Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը չի կանչվել հարցաքննության, քանի որ այդ դեպքում նա կանչվելու էր մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում հարուցված լիներ, որը կարող է հարուցվել միայն Գլխավոր դատախազի կողմից եւ ԲԴԽ-ի համաձայնությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ինչ վերաբերում է երկիրը լքելուն, ՀՔԾ խոսնակը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանափակել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման եւ քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը: