News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք է աջակցություն լինի տեղական ավիափոխադրողների ծնվելուն եւ կայանալուն, եւ շուկայական հավասարություն լինի բոլորի համար, որտեղ տեղական փոխադրողները իրենց տեղը կգտնեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր, հրամանատար օդաչու Հակոբ Ճաղարյանը՝ կարեւորելով տեղական ավիափոխադրողների ձեւավորումը։

Հարցին, թե ի վերջո, Հայաստանին  պե՞տք է ազգային փոխադրող, թե՞ ոչ, հաշվի առնելով, որ ժամանակին ունեցել ենք Ազգային փոխադրող՝ «Արմավիան», որը վաղուց այլեւս չկա, Ճաղարյանը շեշտեց, որ «Արմավիան» երբեք էլ ազգային փոխադրող չի եղել, այլ շուկայում ունեցել է արհեստականորեն ստեղծված մոնոպոլ դիրք. «Քանի որ ոչ մեկին թույլ չէին տալիս մուտք գործել շուկա, ընկերությունն իրեն անվանում էր ազգային փոխադրող, սակայն, ազգային փոխադրողն այլ հասկացություն է, որի վերաբերյալ կան միջազգային չափանիշներ»,-ասաց նա։

Ճաղարյանն անդրադարձավ նաեւ ավիացիոն մասնագետների նախաձեռնող խմբի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված բաց նամակին, որտեղ նրանք անհանգստություն էին հայտնել քաղավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նամակում խոսվում է ոլորտի մենաշնորհների, բնականոն զարգացման, ավիափոխադրումների ոլորտի կանոնակարգման մասին, նաեւ ներկայացվում է մասնագետների տեսակետները եւ առաջարկությունները։

«Այդ նամակին ծանոթ եմ եւ գտնում եմ, որ ամեն ինչ այնտեղ ճիշտ է արտացոլված, տեղական ավիափոխադրողները չեն կայանում, քանի որ շուկայում չկա հավասարություն եւ տնտեսական կարգավորման մեխանիզմներ առայժմ չկան։ Վարչապետը կողմ է շուկայում հավասարության սկզբունքին եւ տեղական ավիափոխադրողների համար պայմաններ ստեղծելուն, արդեն քայլեր են արվում այդ ուղղությամբ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է տնտեսական կարգավորման մեխանիզմներին, ապա Հ. Ճաղարյանի դիտարկմամբ, Հայաստանի կառավարությունը պետք է ունենա կարգավորման մեխանիզմներ՝ ոլորտի խնդիրները լուծելու համար։

Հարցին, թե իսկ երկիրը կարո՞ղ է պաշտպանել իր ավիափոխադրողներին, Ճաղարյանը պատասխանեց, որ կարող է՝ ստեղծելով հավասար պայմաններ բոլոր ավիափոխադրողների համար եւ տեղական ավիափոխադրողներին պաշտպանելով արտաքին ազդեցություններից։

Նշենք, որ ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբը բաց նամակ է հղել վարչապետին ու ԱԺ նախագահին, որտեղ նշել է, մասնավորապես, հետեւյալը. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով ստեղծվեց մի անհասկանալի ֆորմատով աշխատանքային խումբ, որտեղ 6-7 ամիս քննարկվում էր միայն անհեռանկար մեկ հարց՝ արդյոք կա պետական կամ պետական մասնակցությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու անհրաժեշտություն, եւ տալ դրա վերաբերյալ տնտեսական հիմնավորում։ Մնացյալ բոլոր հարցերը չքննարկվեցին, անտեսվեցին, իսկ այժմ խմբի աշխատանքները շուրջ 2-3 ամիս է՝ պրակտիկորեն դադարեցվել են:

Փետրվար ամսին՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, վերը նշված հարցին Դուք հստակ պատասխանեցիք եւ քաղավիացիայի ոլորտի բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ կիսում են Ձեր եւ կառավարության մոտեցումները։ Դուք հայտարարեցիք, որ կառավարությունը չի մասնակցելու, չի ստեղծելու ազգային ավիափոխադրող եւ կաջակցի այն անձանց, որոնք ոլորտում կիրականացնեն ներդրումներ: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե կառավարությունը ինչպես եւ ինչ մեխանիզմներով կաջակցի ներդրողներին, երբ ոլորտում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Նախկին իշխանությունները քաղավիացիայի ոլորտում «բարեփոխումների» իրականացման դրոշի ներքո ՀՀ նախագահի հրամանով ստեղծել էին պետական ամենաբարձր կարգավիճակով օժտված հանձնաժողով պ-րն Դ. Հարությունյանի նախագահությամբ, եւ նրանք տարիների ընթացքում ուսումնասիրեցին ոլորտը, ծրագրավորեցին, որից հետո կազմակերպվեց եւ իրականացվեց ոլորտի կազմաքանդման, ենթակառուցվածքների մասնատման, «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման, «Զվարթնոց» եւ Գյումրիի օդանավակայանները մոնոպոլ ձեւով կոնցեսիոն պայմանագրերով կառավարման տրամադրման, «Արմավիա» մասնավոր ավիաընկերությանը ՀՀ ավիափոխադրումների շուկայի մենաշնորհի տրամադրման գործընթացները, եւ զուգահեռաբար այդ բոլոր գործընթացները ամրագրվեցին համապատասխան  տնտեսական, օրենսդրական փոփոխություններով եւ իրավական ակտերի ընդունմամբ: Այդ գործընթացները ավարտվեցին կառավարության ու շահագրգիռ կողմերի միջեւ կնքված հակապետական խայտառակ պայմանագրերի վավերացմամբ»։

Տպել
Ամենաշատ