News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ինչպես կանխատեսում էին շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միացել՝ Սահմանադրության փոփոխության օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար  «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին: Առայժմ չի միացել: Որոշումը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պայմանավորել է Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին:

Արձագանքելով կատարվածին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Փաստինֆոյին» հայտարարել է՝  «Լուսավոր Հայաստանն» իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած եւ իշխանությունն ուզուրպացրած անձի կցորդ։ ԱԱԾ նախկին տնօրենի գնահատմամբ՝ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ՝ ԲՀԿ-ն։

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էդմոն Մարուքյանին ու նշել, որ նրան  2 տարի մեղադրում են, թե իր պրոյեկտն է եւ դրանով` նրա արժանապատվության հաշվին կարողանում են քթից բռնած ուղղորդել: «Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ։ Դու այսօր ունեիր ընտրություն պետության ու պետության թշնամու միջև: Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում», գրել է Միքայել Մինասյանը:

Մի շարք օրենքների կողքին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կեսգիշերն անց ստորագրել է նաեւ իր ստորագրության անհրաժեշտությունը վերացնող օրենսդրական փոփոխության տակ։ Մասնավորապես, Ազգային ժողովի ընդունված փաթեթը, ըստ որի, Սահմանադրության փոփոխությունները հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանը Փաշինյանի դիսպետչերն է, իսկ նրա կուսակից Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ լեգեոներ, որի կապը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: «Հրաժեշտ նախագահին» խորագրով ֆեյսբուքյան գրառման մեջ Զոհրաբյանը նշել է, որ նախագահը մի քանի ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի եւ հիստերիկ տեսակից, բայց ընտրեց անբարո ճանապարհներից ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ուղին:

Ազգային ժողովի նիստում, ելույթներից մեկի ընթացքում վատացել է «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը: Նիստն ընդմիջվել է 20 րոպեով։ Բուժօգնություն ստանալուց հետո   Աբրահամյանը հեռացել է նիստերի դահլիճից:

Իսկ խորհրդարանը քննարկում էր անշարժ գույքի հարկը 3-4 անգամ բարձրացնող օրինագիծը,  նաեւ հարկ սահմանում 3 միլիոն դրամից թանկ գույքի նկատմամբ

«Լուսավոր Հայաստանի» երկրորդ դեմքը՝ Մանե Թանդիլյանն, այդ նախագիծը խայտառակություն է որակել: Ըստ Մանե Թանդիլյանի՝ հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, որը չի էլ հասցրել կարծիք հայտնել, իսկ քաղաքապետարանը 65 տոկոս կատարողական ունի՝ հավաքելով քաղաքացիների հարկերը, բայց նույնիսկ հավաքածը չեն կարողանում ծախսել:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը սկանդալային պատմության մեջ է հայտնվել։  Հատուկ քննչական ծառայությունը, քննչական կոմիտեն եւ ՊԵԿ-ի քննչական վարչությունը Ռուբեն Վարդազարյանի խոսքերը որակում են վիրավորանք իրենց աշխատակիցների հասցեին, եւ հրապարակային ներողություն են պահանջում։ «Շանթի» եթերում Վարդազարյանն ասել էր, թե ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, ոչ պատշաճ դատախազական հսկողություն, եւ որ վերջիններս անորակ քննած գործը ուղղակի շպրտում են դատարան

Ռուբեն Վարդազարյանը նույն օրն արձագանքել է՝ նշելով, թե իր գնահատականներն առկա իրավիճակին են վերաբերում։ ԲԴԽ նախագահը գրել է, որ իր դիտարկումները նվիրյալ,  փայլուն գիտելիքներով, սկզբունքային ու բարոյական, արհեստավարժ քննիչների եւ դատախազների մասին չեն։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  Երեւանի ավագանու նիստում պատմել է, որ երեկ առավոտյան 6-րդի ոստիկաններն այցելել են իրենց  խմբակցության վարորդի տուն եւ իրենց հետ արել Ոստիկանություն՝ բացատրություն տալու, թե ինչու է, դատելով սելֆիներից, Խաժակյանը վարում մեքենան։ Բաժին են կանչել նաեւ կնոջը: Խաժակյանին եւս կանչել են հարցաքննության մեկ այլ գործով։

Շատ լավ կլիներ, որ պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք, դուք միշտ բոլորի հետեւից եք խոսում. տղա եղեք, քիչ անց հայտարարել է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով «Իմ քայլից» Գրիգորի Երիցյանին: Երիցյանն ասել էր, որ քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, իսկ այդ գործիչը իրենից ոչինչ չի ներկայացնում:

Լեզվակռիվ է ծավալվել նաեւ «Լույսի» երրորդ անդամ Թեհմինա Վարդանյանի ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ։ Մարությանը պահանջել է դիմակով ելույթ ունենալ, Վարդանյանն էլ պնդել է, որ ինքը հեռու է կանգնած, բացի այդ դիմակով խոսելիս խեղդվում է։

Երեւանյան փողոցում էլ բանավեճը պարետի որոշմամբ  սրճարաններից մեկի աշխատանքը 24 ժամով կասեցնելու առիթով էր․ սրճարանում գրանցամատյանը պատշաճ չէին լրացրել։ Վեճը սկսվել է, երբ ՍԱՏՄ-ի աշխատակիցն էր եկել սրճարանի մուտքին կասեցման փաստաթուղթը փակցնելու։

Անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 18 մարդ։  Առավոտվա դրությամբ, Հայաստանում գրանցվել է վարակվելու 711 նոր դեպք, ընդհանուր  թիվը հասել է  21717-ի, մահերի թիվը՝ 386-ի։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ մարդն ունեցել է COVID-19, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Դրանք կվերցնի Առողջապահության նախարարությունը պետպատվերով հետազոտությունների համար։ Ֆեյսբուքում նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար։

«Էրեբունի» բուժկենտրոնը պարզաբանել է, թե ինչպես է պատահել, որ ողջ մարդու հիվանդության պատմության մեջ «մահ» բառն է գրվել: Հիվանդներից մեկին բուժծառայությունից հետո տուն են ուղարկել, ինչից հետո է եկել կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, այսինքն հիվանդանոց մուտք գործելիս կինն արդեն ունեցել է COVID-19:  Իսկ «մահ» բառը վրիպակի հետեւանք է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ, ի դեպ, նշվել է,  թե առողջական ինչ վիճակով է հիվանդը դուրս գրվել»:

Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բացահայտումներ է արել, որոնք անվանել է ինքնամաքրման գործընթաց: Հողամասերի օտարման գործում ենթադրյալ ապօրինությունների համար որպես մեղադրյալ կամ կասկածյալ են ներգրավվել Արարատի մարզպետարանի, Մխչյան, Շահումյան համայնքների, ԱԱԾ պաշտոնյաներ:

Ռուսաստանում վերջապես նշվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը։ Հայկական Բանակի 75 զինծառայողից կազմված շարասյունը երթով անցել է Մոսկվայում Կարմիր հրապարակում ընթացող զորահանդեսում: Զինծառայողները տանում էին Հայաստանի  եւ  89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի դրոշները:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.65 դամով եւ հասել 480.08 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.60 դրամով ու կազմել  542.73 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.13 դրամով ու հասել 600.68 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել  6.95 դրամ։

Հունիսի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս անձրեւներ չեն լինի։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ 33-ից 35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ