News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որքան էլ ցավալի է, Հայաստանի գյուղերում նկատվում է ագրեսիայի աճ արագիլների հանդեպ։ Այս մասին ասել է թռչնաբան, «Թռչունների կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Սիլվա Ադամյանը մամուլի ասուլիսում։

Թռչնաբանը տեղեկացրել է, որ  արագիլների ուսումնասիրման իրենց ծրագիրը սկսվել է 2014-ին եւ իրականացվել Արարատի մարզի Սուրենավան ու Արմաշ գյուղերում։ Կլիմայական փոփոխությունների հետեւանքով արագիլները սկսել են ձմեռն անցկացնել Հայաստանում։ Ծրագրի շրջանակում, արագիլների ուսումնասիրությունից զատ, իրականացվել են նաեւ բնակիչների հարցումներ՝ թեւավորների հանդեպ նրանց վերաբերմունքը պարզելու համար։ 2014-ին շատ դրական պատասխաններ են եղել. մոտ 80 տոկոսը բարեհաճ է եղել թեւավոր հարեւանների հանդեպ։ Բայց ծրագրի ավարտվելուց հետո պարզվել է, որ վերաբերմունքն այդքան էլ լավ չէ։ Նախատեսվում էր 5 բույն դնել Արմաշ գյուղի սահմաններից դուրս։ Դա առաջ է բերել բնակիչների եւ «Էլեկտրացանցերի» ներկայացուցիչների դիմակայությունը (բները տեղադրվում են էլեկտրասյուներին)։ Պարզվել է, որ գյուղացիներին խանգարում են փորձարկումները թռչունների հետ եւ նրանց արձակած ձայները։

Բները տեղադրել հաջողվեց, բայց բնակիչների կողմից թռչուններին կրակելու սպառնալիքներ հնչեցին։ «Արագիլները որս չեն, այնպես որ «որսի» մասին խոսելը պարզապես ծիծաղելի է։ Նման վերաբերմունքը ափսոսանք է առաջացնում։ Բնությանն ավելի լավ վերաբերվել սկսելու փոխարեն մարդիկ ագրեսիա եւ անհանդուրժողականություն են ցուցաբերում կենդանիների հանդեպ»,- նշել է Սիլվա Ադամյանը։ Ինչի՞ հետ է կապված արագիլների հանդեպ ագրեսիայի աճը հարցին թռչնաբանը պատասխան չունի։ «Արագիլների բացակայությունը կնշանակի կենսաշղթայի լուրջ խախտում։ Դա վերաբերում է ոչ միայն արագիլներին, այլեւ բոլոր տեսակներին։ Մի տեսակի հետ կապված ցանկացած խախտում հանգեցնում է հավասարակշռության խախտման առհասարակ»,- հիշեցրել է կենսաբանը։

Մի տագնապալի փաստ եւս. բների նյութի 70 տոկոսը պլաստիկ է։ Սա վկայում է շրջակա միջավայրի վայրի աղտոտվածության մասին, փաստել է Սիլվա Ադամյանը։

Նշենք, որ վերջին ժամանակներս սոցցանցերում տարածվել են լուրեր արագիլի վրա հերթական հարձակման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ