News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ փետրվարի 14-ին,  մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաեւ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի անդամներ, պետական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին՝ միջոցառմանը հրավիրելու համար եւ կարեւորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ  նախատեսված ինստիտուցիոնալ մարմինների ձեւավորումը, որոնք իրենց հետագա գործունեությամբ կոռուպցիայի դեմ պայքարը որակական նոր մակարդակի կհասցնեն:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չհաջողելը հիմնականում պայմանավորված է եղել նաեւ բավարար մասնագիտական պատրաստվածություն եւ  միջազգային գործող մեխանիզմների մասին բավարար գիտելիքներ չունենալով, եւ թերագնահատվել է կոռուպցիայի կանխարգելման գործառույթի իրականացումը՝ մշտապես կարեւորելով հանցագործությունների քննությունը: «Այս թյուրընկալումը վերացնելու առաքելությունն այսօր ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ կարծում եմ՝ իրենց գործունեությամբ կհիմնավորեն հակառակը»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Նախարարը կրթական եւ իրազեկման միջոցառումներին զուգահեռ՝ Հանձնաժողովի գործառույթներից կարեւորել է հայտարարագրերի վերլուծությունն ու բարեվարքության ստուգումը եւ ընդգծել, որ այն հաջողությամբ իրականացնելու դեպքում հանրության վստահությունը կբարձրանա ոչ միայն Հանձնաժողովի, այլեւ բարեվարքության ստուգումն անցած աշխատակիցներով գործող մարմինների նկատմամբ:

Այդ առումով նախարար Բադասյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ ամենօրյա ռեժիմով աջակցելու Հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ