News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Առաջնագծում վաղը եկավ այսօր։ Առավոտից ՊՆ–ն տեղեկացրել էր, որ հարավային ուղղությամբ հակառակորդի հետ առավել ծանր մարտերն ընթանում են Խուդաֆերինի ջրամբարին մոտ տարածքներում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների մոտ։ Սա հասարակության շրջանում մտահոգություն էր առաջացրել մեր զինված ուժերի նահանջի վերաբերյալ, ինչի առնչությամբ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր՝ «Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Բայց վաղը, երբ համառ դիմադրելուց հետո նորից անցնենք հարձակման, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար»։

Վաղվան սպասելու կարիք չեղավ։ Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ հակառակորդը  Խուդաֆերինի ջրամբարի տարածքից մեծ կորուստներ կրելով նահանջում է։

Ամենայն հավանականությամբ, հենց այս հատվածում հաջողված գործողությունների համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց Ազգային հերոսի կոչման արժանացնել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին։ «Հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում նրանք փառքով պսակեցին իրենց անունը եւ շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- գրել է Փաշինյանը:

Այսօր նաև Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Իրանի Խոդաֆերին նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել: Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն, թե հակամարտության կողմերից որին է այն պատկանում: Նշվում է, որ  զինված գործողությունների ընթացքում ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք:

Հայկական կողմն առաջին անգամ ապացույց է ձեռք բերել, որ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում թուրքական Բայրաքթար անօդաչուներ է կիրառում։ Նախօրեին ծավալված մարտերի արդյունքում մեր հակաօդայինները թշնամական 5 անօդաչու թռչող սարք են խոցել: Դրանցից մեկը թուրքական հայտնի Բայրաքթար է եղել։ Հիշեցնենք, որ սարքի կարեւոր բաղադրամասը Թուրքիան ստանում էր Կանադայից, որն այս պատերազմի սկզբից դադարեցրել էր դրա մատակարարումը։

Արցախի ՊԲ-ն այսօր հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 43 զինծառայողի անուն։

Վարչապետը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, քննարկել հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու քայլերը։ Ավելի ուշ կառավարության շենք են գնացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները։

Ինչ է քննարկվել նախօրեին վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպմանը, դեռ հայտնի չէ։ Ոչ պաշտոնական տեղեկություններ են շրջանառվում մամուլում, որ Արցախի ճակատագրի հետ կապված շատ կարեւոր խոսակցություն է ընթացել։ Հրապարակ օրաթերթի աղբյուրն էլ հայտնել է՝ «քննարկման է դրված եղել մի պաշտոնական նամակ, որն առայժմ չեն կարող հրապարակել»:

Վարչապետի հետ հանդիպումից հետո գիշերը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ևս մեկ անգամ հարկ էր համարել հստակեցնել Դաշնակցության դիրքորոշումը։ «Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ,  այդ թվում փուլային լուծման տարբերակը»,- հայտարարել է նա։

Ավելի ուշ Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է վերստին հաստատել հանդիպմանը մասնակցած՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հանրապետաակնի դիրքորոշումը Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմի. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ասել է Շարմազանովը։

Արդեն այսօր երեկոյան արտախորհրարանական ուժերը ևս մեկ հանդիպում են ունեցել առանց վարչապետի, այս անգամ՝ Դաշնակցության գրասենյակում։ Հանդիպումից հետո լրագրողները Իշխան Սաղաթելյանից հետաքրքրքվել են՝ պաշտոնական նամակի մասին, որը ըստ մամուլում շրջանառվող լուրերի, քաղաքական ուժերին ներկայացրել էին վարչապետի հետ հանդիպմանը։ Իշխան Սաղաթելյանը այս տեղեկությունը չի հերքել և չի հաստատել, հորդորել է այդ հարցով դիմել վարչապետին։

Հանդիպմանը մասնակցող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարվել է խոսել լրագրողների հետ՝ խոստանալով խոսել, երբ ամեն բան ավարտված կլինի։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է։ Փաշինյանի ու Ալիեւի Մոսկվա հավանական այցի վերաբերյալ Պեսկովը նշել է, թե ավելին չի կարող ասել։

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ձեռնարկվող քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու եւ բանակցությունները շուտափույթ վերսկսելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով: Ընդգծվել է հակամարտող կողմերի հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ձեռք բերած հրադադարի պայմանավորվածությունների պահպանման կարեւորությունը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամության մասին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև ռազմական գործողությունների հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք, որոնց մեծ մասի ամուսիններն այս օրերին առաջնագծում են։ Նրանք միջազգային կառույցից պահանջում են աչք չփակել Ադրբեջանի քայլերի վրա ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Եթե Հայաստանում գտնվող միջազգային կառույցների կոչերը սահմանափակվում են միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, գնացեք այլ երկրում մտահոգվեք, ասել են ցուցարարները եւ ավելացրել. «Մինչ դուք կմտահոգվեք, Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում»: Ցուցարարներից երեքին ներս են հրավիրել  Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպելու համար:

Հանդիպումից վերադարձած կանայք պատմել են, որ Անդրեա Վիկտորինը հայտնել է, թե բոլոր ռազմական հանցագործությունները, դրանք ապացուցող փաստերը ֆիքսվում են, գործընթացը բավականին երկարատեւ է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային քրեական դատարանում դրանց համար պատասխանատվություն կրեն:

Հոլիվուդի գերաստղ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին հույս է հայտնել, որ Արցախում հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի։  «Ափսոս, չենք կարող միասին լինել այս երեկո։ Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք եւ աղոթում ենք, որ հնարավորինս արագ եւ շուտ հաստատվի խաղաղություն»,- «Ավրորայի» հնգամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասել է դերասանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 1234 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66694-ի: COVID-19-ից մահացել է 10 քաղաքացի, եւս 2 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1419 է։

Վրաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 15 մարդ, ինչը համավարակի ամբողջ ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:  Հարեւան երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասնում է 158-ի:

Վարակվածների ընդհանուր թիվը 19 857 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.93 դրամով ու հասել 493.33 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.52 դրամով ու հասել 582.43 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.77 դրամով  ու կազմել 639.50  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 6.33 դրամ:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանն կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, ամսի 23-25-ը՝ նույնքան կբարձրանա։ Երեւանում եւս սպասվում է թույլ անձրեւ։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 12-14, վաղը ցերեկը 22-24 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ