News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք կաշվից դուրս չենք գա, որպեսզի քաղաքացիները գան եւ քվեարկեն մեր նախաձեռնության օգտին, նրանք պետք է ինքնուրույն ընդունեն իրենց որոշումը: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հարցով հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ իրենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բաց է քաղաքացիների համար եւ նրանց հնարավորություն է տալիս օգտվել իրենց անօտարելի իրավունքից որոշելու սեփական ճակատագիրը: «Մենք որեւէ մեկի արջի ծառայության կարիքը չունենք, եւ եթե խախտումներ գրանցվեն, ապա դրանք պետք է քննեն իրավապահ մարմինները»,- շեշտեց նա:

Նախարարը կոչ արեց իրեն չհամեմատել տարածքային կառավարման եւ զարգացման նախորդ նախարար Հովիկ Աբրահամյանի հետ, քանի որ իր գործողությունները չի կարելի կապել վարչական ռեսուրսի չարաշահման հետ (մինչեւ «թավշյա հեղափոխությունը» իշխանության նախընտրական շտաբները եւս ղեկավարել է տարածքային կառավարման նախարարը, իսկ այդ ժամանակվա ընդդիմադիրները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա համախոհների, երկրի նախկին ղեկավարությանը մեղադրում էին վարչական ռեսուրսի օգտագործման մեջ – խմբ.):     

Անդրադառնալով դրամահավաքի հարցին՝ Պապիկյանը հայտարարեց, որ դրանում չկա ո՛չ իրավական, ո՛չ բարոյական խնդիր: «Եթե նախկինում մենք նոր կուսակցություն էինք, ապա հիմա արդեն իշխող կուսակցություն ենք, որը կանգնել է քաղաքացիների կողքին եւ ապահովել հեղափոխության հաղթանակը: Սա հանգեցրել է վստահության աճի, որն արտացոլվեց 2018 թվականի ընտրությունների ժամանակ: Լայն հանրության աջակցության ակնկալիքներն արտացոլվեցին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքում, որը կապված էր «ԱՅՈ»-ի քարոզարշավի անցկացման հետ: Եվ սա չի թաքցվել: Սակայն եթե 200 մլն դրամի չափով դրամահավաքը կազմակերպեր «ԱՅՈ» նախաձեռնությունը, ապա կարող էին հարցեր առաջանալ, եւ 100 մլն դրամից ավելի գումար պետք է ուղղվեր պետբյուջե: Բայց քանի որ այդ հաշիվը բացվել էր նաեւ «ՔՊ» կուսակցության անունով, ապա չկա ո՛չ իրավական, ո՛չ բարոյական խնդիր»,- հավաստիացրեց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում նշանակված է Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հարցով հանրաքվե: Իշխանությունները առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, այդ թվում՝ ՍԴ նախագահի՝ նրանց անվանելով նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ: Փաստացի բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այս գործընթացին՝ այն, մեղմ ասած, անվանելով իրավաբանորեն խոցելի: Պատասխանը հաստատական կլինի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի քվեարկողների կեսից ավելին, այլ նաեւ ընտրացուցակների կազմի քառորդ մասից ոչ պակասը, այսինքն՝ մոտ 650 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ