News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հավատարիմ ամեն տեսակ այլախոհություն ճնշելու իր որդեգրած ուղեգծին՝ Ադրբեջանը շարունակում է հարձակումներն ու ճնշումները բլոգերների, ԶԼՄ եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ։ Ըստ իր հայեցողության հաշվեհարդար տեսնելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անհնազանդ ներկայացուցիչների հետ (Գիյաս Իբրահիմով, Մեհման Հուսեյնով եւ շատ ուրիշներ), այդ երկրի իշխանությունները պարբերաբար կազմակերպում են ցուցադրական դատավարություններ, ինչի համար երբեմն հաջողությամբ մանիպուլացնում են միջազգային իրավական կառույցներով եւ համաձայնագրերով։ Իբր, չկարծեք, թե մեր ձեռքերը կարճ են։

Ամենաակնառու «շոու ներկայացումներից մեկը ԱՀ իշխանությունների կատարմամբ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունն էր։ Հիշեցնենք, որ բլոգերը կալանվել էր Մինսկում եւ հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։ Թեեւ Բաքվում եւ Մինսկում պնդում էին, որ Լապշինը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից, հեղինակավոր միջազգային կազմակերպությունում դա հերքեցին, իսկ Բելառուսի նախագահի վերջերս արած հայտարարությունը վերջ դրեց բոլոր հարցականներին։ «Իլհամի մի զանգն ինձ կամ իմ զանգը նրան՝ եւ բոլոր հարցերը լուծվում են»,- մեզ տեղեկացրեց Լուկաշենկոն։ Իհարկե, հետագա իրադարձություններն այդքան էլ հուսադրող չեն համենայնդեպս ընկերներից մեկի համար. ադրբեջանական բանտից ազատ արձակված Ալեքսանդր Լապշինը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Օրերս Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է հասնել այն բանին, որպեսզի Ռուսաստանից Բաքու տեղափոխվի Ֆահրադին Աբոսզադեն (Աբասով)՝ թալիշական ազգային շարժման առաջնորդներից մեկը։ Աբասովին վերագրում են կոչեր պետության դեմ եւ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի հրահրում։ Սա թարգմանաբար նշանակում է, որ Աբասովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։ Դրա համար պատրվակն «ամենահիմնավորն» է. Աբասովը համարձակվել է գնալ Հայաստան։ Աբասովի մասին «հիշեցին» անցած տարվա ամռանը եւ հետախուզում հայտարարեցին։ Նա ձերբակալվեց Մոսկվայում անցած տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների հարցապնդմամբ։ Սակայն փետրվարի 28-ին տեղի ունեցավ անհասկանալի մի բան։ Սկզբում ընդդիմադիր ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապաշտպաններին, տեղեկացրին քննչական մեկուսարանից Աբասովի անհետանալու մասին։ Հետո արդեն ադրբեջանական այլ լրատվամիջոցներ տեղեկացրին այն մասին, որ «Աբասովը ձեռնաշղթաներով հասցվել է Բաքու»։ Կատարվածի մեջ պարզություն չի մտցնում նաեւ այն հանգամանքը, որ մերձմոսկովյան դատարանում նշանակվել է դատական նիստ, որին Աբասովը, հասկանալի պատճառներով, ներկայանալ չի կարողացել։ Իհարկե, ադրբեջանական որոշ իշխանամետ լրատվամիջոցներ փորձում են հավաստիացնել, որ Աբասովը տեղափոխվել է հենց Լյուբերեցյան դատարանի որոշմամբ, բայց նրա պաշտպաններին նման տեղեկություն հայտնի չէ։

Այստեղ տեղին է նշել, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ հատկապես թալիշների հալածանքները, որքան էլ որ ջանա թաքցնել դա Ադրբեջանի ղեկավարությունը, բնավ մտացածին չեն։

Մեկուսարանից Աբասովի անհետացման մասին խոսում է նաեւ Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության նախագահ, Թալիշական ազգային շարժման նախագահ (այս բոլորը, հասկանալի է, էմիգրացիայում) Ալքարամ Հումատզոդան (Հումատով) իր հայտարարությունում։ Նրա խոսքով՝ Աբասովի ձերբակալման ժամկետը լրանում էր մարտի 6-ին, եւ նրան ժամկետից շուտ տեղահանել են։ Իսկ ահա փետրվարի 28-ին Լյուբերեցկյան քաղաքային դատարանում պետք է տեղի ունենային նիստեր Աբասովի երկու հայցադիմումների վերաբերյալ. նրան Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր ապաստան տրամադրելու մերժման եւ փախստականի կարգավիճակ տալու մերժման գործերով։ Բայց դատարանի երկու նիստն էլ տեղափոխվեց՝ մարտի 13-ին եւ 18-ին։ Այդ ընթացքում Աբասովն անհետացավ քննչական մեկուսարանից։ Թալիշական ազգային շարժման նախագահը չի բացառում, որ Աբասովին կարող էին առեւանգել։ Ի դեպ, նման հնարքները լիովին տեղավորվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունների մեթոդներում, հիշենք լրագրող Աֆղան Մուհթարլիի օրինակը, որին ադրբեջանական հատուկ ծառայություններն առեւանգեցին Թբիլիսիում եւ ապօրինաբար տեղափոխեցին Ադրբեջան։

«Սա պաշտոնատար անձանց անօրինության եւ հանցավոր գործարքի աղաղակող դեպք է ինչպես ռուսաստանյան, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Ֆահրադին Աբոսզոդան իր ամբողջ քաղաքական եւ լրագրողական կարիերայի ընթացքում (անգամ ապօրինի ձերբակալությունից հետո) պահպանել է ռուսամետ կողմնորոշում, անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ճգնաժամի ծանրագույն տարիներին պաշտպանել է նրա շահերը։ Նա իրեն համարում էր ոչ միայն թալիշ, այլեւ ռուսաստանցի հասարակական գործիչ եւ լրագրող։ Եվ մեզ հաստատ հայտնի է, որ ռուսական իշխանությունները, ընդհուպ մինչեւ առաջին դեմքերը, տեղեկացված էին Ֆ.Աբոսզոդայի ձերբակալության եւ նրա հետապնդումների մասին։ Նրա արտահանձնումը կարող էր տեղի ունենալ լոկ Ռուսաստանի իշխանությունների թողտվությամբ կամ լիակատար հավանությամբ։ Իսկ դա իր հերթին հավասարության նշան է դնում Բաքվի հանցավոր ռեժիմի եւ ռուսաստանյան իշխանությունների միջեւ, որը խրախուսել է նրա ագրեսիվ քաղաքականությունը թալիշ ժողովրդի եւ թալիշ մտավորականության ոչնչացման գործում»,- ընդգծվում է հայտարարությունում։ Թալիշական առաջնորդը հիշեցնում է. ադրբեջանական իշխանությունները եւ նրանց իրավապահ մարմինները հայտնի են ողջ աշխարհում կտտանքների կիրառմամբ։ Եվ դա չափազանցություն չէ։ Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանական բանտերում հայտնվածները մահացել են կամ տարիներով ազատության երես չեն տեսել։

«Հիմա Ֆահրադին Աբոսզոդային պաշտպանելու մեր հերթն է: Մենք չենք կարող թույլ տալ Իլհամ Ալիեւի հանցավոր ռեժիմի կողմից թալիշական մտավորականության եւս մեկ ներկայացուցչի խոշտանգումն ու սպանությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ֆահրադին Աբոսզոդան կրկնի մեկ այլ ականավոր թալիշ լեզվաբան Նովրուզալի Մամեդովի ճակատագիրը, որը սպանվեց Բաքվի բանտում»,- կոչ է անում Ալաքրամ Հումատզոդան (Հումատով):

Ինչ էլ եղած լինի, հիշատակված բոլոր օրինակները վկայում են մեկ բանի մասին՝ Ադրբեջանի մոլագար ձգտման բոլոր օրինական եւ անօրինական միջոցներով «լռեցնելու» հատկապես չլսողներին եւ վախեցնելու մնացած բոլորին: Ադրբեջանի իշխանություններն այս կեղտոտ գործողություններում չեն խորշում ո՛չ կաշառելուց, ո՛չ ֆինանսական ներդրումների խոստումներից, ո՛չ գորգերի ու խավիարի տեսքով նվերներից, ապա եւ լկտիաբար ստում են՝ միջազգային կազմակերպություններին հարվածի տակ դնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ