News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի օրակարգում կլինեն հայ–իրանական քաղաքական հարաբերությունները իշխանափոխության եւ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդիրը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։  

«Հանդիպման օրակարգը պետք է բաժանել մի քանի հատվածների՝ դրանցից առաջինը կլինի քաղաքականը, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ կապված իշխանափոխության հետ, եւ այդ համատեքստում մենք խնդիր ունենք Իրանին ավելի հասկանալի լինելու»,–շեշտեց նա։ 

Իրանագետը կարծիք հայտնեց, որ օրակարգում մյուս կարեւոր քաղաքական հարթությունը՝ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում Իրանում եւ այդ երկրի շուրջ ստեղծված իրադրությունն է. «Այդ պայմաններում հայկական կողմի համար հետաքրքիր է, թե ինչպիսի զարգացումներ եւ հեռանկարներ կան, եւ այս ամենի խորապատկերին հայ-իրանական քաղաքական հարաբերությունների խնդիրն է»:

Վարդան Ոսկանյանը կարծում է նաեւ, որ ԼՂ հիմնախնդիրը եւս քննարկվող հարցերի շարքում կլինի. «Որոշակի զարգացումներ կան նաեւ Արցախի հիմնախնդրի հետ կապված, որոնք կհետաքրքրեն Իրանին՝ հաշվի առնելով, որ Իրանը միակ պետությունն է, որը սահմանակից է թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, եւ թե՛ Ադրբեջանին, եւ, բնականաբար շահագրգիռ է Արցախի հիմնախնդրով»:

Արցախի խնդրում իրանագետը շեշտում է՝ պետք է առանձնացնել Իրանի դիրքորոշման իրական եւ դիվանագիտական մակարդակները. «Դիվանագիտական մակարդակում Իրանը շարժվում է սովորական կաղապարներով, որոնցից մեկը տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունն է։ Բնական է, որ տարածքային ամբողջականության մեջ Արցախի Հանրապետությունը երբեւիցե չի եղել  եւ չեմ կարծում թե լինի»։

Նա վստահ է՝ Իրանը շահագրգռված չէ վերոհիշյալ պետությունների տարածքային ամբողջականության խախտման հարցում. «Դա նաեւ սեփական երկրի շահերը ի նկատի առնելով է Իրանը նման հայտարարություն անում, Իրանին ամենեւին ձեռնտու չէ, որ տարածաշրջանում՝ դիցուք Սիրիայում եւ Իրաքում ընթանան գործընթացներ, որոնք կխաթարեն այս պետությունների տարածքային ամբողջականությունը, հետեւաբար դա ընդհանուր տերմին է իրանական դիվանագիտական լեզվում եւ որեւէ կերպ չպետք է առնչվի Արցախի հիմնախնդրին»։

Վարդան Ոսկանյանը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության մասին, նշեց, որ այդ  ձեւաչափի փոփոխությունը ռիսկային է, սակայն Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը. «Ինչ վերաբերում է որպես միջնորդ կողմ ԼՂ կարգավորման գործընթացում Իրանի ներգրավման մասին, ապա ակնհայտ է, որ Իրանի դիրքորոշումների հավասարակշռված բնույթը այս պետությանը դնում է շատ ընդունելի կարգավիճակում, քան, դիցուք, Թուրքիան է, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի փոփոխությունն իր մեջ վտանգ է պարունակում, որ այդտեղ կցանկանա ընդգրկվել նաեւ Թուրքիան, սակայն այն, որ ձեւաչափը չի փոխվում, դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը չի գնահատում Իրանի դիրքորոշումը»։

Օրակարգում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի անզգույշ հայտարարության մասին հարցով իրանագետը չի կարծում, թե քննարկումներ լինեն. «Միջադեպը սպառված է»,–նշեց նա։

Վարդան Ոսկանյանը համոզված է՝ պետք է պահպանել հայ–իրանական հարաբերությունների բարձր մակարդակը. «Իրանի հետ հարաբերություններում մենք պետք է ձգտենք պահպանել բոլոր չափորոշիչները, որոնք բնորոշ են հայ–իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, որոնք մշտապես զարգացել են վերընթաց կորագծով եւ որեւէ մեկը չեմ կարծում իրավունք ունի խաթարելու այդ հարաբերությունները, քանի որ դրանք բխում են մեր երկրի կենսական շահերից»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կայցելի փետրվար ամսվա վերջին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ