News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արդեն երկրորդ օրը Վրաստանի մայրաքաղաքում ընթացող բողոքի զանգվածային ակցիաների և բախումների հետևանքով 240 մարդ է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Ամեն ինչ սկսել էր հինգշաբթի, այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանի շենքում ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովը ուղղափառների միջխորհրդարանական ասամբլեայի հերթական նստաշրջանի բացման մասին հայտարարել էր խորհրդարանի նախագահի աթոռին նստած։ Ի նշան բողոքի՝ Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր՝ «Ազգային շարժում» խմբակցության անդամները նրա վրա ջուր էին լցրել։ Մի քանի հազար մարդ փորձել էր գրոհել խորհրդարանի շենքը ։ Ռուսական պատվիրակությունը խորհրդարանից դուրս էր բերվել թիկնազորի ուղեկցությամբ։ 

Շենքի առջև բողոքի ակցիան վերածվել էր անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարներից ոմանք հարձակվել էին իշխող կուսակցության գրասենյակի, նաև մոտակայքում գտնվող մի քանի մասնավոր գրասենյակների և մեքենաների վրա։ Հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար

արցունքաբեր գազ են կիրառել ։ Բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ տուժել են, այդ թվում՝ բազմաթիվ ոստիկաններ, վերջին տվյալով՝ մոտ 300 մարդ ձերբակալվել է ։

Երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով այսօր կեսօրին հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն։ Արդեն օրվա վերջում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը առաջադրեց խորհրդարանի խոսնակի իր թեկնածուին՝ Արչիլ Տալակվաձե։ Մինչև այդ մանդատից հրաժարվել էր նաև միջխորհրդարանական նստաշրջանի կազմակերպման համար պատասխանատու, պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին։ Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ հենց արարողակարգի սխալի հետևանքով է Ռուսաստանի պատվիրակը հայտնվել նախագահի աթոռին։

Մոսկվան կոշտ է արձագանքել Վրաստանի իրադարձություններին՝ անվանելով դրանք հակառուսական ուժերի սադրանք, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանի և Վրաստանի մերձեցումը։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս կատարվածի նպատակը տարածաշրջանն ապակայունացնելն է և իշխանության համար պայքարը ։ Վլադիմիր Պուտինն էլ հրաման է ստորագրել՝ Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումները արգելելու վերաբերյալ , նաև կառավարությանը հանձնարարել է ապահովել Վրաստանում գտնվող ռուսների վերադարձը, իսկ տուրօպերատորներին խորհուրդ է տվել այս շրջանում դեպի Վրաստան տուրփաթեթներ չվաճառել։

Ցույցերը Թբիլիսում մինչև հիմա շարունակվում են։ Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարարի և պետանվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականները։

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած տուրուդմփոցը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հեռարձակել էր հայկական պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը։ Սակայն ավելի ուշ հեռացրել է տեսանյութը սոցիալական ցանցից և մեկ այլ ուղիղ միացմամբ՝ բացատրել, թե ինչու ։

Վաշինգտոնում նախօրեին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ։ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Դրան հաջորդել է արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո համանախագահները տարածել են հայտարարություն ։

«Ափսոսանքով նշելով վերջին զոհերի մասին՝ համանախագահները կոչ են արել կողմերին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության եւ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։ Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից: Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո»,- ասված է հայտարարության մեջ:

Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ , քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու հնարավորությունները։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեւիդ Հեյլի հետ բացի այս հարցերից, Զոհրաբ Մնացականյանը քննարկել է նաև դատական իշխանության անկախության վերաբերյալ հարցերը ։

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նախօրեին արած հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքական ուժերի և իրավաբանների շրջանում։ Մասնավորապես, երդման արարողության ընթացքում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ երդումը տալու պահից սկսած՝ ինքը սահմանադրական դատարան է մուտք գործելու  դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորն այս օրերին բացակայում է, հետևաբար ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ։

Սա իրավական վեճի թեմա է դարձել։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանն այս պահին ունի երկու դատավոր և 5 անդամ։ Երկու դատավորները ընտրվել են նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո, մյուս անդամները՝ մինչև այդ։ Ըստ նոր Սահմանադրության՝ ՍԴ նախագահ կարող է լինել դատավորներից մեկը։ Ընդդիմախոսներն ասում են, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունն ապօրին է, քանի որ ՍԴ մյուս 5 անդամները, ըստ  Սահմանադրության մեկ այլ դրույթի, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը։

Նախօրեին սկանդալային հայտարարություն էր արել իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ։ Նա ասել էր, որ ներկայում գործող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը այլևս չի կարող նախագահ լինել և ոստիկանները նրան պետք է թույլ չտան մտնել դատարանի շենք։

Այսօր էլ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է՝ Վահե Գրիգորյանը խեղաթյուրում է Սահմանադրությունը։ «Վահե Գրիգորյանն ընդամենը մի անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ արդեն կհայտնվի քրեական տիրույթում»,– ասել է նա ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր անդրադարձել են նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած սկանդալին։ Հիշեցնենք, որ դատավոր Արմեն Դանիելյանը աննախադեպ քայլի էր գնացել և առանց պաշտպանական կողմի միջնորդությունը լսելու՝ հեռացել խորհրդակցական սենյակ։ Նշենք, որ դատարանը քննում էր դատախազության և տուժող կողմի բողոքները՝ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումները:  Պաշտպանական կողմը քննության ընթացքում հերթական միջնորդությունն էր ներկայացրել, ինչը հունից հանել էր դատավորին , նա հայտարարել էր, որ դա նիստը ձգձգելու միջոց է, ու առանց պաշտպանական կողմի միջնորդությունները լսելու, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ինչը քրեական դատավարության օրենսգրքի խախտում է։

Քոչարյանի փաստաբանները սա համարում են խայտառակություն և պատրաստվում են բողոքել դատավորի այս պահվածքի դեմ, ընդհուպ մինչև միջազգային ատյաններ ։

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է։ Դոլարն այսօր կազմել է 477, եվրոյինը՝ 539, բրիտանական ֆունտինը՝ 604, ռուսական ռուբլունը՝ 7.57 դրամ ։

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերվա ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35 ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ