News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ի սկզբանե նպատակ ուներ կարգավորելու «Կուսակցությունների մասին» օրենքը, քանի որ դրանում որոշակի խնդիրներ կան: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կուսակցությունների մասին» օրենքում լրացումների հարցով աշխատանքային խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ խնդիրները հիմնականում կապված են կուսակցությունների գրանցման, դրանց կարգավորման, կուսակցությունների ներսում ժողովրդավարական արժեքների առկայության հետ եւ այլն: «Եվ այդ ժամանակ մենք որոշեցինք, որ տվյալ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, ինչը կուսակցություններին թույլ կտա առաջին հերթին դառնալ ինստիտուցիոնալ մարմիններ, քանի որ վերջին հաշվով խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է, որ այն պետք է հիմնվի հենց կուսակցությունների վրա»,- պարզաբանեց Սիմոնյանը՝ հավելելով, որ երկրում ժողովրդավարական արժեքներն ուժեղ են միայն այն դեպքում, երբ ուժեղ են կուսակցությունները:

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» որոշակի կոնսենսուս է ձեւավորել քաղաքական այլ ուժերի հետ, որոնք ներկայացված են խորհրդարանում, եւ հավելեց, որ իրականացվող բարեփոխումների հարցով ընդհանուր կարծիք եւ պատկերացում է ձեւավորվել: «Հիմնականում դա վերաբերում է կուսակցությունների ֆինանսավորման եւ հասարակական հսկողության հարցին, ինչպես նաեւ կուսակցություններում ժողովրդավարական ինստիտուտների առկայությունը, ինչը, կարծում եմ, կքննարկենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցով քննարկումների շրջանակում»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի ամենակարեւոր հատվածներից մեկն է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության մեծացումը, դրանց վրա հասարակական վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ինչպես նաեւ քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատումը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մարզերում կուսակցությունների ներկայացուցչությունների պահանջին: Աշխատանքային խումբն առաջարկում է ամբողջությամբ վերացնել տարածքային գրասենյակների ստեղծման պահանջը, բայց դրա հետ մեկտեղ առաջարկում է խորհրդարանական կուսակցություններին ԱԺ-ում գործունեության ընթացքում գրասենյակներ տրամադրել յուրաքանչյուր մարզում: Մեկ այլ փոփոխություն վերաբերում է կուսակցությունների գործունեության դադարեցման գործընթացին: Ըստ Սահմանադրության՝ կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ 2 դեպքում՝ օրենքի կոպիտ խախտման եւ 2 ընտրության անընդմեջ մասնակցելուց հրաժարվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ