News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում գումարված Արցախի  Ազգային ժողովի հատուկ նիստում  Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պարտականությունները: Նիստին մասնակցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Շուշիում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի։ «Գիտակից ընտրության» Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ բողոքի ակցիայից, որտեղ մի խումբ քաղաքացիներ ֆլեշմոբ են իրականացրել,  պարզել  «Մի՛ երդվիր, չենք հավատում» եւ այլ գրություններով պաստառներ։ Ցուցարարները սուլել են երդման արարողության մասնակիցներին տեղափոխող բոլոր ավտոմեքենաների հետեւից։

Առավոտյան մեկնարկած նիստում Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» դաշինքը ներկայացնող Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոխնախագահ է ընտրվել «Միացյալ հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը: Ընտրվել են նաեւ 7 հանձնաժողովների ու խմբակցությունների նախագահներ:

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ  հայկական կողմերի դիրքորոշումների վրա: Այսպես է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել Արցախի նորընտրի նախագահի  երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման:

Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է եւս 3 մարդ՝ 64, 65 եւ 90 տարեկան տղամարդիկ: Առավոտվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 5606-ի, մահացածներինը՝ 70-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2581:

Երեւանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։

135 պացիենտի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքերին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ ամենայնի, վաղվանից հյուրանոցներում եւ հիվանդանոցներում կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվող թեթեւ կամ սիմպտոմներ չունեցող քաղաքացիները կուղարկվեն տուն: Նրանցով կզբաղվեն առողջության պահպանման առաջնային օղակները, որոնց հետ հեռավար դասընթացներ են տարվում։

Բուժհաստատությունների 375 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Վարակվածներից 23-ը հղի կին է, 270-ը՝ երեխա։ Այն ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ կա, որոնցից 131-ն այս պահին զբաղված է։ Եթե կորոնավիրուսի տարածումը չճնշվի՝ օրական կունենանք 100-ից 120 մահ, ասել է Թորոսյանը:

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, թե զարմանալի փաստեր է իմացել, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, իբր միջազգային դոնորներից շատ փող ստանալու համար: Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Ըստ նրա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի  գերարդյունավետ միջոցը «փչացած հեռախոսով» կեղծ լուրեր չտարածելն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացած է, ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ինքնամեկուսացման մեջ է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Կառավարությունը հաստատել է պետական և ոչ պետական բուհերի 2020-2021 ուստարվա ընդունելության կարգը: Ըստ այդմ,  ընդունելությունը բուհեր կլինի մեկ քննությամբ: Ընտրվել է պարտադիր երեք առարկաներից մեկը, իսկ կամընտրական քննություններից դիմորդն ինքը կընտրի որը հանձնել:

Մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար կառավարությունը մոտ 547  միլիոն դրամ է հատկացրել, մասնավորապես, Երեւանում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի համար՝  37 մլն դրամ:

Twitter-ի իր միկրոբլոգում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է նոր կառավարություն ձեւավորել: «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական եւ սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը  համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից», գրել է Վանեցյանը։

Կրթության ու գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը երեկ եւ այսօր կանչվել է ԱԱԾ։ NEWS.am-ի հետ զրույցում Թամրազյանը չի մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է եղել ԱԱԾ-ում։ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության առնչությամբ, նա ասել է, թե իր համար ուղղակի ծիծաղելի է Գոգյանի հետ խոսակցություն ունենալը։ Հիշեցնենք, որ Գոգյանն իր հրաժարականի հիմնավորման մեջ նշել էր, թե տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորականում կան արտագրություններ, եւ որ նա պաշտոնավարում է հովանավորչության արդյունքում: Փոխնախարարը խոստովանել է, որ Գալոյանն իր մտերիմն է։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատը կմեկնարկի հունիսի 23-ին։ Ռոբերտ Քոչարյանի հերթական  հայցադիմումը  զրպարտության մասին է: Իր քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը թալանված գումարն է եւ այդ հայտարարության ժամանակ հնչել է նաեւ նախկին նախագահի անունը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի  Դավիթ Բալայանը, որը դատավորների վարկանիշային ցուցակում երկրորդն է։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Դրանից հետո նրա դեմ գործ էր հարուցվել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.95 դրամով  եւ կազմել  481.68 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.50 դրամով  ու կազմել  528.07 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.22 դրամով ու կազմել է 589.05 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու հասել  6.76 դրամի։

Մայիսի 22-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատեւ անձրև եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Մյուս շրջաններում եղանակը կվատթարանա հանգստյան օրերին: Երեւանում եւս անձրեւ կտեղա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկ՝ +31 +33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ