Վիգեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճը հասարակության համար ամենահետաքրքիրն է, որովհետեւ Հայաստանում ապրիլ ամսից պայքարի նշանաբանն է՝ «հնի եւ նորի պայքար»: Այս մասին NEWS.am-ին ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով մրցակից ուժերի հեռուստաբանավեճի ֆորմատին:
«Նախ՝ խոսակցություն կար, որ բոլորի բանավեճ տեղի ունենա, հետո Վիգեն Սարգսյանն առաջարկեց նաեւ առանձին բանավեճ. ես կարծում եմ՝ մեկը մյուսին չի հակասում»,- ասաց Վազգեն Մանուկյանն ու ավելացրեց՝ բնական է, որ հին իշխանության եւ նոր իշխանության միջեւ բանավեճը շատ ավելի հետաքրքիր է, քան մյուսներինը:
«Ես չեմ կարծում, որ մյուս կուսակցությունների համար դա նվաստացուցիչ է, եւ ես կոչ կանեի, որ բոլորը միասին էլ բանավիճեին: Նիկոլ Փաշինյանը կարող է բանավիճել առանձին էլ, բոլորի հետ էլ, դրանք երկու տարբեր ֆորմատներ են»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը, սակայն, ավելի կարեւորում է երկու քաղաքական ուժերի բանավեճը, քանի որ նրա համոզմամբ` հասարկությունը սպասում է, որ հին եւ նոր իշխանությունները բանավիճեն:
Հիշեցնեմ, որ ՀՀԿ համամսնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը առանձին բանավեճի էր հրավիրել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀԿ – «Իմ քայլ» ձեւաչափով` 1-ին համարների մակարդակով եւ նշել պայմանները. «Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային եւ մեկական Ձեր եւ իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր եւ իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»:
Նիկոլ Փաշինյանը անհասկանալի էր համարել քաղաքական ուժերի հետ առանձին բանավիճելը:
«Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ մտահոգություն էր հայտնել, որ ՀՀԿ-ին առանձնացնելով` Փաշինյանը անհավասար պայմաններ կստեղծի եւ կնվաստացնի մյուս քաղաքական ուժերին:





























