Ես Կենտրոնական բանկից տեղեկանք եմ ուզել, ըստ որի, ՀՀ բանկային համակարգում 24 տոկոսից բարձր վարկեր գոյություն չունեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մտահոգությանը, որ բարձր տոկոսով վարկերը կործանում են քաղաքացիներին։
Մասնավորապես, հարց տվողը գրել էր հետեւյալը.
«Պարոն Փաշինյան, բարձր տոկոսով վարկերի քոքը կտրել տվեք ՀՀ-ից, 100 եւ ավելի տոկոսով վարկերը կործանում են ՀՀ քաղաքացիներին, նույնիսկ գյուղվարկեր կան 50%-ից ավել։ Ձեզ խաբում են, Կենտրոնական Բանկի նախագահն ու փոխվարչապետը, նրանք Կառավարության նիստում սլաքները ուղղեցին դեպի գրավատները, բայց խոսքս Վարկային կազմակերպությունների մասին է: եթե կցանկանաք, կարող եմ 20 եւ ավելի վարկատեսակ ցույց տալ, որոնք քերթում են ժողովրդին։
Հարգարժան Վարչապետ, բարեփոխումները բանկային ոլորտում եւս նկատելի են, մասնավորապես գյուղվարկերի պետական աջակցությամբ տրամադրումը, նույնիսկ 0%, բայց հավատացեք դա շատ քչերին է հասանելի, ծանրաբեռնված եւ անվճարունակ են մեծամասնությունը, խնդրում եմ համակարգային մոտեցում ցուցաբերել, օգնենք ժողովրդին ոտքի կանգնելու»։
Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշեց, որ 24 տոկոսից բարձր տոկոսով վարկերը բանկերը չեն տալիս, այլ ուրիշ կազմակերպությունները.
«Մենք բանկային վարկերի տույժ տուգանքների վերաբերյալ որոշում ենք կայացրել։ 130 հազար մարդու վարկային պատմություն մաքրվել է, արդեն 10-15 հազար մարդ օգտվել է այդ հնարավորությունից։
Մենք կարո՞ղ ենք դնել տոկոսի վերին շեմ, աշխարհում նման բան չկա եւ դա սխալ է։ Այս հարցի լուծումը տեսնում ենք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մեջ։ Մարդը հաճախ վարկը վերցնում է առանց հաշվարկներ անելու, առանց նայելու այն թղթերը, որոնք ստորագրում է»,- ասաց վարչապետը։
Նա նաեւ նկատեց, որ ըստ ԿԲ-ից ստացած տեղեկանքի՝ այսօր մեր ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային պարտավորություններ. «Այդ 80 տոկոսի համար վարկային պարտավորություն կատարելը բավականին դժվար է։ Ի՞նչ պետք է անել, մենք ելքը տեսնում ենք մարդկանց համար աշխատելու հնարավորություն ստեղծելը, տույժ տուգանքները վերացնելը, որ մարդիկ գան այն վիճակին, որ վիճակում վարկ են վերցրել»։
Նիկոլ Փաշինյանը մի դեպք հիշեց. «Ես հիշում եմ 2-3 տարի առաջ գյուղերից մեկն էի գնացել, մարդիկ ինձ ասում էին՝ քույր, եղբայր, բարեկամ իրար հետ կռված են, որովհետեւ վարկի երաշխավոր են գրվել, հետո խնդիրներ են ծագել։ Եթե մարդիկ բավարար գրագիտություն ունենային, այս վիճակը չէր լինի, երաշխավոր չէին կանգնի, որովհետեւ գիտեն, որ վարկը չի կարողանալու փակել։ Իսկ առանց երաշխավորի այդ մարդը չէր կարողանա վարկ վերցնել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը չի կարող պատասխանատվություն ստանձնել քաղաքացու չկատարած պարտավորության համար։
- Իմ տված խոստումների մեծ մասը կատարել եմ 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
- Սերիալների սյուժեներին միջամտելով՝ կարող ենք մարդկանց կրթվածությունը բարձրացնել. Փաշինյան











