News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է», գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ հավելել. «Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ։ Ակտիվ հանդիպումներ են ունենում աշխարհազորի հետ, Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ»: Պաշտպանության Բանակը ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում է վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները, հաջողությամբ կասեցնում  հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Պաշտպանության Բանակը լիարժեք վերահսկում  է օպերատիվ իրադրությունը։

Մեր հակաօդայինները արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, դրանցից մեկը հայկական ստորաբաժանումները խոցել են։ Վերջին տվյալներով` խոցվել է ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա, թշնամին տվել է 200 սպանված: Իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող հայկական ստորաբաժանումներին հրետանային հարվածներ հասցնելու ադրբեջանական պնդումները կեղծիք են եւ հետապնդում են Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժն ընդհանուր առմամբ խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդը տվել է ավելի քան 4919 սպանված։

Մենք ներքաղաքական օրակարգը սառեցրել ենք, նաեւ 13 քաղաքական ուժերով հայտարարություն ենք արել. սա պատմական ու կարեւոր ժամանակաշրջան է մեր երկրի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական մեկ տասնյակ ուժերի միջեւ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», ասել է Շարմազանովը եւ հավելել, թե Արցախի անկախության հարցի քննարկումը չի կարող գաղտնազերծել։ Ըստ նրա՝  դա պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, կլինի շարունակական այլ միջազգային ակտորների կողմից։

Քննարկել ենք ստեղծված վիճակը, դրա վերաբերյալ լսեցինք տեղեկություններ, մենք եւ մյուս կուսակցությունները ներկայացրել ենք մեր տեսակետները, նույն հանդիպման վերաբերյալ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետ  Փաշինյանը հանդիպել  է Հայաստանում հավատարմագրված օրտարերկրյա դեսպանների հետ։ Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի խոսքով՝ վարչապետը դեսպաններին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոսի» կոչում է շնորհել Արմեն Կնյազյանին, որը Իսպանիայում հաջողակ գործարար էր, սակայն շտապել է հասնել Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը եւ զոհվել։ Ընկերոջ զոհվելու առիթով «Կանգ առեք» կոչով Ինստագրամում գրառում է արել ռուսաստանյան հեռուստաաստղ Լերա Կուդրյավցեվան. «Զոհվել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հուշերում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- գրել է նա։

Հայաստանը չի կասկածել եւ առավել եւս հիմա չի կասկածում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմն է, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ագրեսիայի հստակ արտահայտություն է, դա բավականին լուրջ ազդեցություն կունենա աշխատանքի վրա։ Բայց այն կշարունակվի։ Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Եթե Բաքուն ուժն է ընտրել որպես պայմանների եւ մաքսիմալիստական դիրքերի հասնելու մեթոդ, ապա խաղաղ կարգավորում չի լինի եւ չի լինի խաղաղություն տարածաշրջանում», ասել է նա։

Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը եւ ՄԻՊ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։ «Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ»,- հայտնում է նախարարությունը։

Աննախադեպ հզոր ցույց է անցկացրել Լոս Անջելեսի հայ համայնքը Թուրքիայի հյուպատոսության առջև: Հայերը նախ խաղաղության երթով անցել են ամերիկյան մեգապոլիսի փողոցներով, ծածանելով  Հայաստանի և Արցախի դրոշները, մեղադրել Թուրքիային  ռազմական հանցագործությունների համար: Որոշ տվյալներով ցույցին մասնակցել է 150 հազարից ավելի մարդ։

Մարդաշատ բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ Բոստոնի հայերը։ Նրանք  կոչ են արել համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակել առաջնագծից, որում երեւում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական ԱԹՍ-ների խոցումները։

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Այս մասին գրառում է արել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Դիլանյանը 46 տարեկան է, Սահմանադրական դատարանում 1996 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել:

Աթենքում ծեծել են  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նա հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առիթով հանդիպման էր եկել տեղի վրացիների մոտ: Մի երիտասարդ ցատկել է նախկին նախագահի վրա եւ մի քանի անգամ հարվածել նրա գլխին, ինչից հետո հավաքվածներն են սկսել ծեծել տղամարդուն: Դեպքի վայր ժամանած հունական ոստիկանությունը ցրել է հավաքվածներին:

Հայաստանում մահացել է 1332 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում գրանցվել է  նոր կորոնավիրուսով վարակվելու 370 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56821-ի: Մեկ օրում մահացել է 9 վարակված, որոնցից 3-ը՝ այլ հիվանդությունից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.30 դրամով ու կազմել  489.6 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.10 դրամով ու կազմել 577.93 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.87 դրամով  ու հասել 637.77  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 6.35 դրամ:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա:  Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը` +22 +24:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ