News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարում՝ ձգտելով «հետ շրջել» Պեկինի քաղաքականությունը: Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երբ խոսքը վերաբերում է Չինաստանի անարդար առեւտրային պրակտիկային, մենք պահանջում ենք փոխել իրավիճակը եւ տուրքեր ենք սահմանում,- հայտարարել է նա: - Երբ Չինաստանը ռազմական ոլորտում գործողություններ է կատարում, որոնք սպառնում են ԱՄՆ-ին, մենք մի քանի հարյուր միլիարդ դոլար ենք հատկացնում ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, որպեսզի ապահովի Ամերիկայի անվտանգությունը»: Պոմպեոյի խոսքով՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը «ձգտում է ամբողջ աշխարհում այնպես մրցակցել, որը չի համադրվում նրան, ինչը ամերիկացիները եւ բոլոր ժողովրդավարական երկրները ճիշտ են համարում»: «Նախագահ Թրամփի քաղաքականությունը ուղղված է այսպիսի միտումները հետ շրջելուն»,- շեշտել է նա:

Ի պատասխան հարցին՝ Թրամփի վարչակազմը ի՞նչ միջոցառումներ է նախաձեռնում ԱՄՆ-ում այնպիաի ապրանքներ թույլ չտալու համար, որոնք Չինաստանում պատրաստվել են իբր «հարկադիր աշխատանքով», Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «չինացիների գոծողություններին վճռականորեն արձագանքում է միանգամից մի քանի ուղղություններով, եւ դրանցից մեկը հարկադիր աշխատանքի հարցն է»: «Մենք բիզնեսի ներկայացուցիչներին կոչ ենք արել ստուգել իրենց մատակարարներին եւ համոզվել, որ մեզ մոտ չի թափանցում ոչ մի նման բան»,- հայտարարել է նա եւ հավելել նաեւ, որ նման մոտեցմանն «աջակցում են մյուս երկրները եւս, այդ թվում՝ մուսուլմանական»:

Անդրադառնալով Չինաստանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի ընդունման հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «կատարել է լավ, կարեւոր աշխատանք Հոնկոնգի բնակիչների ազատությունը պաշտպանելու համար»: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «կշարունակի Պեկինի վրա ճնշում գործադրել եւ հնարավոր ամեն ինչ անել, որ պահպանի Հոնկոնգի բնակիչների ազատությունը»:

Հունիսի 30-ին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն հավանություն էր տվել Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենքին, որը նույն օրը ուժի մեջ է մտել: Մշտական կոմիտեն նաեւ որոշում է ընդունել օրենքը ներառել Հիմնական օրենքի՝ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի մասին III հավելվածի մեջ: Այն ուղղված է այնպիսի հանցագործությունների նախականխմանը, ինչպես՝ անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության տապալումը եւ օտարերկրյա ուժերի հետ դավադրության մեջ մտնելը, ինչպես նաեւ որպես պատժի բարձրագույն ձեւ նախատեսում է ցմահ ազատազրկումը: Դրա համաձայն Չինաստանի կենտրոնական իշխանությունները քաղաքում կստեղծեն պետանվտանգության հատուկ մարմիններ, որոնց վրա չի տարածվելու Հոնկոնգի վարչակազմի իրավազորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ