
Ես թշնամի չեմ ՀՀ վարչապետի հետ, ես որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը` նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու Նիկոլ Փաշինյանի հետ դեռ նրա պատգամավոր լինելու տարիներին։
«Մենք վաղուց ենք իրար ճանաչում, մեր անձնական հարաբերությունները ջերմ են եղել, հարցրեք իր տիկնոջից` Աննա Հակոբյանին, ես որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ ու չեմ էլ ունենալու, իսկ նրանք, ովքեր փորձեն իմ անձը վիրավորեն, կամ իմ ժողովրդի դեմ ոտնձգություն անեն, պատասխան են ստանալու»,- ասել է նա:
Վիտալի Բալասանյանի խոսքով` Փաշինյանը իրենց ընդունում է Արցախում եւ հաջորդ օրը, չգիտես ինչու, հայտարարում դավադիր ուժերի մասին. «Ես չգիտեմ ովքեր են այդ դավադիր ուժերը, բայց թող իմ անուն ազգանունը չկապեն դավադիրների հետ: Կարծում եմ` դավադիրներ Արցախում չկան, այլ փորձում են այստեղ դրսի ուժեր ներմուծել»:
Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Արցախում էլ պետք է արտակարգ դրություն հայտարարել:
«Հայաստանի հետ լինելով մեկ ընդհանուր տարածք՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելը ևս անհրաժեշտություն է, որը կբարձրացնի մեր ժողովրդի զգոնությունը»։
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում նախընտրական քարոզարշավի օրերին արտակարգ դրություն հայտարարելը, Վիտալի Բալասանյանն ասել է, որ այս պայմաններում իր համար առաջնային է իր ժողովրդի, իր ընտանիքի առողջությունը, քան պաշտոն ստանալը։
«Իսկ ընտրությունները հետաձգելն իշխանությունների որոշումն է, որի կողմնակիցն եմ ես: Ինձ համար շատ ավելի կարևոր է նաև իր զինվորների անվտանգությունը, քան գեներալի ուսադիր ստանալն ու կրելը»,- հավելել է նա։
Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում իրենք ամեն կերպ հետևում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ քայլերին։
ԱՀ նախագահի թեկնածուն նաեւ խոսել է այն մասին, թե ինչու է առաջադրվել բարձրագույն պաշտոնին, եւ նշել․ «Կա մի պարզ պատճառ՝ ցանկանում եմ իմ լուման ներդնել քաղաքական գործընթացներում։ Ես հաղթանակ եմ բերել Արցախի ազատագրման շարժմանը, այն պետական սահմանները, որոնք այսօր գոյություն ունեն, դրանցում իմ ներդրումն եմ ունեցել»։
Անդրադառնալով Արցախի հարցին ու Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը՝ Վիտալի Բալասանյանը ասել է, որ վերջին փամփուշտն էլ ինքն է կրակելու եւ վերջ է տալու պատերազմին․ «Ես վստահ եմ, որ Արցախի հարցի լուծման վերջին փամփուշտը ես եմ կրակելու։ Արցախի քաղաքական իշխանությունը Հայաստանի իշխանությունը տվել է այն իրավունքը, որ Արցախի հարցի շուրջ Հայաստանը վեր հանի այն տեսլականները, որոնք նաև նախկինում են եղել. նպատակը՝ Արցախը, որպես լիիրավ կողմ պետք է նստի բանակցությունների սեղանին»։
Ըստ Բալասանյանի՝ մինչև հիմա անհասկանալի է՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ նպատակով են ասում՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին․ «Ես այդպես էլ հակափաստարկ չստացա, երբ ասում էի Ալիևի հետ վերելակային հանդիպմանը փաստաթուղթ է փոխանցվել Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում Ժնև-Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ փաստաթուղթը ի չիք դարձավ»։
Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ ինքը խնդրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ այն փաթեթից, որն այսօր դրված է բանակցային սեղանին։
Նրա խոսքով` այն, ինչ այժմ քննարկվում է, ոչ թե տարածքների հանձնում է, այլ Արցախի ադրբեջականացում, այն է ամբողջ Արցախի հանձնում: