Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել «Սամասթ» անունը որպես ապրանքանիշ կիրառելու թույլտվություն։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Սամասթի բարեկամներից Օրհան Սամասթը ստացել է «Սամասթ» անունը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունք։ Արդեն հաստատված դիմումի մեջ նշվել է, որ այդ «ապրանքանիշն» օգտագործվելու է կրթական ծրագրերում, կոնֆերանսներում, սեմինարներում, սպորտային, ժամանցային եւ մշակույթիային միջոցառումներում, կինոյում, լրատվական ծրագրերում, հեռուստատեսային եւ ռադիո ծրագրերում եւ լուսանկարչության մեջ։
Նշենք, որ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից հետո ձերբակալված Օգյուն Սամասթին հերոսացնելու գործը սկսվել էր հենց ոստիկանական բաժանմունքում, որտեղ ոստիկաններն իրար հերթ չտալով նկարվել էին նրա հետ՝ Թուրքիայի դրոշը ձեռքին։
Մարդասպանին հերոսացնելու քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր։ 2011-ի ապրիլի 24-ին, երբ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքվածները սգում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նրանց դիմաց հավաքված խմբի անդամները բղավում էին, որ Թուրքիային նոր օգյունսամասթներ են պետք։