
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իրենց կազմակերպությունն աջակցում է կորոնավիրուսի հետեւանքով տուժած սիրիահայերին:
Հայտարարությունում ասվում է.
«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակն էլ ավելի է սրում փախստականների խոցելի վիճակն ամբողջ աշխարհում:
Հայաստանում գտնվող բազմաթիվ սիրիահայ փախստականներ ԿՈՎԻԴ-19-ի հետեւանքով հայտնվել են դժվար սոցիալական կացության մեջ:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության միջոցով, հրատապ սոցիալական օգնություն է տրամադրում սիրիահայերին՝ հոգալու նրանց կենսական կարիքները համավարակի պայմաններում:
Հիմնադրամի օժանդակությամբ, «Հալեպ» կազմակերպությունը երկու ամսվա սնունդ ու բնակարանի վարձակալության գումար կհատկացնի 120 սիրիահայ փախստական ընտանիքի: Ավելին, կազմակերպությունը կօժանդակի սիրիահայերի կողմից գործարկվող սոցիալ-ձեռնարկատիրական խոհանոցին, որը սնունդ կառաքի ԿՈՎԻԴ-19 հիվանդների բուժմամբ զբաղվող 100 բուժաշխատողների ու կամավորների համար»: