անց ԱԱԾ տնօրենը «հիշել է», որ իրեն զանգահարել է ոչ թե Հրաչ անունով հայտնի դատավոր Վաչե Մարգարյանը, այլ ՀՔԾ քննիչ Հրաչը։

Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը մանրամասնեց, թե ով է իր կողմից նշված Հրաչը. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես եւ Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ՝ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես, ընդհանուր առմամբ մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տեւել եւ այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն։ Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, ասել եմ՝ «ուզես-չուզես պետք է տաս», դա էլ եմ ուզում պարզաբանել։ Արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան է, ես ասում եմ Հրաչ։ Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»։

ԱԱԾ տնօրենը նկատեց՝ դատավոր ընկերներ շատ ունի, սակայն նրանց հետ նախընտրում է կենցաղային թեմաներով զրուցել. «Չեմ վախենում, չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել։ Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել՝ այդ նկարները։ Սաղ կա եւ տրամադրված է քննությանը։ Այն դեպքում, որ կարող էի չտալ, ասել՝ հեռախոսս կորել է։ Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմ խոսում։ Ես ունեմ դատավոր ընկերներ 20-25 տարվա ընկերներ են,, ում հետ կարող է խոսեմ կենցաղային հարցերով»,–եզրափակեց նա՝ շեշտելով՝ գաղտնալսման ամբողջ նպատակը եղել է իր հրաժարականը պարտադրելը։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ընթացքում Արթուր Վանեցյանը բառացի ասել է հետևյալը.

«Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ պատասխանել է .«Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա...»։

Ձայնագրության հրապարակումից հետո տեղեկություն տարածվեց, որ խոսքը Հրաչ անունով հայտնի դատավոր Վաչե Մարգարյանի մասին է, ով բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող  առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավոր Վաչե Մարգարյանը,  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել են։

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ

Տպել
Ամենաշատ