News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 15-ին, ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում:

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լիբանանյան ընկերությունն Ամուլսարի մասով եզրակացություն չի ներկայացրել, այլ ընդամենը կատարել է Լիդիանի տարբեր տարիներին ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրություն։

«Ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանց մեջ կան բազմաթիվ թերություններ, բացթողումներ, տվյալների ոչ ամբողջական լինելու կամ ընդհանրապես բացակայության փաստեր, վտանգների գնահատման ոչ լիարժեք եւ գիտական տեսանկյունից ոչ ընդունելի մեթոդների կիրառումներ, ոչ ճիշտ ներկայացված փաստեր, սխալ եզրահանգումներ եւ այլն»,- նշված է հայտարարության մեջ։

Նախաձեռնությունը կոչ է անում բոլորին անձամբ կարդալ եզրակացությունը՝ «չտրվելով մանիպուլյացիաների». «Մի տրվեք տարբեր մանիպուլյացիաների, այլ կարդացեք ինքնուրույն կամ լսեք միայն անաչառ մասնագետների կարծիքը»։

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ փորձաքննությունն անցկացվել է հապշտապ, դրա արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը եւ հնարավոր աղետալի հետեւանքները: Հաշվի չի առնվել Ջերմուկ առողջավայրի վրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը, հաշվի չի առնվում քաղաքացիների կարծիքը:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ Ջերմուկի եւ շրջակա գյուղերի բնակիչները հանրահավաք են կազմակերպել, որի ժամանակ քննարկել են հետագա քայլերը: «Ջերմուկի բնակիչները նահանջելու մտադրություն չունեն եւ պատրաստ են պայքարել»,- հավաստիացրեց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաբուխ հավաք եւ ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Երթի մասնակիցները շեշտում են, որ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ