News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական BBC-ի լրագրող Իսմայիլ Էյնաշեն «Նամակ Աֆրիկայից» բաժնում հոդված է հրապարակել Եթովպիայի հայ համայնքի պատմության մասին: 

Նա նշում է, որ 19-րդ դարում հայերը կարեւոր դերակատարում են ունեցել Եթովպիայի կայսր Մենելիք II-ի պալատում, իսկ 20-րդ դարասկզբին հայ համայնքը տնտեսական եւ մշակութային ազդեցություն է ունեցել երկրի զարգացման վրա:

Հեղինակն Ադիս Աբեբայում այցելել է Սուրբ Գեւորգի եկեղեցի, որը Հայլե Սելասիե կայսեր կառավարման տարիներին եղել է համայնքի սիրտը: 1924 թվականին նա այցելել է Երուսաղեմի հայկական վանք, որտեղ հանդիպել է Ցեղասպանությունը վերապրած 40 հայ որբերի խմբի: Նա Երուսաղեմի հայոց պատրիարքին խնդրել է թույլ տալ նրանց իր հետ Եթովպիա տանել: Նրանք բոլոր երաժշտական կրթություն են ստացել եւ հիմնել կայսերական փողային նվագախումբը՝ Գեւորգ Նալբանդյանի ղեկավարությամբ: Հայ համայնքը 60-ական թվականներին ուներ 1200 անդամ:

Չնայած սակավաթիվ լինելուն, նրանք վճռորոշ դեր են խաղացել արդի աշխարհում Եթովպիայի առաջընթացի համար՝ սկսած եթովպիական ջազից եւ ավարտած այնպիսի ոլորտներով, ինչպիսին են բժշկությունը, բիզնեսը, կայսերական պալատում ծառայությունը:

Սակայն 1974 թվականին մարքսիստական Դյորդ խունտան Հայլե Սելասիեին տապալեց: Խունտան շարունակել է զավթել բիզնեսն ու գույքը, այդ թվում՝ հայերի: Նրանցից շատերը փախել են Հյուսիսային Ամերիկա եւ Եվրոպա: Ոմանք միաձուլվել են տեղացիներին՝ ստեղծելով հայկական եւ եթովպիական մշակույթների ինքնատիպ համադրություն:

Կրոնական տոների օրերին տեղացի հայերին կարելի է տեսնել եկեղեցում: Այստեղ կա նաեւ հայկական ակումբ, որտեղ ռեստորան է գործում:

Հեղինակը պատմում է, որ ընկերոջ հետ այցելել է ռեստորան: Այնտեղ հանդիպել է հայկական արմատներով երեք կնոջ: «Այդ երեկո ես համտեսեցի սքանչելի ու շքեղ բյորեկ եւ լուլա քաբաբ, եւ զգացի, որ համտեսում եմ Եթովպիայում հայերի պատմությունը»,- գրում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ