News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են անցկացնել կենսաթոշակային բարեփոխումը, չնայած դրա նախապատրաստման հարցերով գերագույն հանձնակատար Ժան-Պոլ Դելվուայի հրաժարականին: Այս մասին երեկ BFM-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այն փաստը, որ Դելվուան հեռանում է կառավարությունից, այս բարեփոխման հետ ոչ մի կապ չունի, որը նա փայլուն է պատրաստել,- ասել է նա: - Այս բարեփոխումը պարոն Դելվուայի հետ միասին չի հեռանում, կառավարությունը կշարունակի այն պաշտպանել: Նրա տեղում կնշանակվի նոր մարդ»:

Ավելի վաղ Դելվուան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներկայացրել էր իր հրաժարականի մասին դիմում, որը պետության ղեկավարն «ափսոսանքով» էր ընդունել: Անցյալ շաբաթ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ Դելվուան, լինելով կառավարության անդամ, մասնավոր կառույցներում մի շարք պաշտոններ էր զբաղեցնում, այդ թվում՝ Ifpass ապահովագրական համակարգի աշխատակիցների ուսուցման ինստիտուտում:

Դելվուան իր դիմումում նշել էր, որ «այս հարվածների ներքո իր հանդեպ վստահությունը թուլացել էր»: Նա հայտարարել էր, որ «չի ցանկանում խափանել կենսաթոշակային բարեփոխման նախագիծը», որը «Ֆրանսիայի համար չափազանց կարեւոր է»:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն անցյալ շաբաթ հանդես էր եկել կենսաթոշակայի բարեփոխման սկզբունքների մանրամասն շարադրմամբ, որը երկրում առաջացրել է գործադուլների ալիք: Վարչապետը, մասնավորապես, հայտնել էր, որ առաջիկա տարիներին ամբողջական ծավալով թոշակը հնարավոր կլինի ստանալ ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Չեղարկվելու են նաեւ ներկայումս գոյություն ունեցող 2 տասնյակ հատուկ թոշակային ռեժիմները, որի հետեւանքով արտոնություններից եւ ժամկետից վաղ թոշակավորվելուց զրկվելու են պետական տրանսպորտային ձեռնարկությունների աշխատակիցները:

Ֆրանսիայում բողոքի խոշոր համազգային օրը սպասվում է դեկտեմբերի 17-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ