News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես չեմ ուզում որեւէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց Սամվել Մայրապետյանի մասով այն տեղեկատվությունը, որն առկա է, որի մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը:

«Հ2»-ի լրագրողնը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ից Սամվել Մայրապետյանը կալանավորված է, եւ շուրջ 50 մտավորականներ միջնորդել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել են: Նաեւ տասնյակ խմբագիրներ դիմել են վարչապետին, բայց արձագանք չեն ստացել. « Հիմա նրանք ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞, որ լսեին նրանց ու պատասխան ստանային»,-հարցրեց լրագրողը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտավորությունն է ժողովրդի առջեւ: Ինձ հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված, ես հետաքրքրվեցի եւ պարզվեց, որ լրատվամիջոցի որեւէ հաշվի վրա կալանք դրված չէ: Կալանք դրված է որպես մեղադրյալ անձի հաշիվների վրա: Ես շատ ցավում եմ, որ ընդհանրապես այդպիսի պրակտիկա կա, որ որեւէ մեկին կալանքի են վերցնում, բայց դա նաեւ օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է:

Որքանով ես փորձել եմ տեղեկատվություն ստանալ, իմ եզրակացությունն այն է, որ այս գործում մենք կարող ենք գործ ունենալ կոռուպցիոն խոշոր խաչմերուկի հետ: Սա որեւէ կապ չունի լրատվամիջոցների գործունեության հետ»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ