News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով պետական կոմիտեի երեխաների խնդիրների գծով ավագ խորհրդական Փյարվիզ Ալիեւն ասել է, որ 2011 թվականից Ադրբեջանում նկատվում է ծնելիության զգալի նվազում։ Նա նշել է, որ մեկ երեխա ունեցող ընտանիքների թիվն ավելացել է 30 տոկոսով, միեւնույն ժամանակ, նվազել է այն ընտանիքների թիվը, որոնք երեք կամ չորս երեխա ունեն։ Նրա խոսքով՝ նկատվում է բազմազավակ ընտանիքների կրճատման միտում։

Փ.Ալիեւը նաեւ ավելացրել է, որ ճշգրիտ վիճակագրությունը կհրապարակվի մարդահամարից հետո, որը նախատեսվում է անցկացնել այս տարի։

Հարկ է նշել, որ համաձայն վիճակագրական տվյալների՝ 2017-ին երկրում ծնվել է 144 հազար երեխա, 2018-ին՝ 138 հազար։ Ընդհանուր առմամբ, 2011-ից, երբ ծնվել էր 176 հազար երեխա, տեղի է ունեցել ծնելիության լուրջ անկում։

Ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրներով պետական կոմիտեի Տեղեկատվության եւ վերլուծաբանական հետազոտությունների բաժնի ավագ խորհրդական Ռաիդա Ամիրբեկովան վստահ է, որ երեխաների թվի կրճատում նկատվում է ամբողջ աշխարհում եւ այդ երեւույթը բացատրում է հետինդուստրիալ հասարակության դարաշրջանով, նոր տեղեկատվական քաղաքակրթությամբ, որը էական ճշգրտումներ մտցրեց ընտանիքի ինստիտուտում։ Երիտասարդության նոր սերունդը քաղաքացիների որոշակի հատվածի շրջանում սկսեց հենվել համաշխարհային (արեւմտյան) արժեքների վրա՝ կրոնական արժեքների վերածննդի կողքին, կարծում է մասնագետը։

Ռ.Ամիրբեկովան իր հարցազրույցում, որը հրապարակվել է 1news.az կայքում, հավաստիացնում է, որ շատ այլ երկրների համեմատ ժողովրդագրական իրավիճակն Ադրբեջանում բավարար է։ Երեք եւ ավելի երեխա ունի ընտանիքների 29,6 տոկոսը, երկու երեխա ունի 40,3 տոկոսը, իսկ մեկ երեխա՝ 30,1 տոկոսը։

Սակայն բոլորովին վերջերս, 6-7 տարի առաջ, Բաքվի վիճակագիրները ներկայացրին թվեր այն մասին, որ բնակչության մոտ 10 տոկոսն ունի 6-7-ից 10 երեխա։ Այժմ միջին եւ բարձր վաստակ ունեցող մարդիկ նախընտրում են հիմնականում 1-2 երեխա ունենալ։

Մասնագետների խոսքով՝ ծնելիության կրճատումն ուղղակիորեն կապված է ոչ միայն ուրբանիզացիայի բարձր մակարդակի, այլեւ, առաջին հերթին, երկրում տնտեսական ու քաղաքական իրավիճակի, կենսամակարդակի հետ, ինչը պայմանավորված է պետության բռնաճնշիչ եւ պատժիչ քաղաքականությամբ, ինչը վկայում է հնարավոր ժողովրդագրական եւ քաղաքական ճգնաժամի մասին։

Չնայած ներկա իրողություններին՝ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է խոսել երկրում տնտեսական աճի եւ բնակչության կենսապայմանների բարելավման մասին՝ միեւնույն ժամանակ յուրացնելով նավթից եւ գազից ստացվող եկամուտները։

Ծնելիության անկում երկրում կանխատեսում է նաեւ ՄԱԿ Ազգաբնակչության ֆոնդը, որի համաձայն՝ առաջիկա 5-10 տարիներին Ադրբեջանում անխուսափելիորեն ժողովրդագրական լճացում կսկսվի։

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ