News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզում կեղծ օղուց թունավորումից 10 մարդ է մահացել։ Երեկ երեկոյից մինչեւ այսօր առավոտ Արմավիրի եւ այլ բուժհիմնարկներ շտապօգնության մեքենաներով մարդկանց են տեղափոխել՝  «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ։ Արմավիրի հիվանդանոց տեղափոխված 53-ից 61 տարեկան 4 տղամարդկանցից 2-ը մահացել են, 2-ն էլ վերակենդանացման բաժանմունքում են։ Գիշերը 1-ին նույն ախտորոշմամբ մի տղամարդ Արմավիրից բերվել է Էրեբունի բուժկենտրոն, գիշերը 2-ին էլ Արմավիրի հիվանդանոց է հայտնվել եւս 2 թունավորված։ Գիշերը 3-ին մոտ «Արմենիա» բուժկենտրոնից են ոստիկանություն հայտնել, որ ընդունել են 2 թունավորվածի եւ 1 քաղաքացու դի։ Լուսադեմին «Արմենիա» տեղափոխվածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առնչությամբ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, մանրամասնելով, թե «ալկոհոլային ինտոքսիկացիայով» քանի մարդ է որ բուժկենտրոն է տեղափոխվել, քանիսն են մահացել եւ որքան մարդ է այժմ բուժում ստանում։  Ըստ գերատեսչության՝ կա 11 մահվան դեպք, ավելի ուշ, այս տվյալը հերքվել է, մահերից մեկը եղել է այլ պատճառով:

Քննչական կոմիտեի տվյալով՝ 7 մարդ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում: Զանգվածային թունավորման դեպքով քրեական գործ է հարուցել։  Ձերբակալվել է 50 տարեկան Աշոտ Հովսեփյանը՝  անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Միջոցներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների ձեռք բերած ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Շարունակվում են գործողությունները այդ օղուց գնած անձանց հայտնաբերելու և վտանգավոր արտադրանքը շրջանառությունից ամբողջովին դուրս բերելու ուղղությամբ։

Այսօր կեսօրին  Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում բռնկված հրդեհից 2 մարդ է մահացել, 4 մարդ վնասվածք է ստացել։ Դեպքի վայր են մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Ավելի ուշ պարզվել է, որ պայթել է 30 տոննա տարողությամբ գինու ռեզերվուար։

Գործարանի սեփականատիրոջ տվյալով, պայթյունը եղել է զոդումից։ Մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն էր, մյուսը՝ զոդման աշխատանք իրականացվնող ձեռնարկության տնօրենը։  Այրվածքներ ստացածները 23, 32, 33 եւ 46 տարեկան տղամարդիկ են։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Այսօր սեպտեմբերի 1-ն է, գիտելիքի օրը, բայց դպրոցների դռները վերջին տասնամյակներին առաջին անգամ  փակ են աշակերտների առաջ։ Կրթության նախարարության որոշմամբ դպրոցները կսկսեն գործել սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիները՝ սեպտեմբերի 14-ից։ Գիտելիքի օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել հանրապետության նախագահը, ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետը։

Ներկայացնելով Հայաստանում աշխարհազոր ստեղծելու նպատակներն ու անհրաժեշտությունը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կտրականապես հերքել է կարծիքը, թե աշխարհազորը փողոցում զինված խմբերի  հայտնվել է ենթադրում: Աշխարհազորը ենթադրում է քաղաքացիական բնակչության ներգրավում եւ նախապատրաստում ռազմական գործողությունների դեպքում: Զենք աշխարհազորայինները կստանան միայն մարտական գործողությունների ուղարկվելու դեպքում: Գաբրիել Բալայանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ պատերազմի ընթացքում անկանոն կամավորական խմբերն ավելի շատ խանգարում են, քան օգնում կանոնավոր բանակին: Աշխարհազարականների հետ պայմանագրեր են կնքվելու, իսկ ռազմական գործողությունների դեպքում նրանք նպաստ են ստանալու: Կանայք եւս կարող են մասնակցել աշխարհազորին: Գաղափարի հեղինակների հաշվարկով, աշխարհազորայինների շարքերը կարող է համալրել մինչեւ 100 հազար մարդ:

Երեւանը եւ Բաքուն շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը կարգավորվի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդիպմանը։ Լավրովը հայտնել է, որ նախօրեին խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եւ տպավորություն ստացել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են դրության հանդարտեցմամբ եւ հանդիպումների վերսկսմամբ:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 97 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը 43878 է:  Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 881 է: COVID-19-ով վարակված, բայց այլ հիվանդությունից մահացածների թիվը 268 է։

Երեւանում երեկ երեկոյան կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր՝ Այգեստան 3-րդ փողոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ: Հավաքվածներն ասել են, որ 1 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք:

Խաշթառակ գյուղում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը մկնդեղ է օգտագործել եւ հիվանդանոցում է,  կյանքին վտանգ է սպառնում։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը մտավոր հետամնացության խնդիրներ ունի։ Հիշեցնենք, որ ծեծի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղան մահացել է, իսկ 4-ամյա երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նրանց քույրուղեբայրներն էլ հոսպիտալացվել էին մկնդեղից թունավորվելով։

Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը հայտարարել է, թե ոստիկանության հաղորդագրությունը, թե Մալաքյանները խուլիգանություն են արել ու ծեծել ոստիկանների, միակողմանի տեղեկություն է եւ խախտում է իր պաշտպանյալների անմեղության կանխավարկածը։ Ըստ նրա՝ այդ  այն խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված, թերի, եւ շուտով ականատես կլինեք հերքումների:

Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործը քննելու է քննչական կոմիտեն։ Հիշեցնենք, որ դեռ  2019-ին մեծ աղմուկ էր հանել տեղեկությունը, թե պետական բյուջեից 2 միլիոն դոլար է հատկացվել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող առանձնատունը հիմնանորոգելու և կահավորելու համար, ընդ որում՝ գաղտնի որոշմամբ։ Պետական վերահսկողության ծառայությունը հաստատել է չարաշահումների փաստը։ «Փաստինֆոյի»  տեղեկություններով՝ խոսքը  շուրջ 250 մլն դրամի մասին է։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել եւ տեղեկացրել, որ Սեւանա լիճ է բաց թողնվել շուրջ 220.000 մանրաձուկ՝ Գեղարքունյաց Իշխան եւ Ամառային Բախտակ:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որի կազմում անցած մրցաշրջանն անցկացրել էր վարձակալությամբ։ Նրա տրանսֆերն այլեւս չի պատկանում Լոնդոնի «Արսենալին»։ «Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը եւ երկրպագուներին»,- Ֆեյսբուքում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով ու կազմել 486.86 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.46 դրամով ու հասել 583.01 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.88 դրամով ու հասել 654.49  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 6.60 դրամ:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, սեպտեմբերի 3-ին կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 20-22, վաղը ցերեկը՝ 35-37 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ