News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի, որը վերջին տարիներին գլխավորում էր Դաշնային հարկային ծառայությունը, ընտանիքի եկամուտները գոյանում են դեռեւս նրա բիզնեսով զբաղվելու շրջանում վաստակածը ներդնելու շահույթից։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի հարկային հայտարարագրերի վերլուծությունը։

2013-2018 թվականների հայտարարագրերից, որոնք ներկայացնում է պարբերականը, հետեւում է, որ ինքը՝ Միշուստինը, վեց տարում աշխատել է 130,7 մլն ռուբլի։ Նրա տիկնոջ՝ Վլադլենայի եկամուտները կազմել են 584 մլն ռուբլի։ «Կոմերսանտը» եկել է այն եզրակացության, որ դրանք միջոցների գրագետ ներդրման արդյունք են, որոնք ներկա վարչապետը վաստակել է մինչեւ պետական ծառայության անցնելը. դեռեւս 1990-ականների առաջին կեսին նա աշխատում էր «Միջազգային համակարգչային ակումբում», որը համագործակցում էր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին են Microsoft-ը, Intel-ը եւ HP-ն։ Արդյունքում՝ 1998 թվականին, երբ Միշուստինը եկավ հարկային ծառայություն, նա արդեն ապահովված մարդ էր, գրում է թերթը։

Այսպես, բիզնեսի եկամուտներով Միշուստինների ընտանիքը 2000 թվականին գնեց անշարժ գույք Նիկոլինայա Գորայի քոթեջների ավանում։ Մոսկվայի Տրյոխգորնի Վալի բնակարանը ներկայիս վարչապետն ստացավ որպես նախագահի գործերի կառավարչի հարկերի եւ մուտքերի նախարարի տեղակալ, ինչն այն ժամանակ ընդունված գործելակերպ էր։

2008 թվականին Միշուստինը վերադարձավ բիզնես եւ անցավ Միավորված ֆինանսական խումբ (UFG), որն ստեղծել էր Բորիս Ֆեոդորովը, որի հետ նա աշխատել էր հարկային ծառայությունում։ Ֆեոդորովի մահվանից հետո նույն թվականին Միշուստինը գլխավորեց այդ ներդրումային ընկերությունը։ Միայն 2009-ին նրա աշխատավարձը՝ որպես ղեկավարի, կազմում էր մոտ 80 մլն ռուբլի, բայց ներդրումային ընկերությունների ղեկավարների բոնուսները գործարքներից, որպես կանոն, շատ ավելին էին։

Միշուստինների ընտանիքի եկամուտների մի մասը «Կոմերսանտը» կապում է ակտիվների վաճառքի հետ, ինչը պարտադիր պայման էր ներկայիս վարչապետի՝ 2010 թվականին պետական ծառայության վերադառնալու համար։ Իր ակտիվները Միշուստինը փոխանցեց կնոջը, որը դրանք վաճառեց մաս-մաս, ինչով բացատրվում են նրա եկամուտները 2013-2014-ին, գրում է պարբերականը, իսկ հետագայում տեղակայեց դեպոզիտներում։ Ընդհանուր առմամբ, ներկայիս վարչապետի վաստակած կարողությունը բիզնեսով զբաղվելու տարիներին թերթը գնահատել է հարյուր միլիոնավոր ռուբլիներ եւ ենթադրել, որ դեպոզիտներում ներդրումներ կատարելով Միշուստինների ընտանիքը ապագայում եւս հարկային հայտարարագրերում կնշի  համադրելի գումարներ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միշուստինին ՌԴ վարչապետ է նշանակել հունվարի 16-ին նրա թեկնածությունը Պետդումայի հետ համաձայնեցնելուց հետո։ Միշուստինի նշանակման օգտին քվեարկել է 383 պատգամավոր, 41-ը ձեռնպահ է մնացել, դեմ քվեարկող չի եղել։ Ինչպես նշել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Միշուստինը 1996-ից ի վեր առաջին վարչապետն է, որի թեկնածության դեմ ոչ մի պատգամավոր չի քվեարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ