News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Ուրախ եմ Ձեզ եւս մեկ անգամ մեզ մոտ հյուրընկալելու համար: Ցավում եմ, որ իմ պաշտոնավարման եւ Ձեր առաքելության ավարտի միջեւ այսքան կարճ ժամանակ էր մնացել, բայց ուրախ եմ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի եւ գործընկերության համար՝ հատկապես կանանց հիմնախնդիրների, խաղաղաշինության եւ արդյունավետ կառավարման ոլորտներում: Ես առանձնակի ջերմությամբ եմ հիշելու մեր գործընկերությունը: Համոզված եմ, որ հետագայում դեռ հանդիպելու ենք, որ վերադառնալու եք Հայաստան՝ որպես մեր երկրի լավ բարեկամ»,- այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ընդունելության համար, եւ ուրախությամբ արձանագրել այն առաջընթացը, որ գրանցվել է կանանց քաղաքական եւ տնտեսական ներկայացվածության, կանանց շրջանում ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման, ներառական տնտեսության զարգացման ոլորտում: Նա նաեւ տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամը մեկնարկում է նոր ռազմավարություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ մշակվել եւ հանրային քննարկման են ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր օրենքները մեծ ազդեցություն կունենան ոլորտի բարեփոխման եւ ներառական հասարակության ձեւավորման համար:

Հանդիպման ավարտին տիկին Ֆարնուորթը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ալան Գոգբաշյանի հետ համագործակցությունը եւս արդյունավետ կլինի, իսկ լավագույն գաղափարները հնարավոր կլինի կյանքի կոչել համատեղ ջանքերով.

«Մենք եւս բարձր ենք գնահատում այն համագործակցությունը, որ ունեցել ենք նախարարության հետ, եւ ուրախ ենք, որ ձեր առաջնահերթությունները շատ հաճախ համընկնում են մեր պատկերացումների հետ: Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան եւ մենք ակնկալում ենք ձեզանից  ավելի մեծ եւ ավելի հավակնոտ նախագծեր, որովհետեւ համոզված ենք, որ թիմը, որը ղեկավարում եք դուք, ունակ է հասնել լրջագույն հաջողությունների»,- ասել է տիկին դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ