News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վերջապես հայտնեց իր դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ։ Նախագահը որոշեց չստորագրել շտաբի պետի ազատման հրամանագիրը։ Նա կդիմի  սահմանադրական դատարան, սակայն ոչ թե հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, այլ որպեսզի բարձրագույն դատական մարմինը որոշի՝ որքանով են սահմանադրությանը համապատասխանում  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Նշենք, որ այս օրենքի հիման վրա է վարչապետը կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշումը։

Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը, որի որոշումից էր կախված Օնիկ Գասպարյանի՝ շտաբի պետի պաշտոնում մնալ–չմնալու հարցը, հրամանագիրը ՍԴ չուղարկելով առանց ստորագրության համաձայնություն տվեց Գասպարյանի պաշտոնանկությանը, քանի որ ըստ օրենքի երբ նախագահը եռօրյա ժամկետում չի ստորագրում վարչապետի միջնորդությունը, բայց նաև չի ուղարկում այն ՍԴ, հրամանը  ավտոմատ մտնում է ուժի մեջ։

Թեեւ վարչապետի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու սահմանված եռօրյա ժամկետը լրանում է մարտի 3-ին, սակայն իրավաբանները նշում են, որ նախագահը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և հազիվ թե այդ ընթացքում ՍԴ ուղարկի Փաշինյանի առաջարկը։

Ընդդիմությունը, սակայն, կարծես թե դեռ հույս ունի ազդել նախագահի դիրքորոշման վրա։ «Հայրենիքի փրկության շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ եւ հանդիպում պահանջել նախագահի հետ։ 

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը  ավելի վաղ գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով Սարգսյանն ու Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։

«Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով»,- գրել էր նա դեռ մինչև նախագահի հայտարարություն տարածելը։

Ղազինյանը բացատրել էր, որ 2018թ․ Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար Ազգային Ժողովը օրենքում  փոփոխություն կատարեց, որով առանց նույն օրենքով սահմանված հիմքերի առկայության վարչապետին թույլ տրվեց պաշտոնից ազատել բարձրագույն հրամանատարական կազմի անդամներին։

Երկրորդ նախագահի եւ մյուսների գործով դատական նիստում նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել նիստը, քանի որ իր պաշտպանյալի առողջությունը վատթարացել է, հնարավոր է, վարակվել է  կորոնավիրուսով։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը կասկածել է Գեւորգյանի հիվանդանալու հավաստիությանը, փաստաբանն էլ անընդունելի է համարել նրա վերաբերմունքը։ Դատավորը հիշեցրել է, որ հաջորդ նիստում կքննարկվեն անձամբ Էրիկ Ալեքսանյանի դեմ հնարավոր պատժամիջոցները: Փաստաբանխոստացել է սպառիչ բացատրություններ տալ: Նիստը հետաձգվել է։

Դատարանի բակում դարձյալ հավաքվել էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ծիծաղելի է համարել նախօրեին հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1»-ի գործի ֆոնը բացահայտված է: Փաշինյանը միշտ ինչ-որ նոր բառեր է հորինում, փաստացի քողարկելու այն, որ տարիներ շարունակ իրենք ստել են՝ ասել է Լևոն Քոչարյանը։

Լեւոն Քոչարյանն ասել է, որ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին այս պահին Ռոբերտ Քոչարյանի հարթակ բարձրանալու խնդիր չկա։

Երկրորդ նախագահի աջակիցները երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ ընդդիմությունը շուրջօրյա ակցիա է իրականացնում: Ճանապարհին կարճ ժամանակով փակել են Արշակունյաց պողոտան։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեղեկություններով՝ «Իմ քայլի» որոշ անդամներ սահմանադրական փոփոխությամբ ցանկանում են Գլխավոր շտաբը մտցնել Պաշտպանության նախարարության մեջ։ Նա լրագրողներին ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման է հրավիրել՝ քննարկելու բոլոր առաջարկները, ենթադրվում է, որ հանդիպումը կլինի վաղը։ Մարուքյանը պահանջելու է ապացուցել, որ Բանակի գլխավոր շտաբն իր հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների դրդմամբ։

ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և ձայնագրել Գլխավոր շտաբի պետի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը, Ֆեյսբուքում գրել է Սուրբ Աթոռում  Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Հուսով եմ՝ «կոմպրոմատն» այս անգամ Հրայրի գրիչից մի քիչ ավելի հետաքրքիր դուրս կգա։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո Սերժ Սարգսյանին զանգել և նրա հետ խորհրդակցել են բոլորը՝ զինվորականներից մինչև դեսպաններ, կամավորներից մինչև դիտորդներ։ Ընդ որում, խորհրդակցել են նախկին բոլոր երեք նախագահների հետ, որովհետև ուրիշ տեղ չունեին զանգելու: Նիկոլն այդ ընթացքում միշտ հարբած էր: Վստահ եմ՝ Օնիկ Գասպարյանը գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը իրեն գաղտնալսում է և վստահ եմ՝ հատուկ է զանգել բաց կապով», գրել է Մինասյանը, համոզմունք հայտնելով, որ երեկվա հանրահավաքը Փաշինյանի տոտալ ֆիասկոն էր։

Հայաստանում երեք մարդու ախտորոշել է թե՛ H3 ենթատեսակի գրիպ, թե՛ կորոնավիրուս:

Բոլոր երեքն այս պահին բուժվում են: Մասնագետները հորդորում են պատվաստվել գրիպի դեմ, քանի որ երկու վիրուսով վարակվելու դեպքում, հիվանդությունների կլինիկական ընթացքը կարող է ավելի ծանր լինել:

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, մահացել է 6 մարդ, նրանցից մեկը մահացել է այլ հիվանդությունից։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4018-ի: Արցախում գրանցվել է վարակման 5 դեպք. Ընդհանուր թիվը 2390 է։

Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով կյանքից հեռացել է մի շարք երգերի, այդ թվում վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սեւակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը: Սոսին ընդամենը 35 տարեկան էր...

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.01 դրամով ու կազմել  527.36 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.90 դրամով ու կազմել 633.20 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.74 դրամով ու կազմել 731.18 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 7.07 դրամ:

Մարտի 3-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երեւանում եւս  տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-ից -3, վաղը ցերեկը +9-ից +11։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ