News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի սեյսմոլոգիական ծառայության կողմից չորեքշաբթի մայրցամաքի հարավ-արեւելյան ափին գրանցված երկրաշարժը 46 շենքերի մասնակի ավերման եւ էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել Մելբուռնի ավելի քան 35 հազար բնակիչների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վիկտորիա նահանգի փոխվարչապետ Ջեյմս Մերլինոյի խոսքով՝ տարածաշրջանն անցել է արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռեժիմի, քանի որ Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը նախազգուշացրել է հետցնցումների հավանականության մասին, որոնց պետք է սպասել «հաջորդ շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում»: «Սեյսմոլոգները հաստատել են, որ կա նոր ցնցումների հավանականություն եւ նոր երկրաշարժերի վտանգ»,- ասել է Մերլինոն առցանց ճեպազրույցի ժամանակ: Նահանգի ​​փրկարար ծառայությունը նախազգուշացում է տարածել Վիկտորիայի բոլոր թաղամասերի համար:

Նահանգի կառավարությունում հայտնել են նաեւ, որ կան տվյալներ 46 մասամբ ավերված շենքերի մասին, որոնցից մի քանիսը գտնվում են Մենսֆիլդ գյուղում, որի մոտակայքում սեյսմոլոգներն արձանագրել են բնական աղետի առաջին հարվածը: Բացի այդ, հաղորդումներ են եղել Մելբուռնում եւ արվարձաններում փլուզումների մասին: Երկրաշարժի արդյունքում էլեկտրահաղորդման գծերի խզման հետեւանքով քաղաքի մի քանի հյուսիսային թաղամաս հոսանքազրկվել է: Մեգալոպոլիսի մոտ 35 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, սակայն, ինչպես հայտնել են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները, մինչեւ երեկո էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի:

Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոններ են ստեղծվել Մելբուրնից հյուսիս գտնվող Մենսֆիլդ եւ Բենալա քաղաքներում, ինչպես նաեւ՝ Դանդենոնգ մետրոպոլիայի հարավարեւելյան արվարձանում: Մելբուռնում բարձրահարկ շենքերի մի մասի բնակիչները տարհանվել են:

5.8 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 09:15-ին (Մոսկվայի ժամանակով 02:15-ին) Մենսֆիլդ գյուղի տարածքում (բնակչությունը՝ 4.7 հազար մարդ), որը գտնվում է Մելբուռնից 200 կմ դեպի հյուսիս -արեւելք: Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է լեռներում, օջախը 10 կմ խորության վրա էր: Երկրորդ շարքը գրանցվել է 15 րոպե անց՝ 150 կմ դեպի հարավ, Թոմփսոն-դամ ամբարտակում՝ Մելբուռնից 180 կմ արեւելք, իսկ երրորդը՝ Թրեդբո գյուղի մոտ, որը գտնվում է Կանբերրայից 22 կմ հարավ:

Երկրաշարժը զգացվել է Վիկտորիայի եւ Նոր Հարավային Ուելսի մի քանի շրջաններում, Կանբերրայում, Ադելաիդայում եւ Սիդնեյի արեւմտյան արվարձաններում, ինչպես նաեւ Թասմանիայի Լաունսեստոն քաղաքի մերձակայքում, սակայն ամենաուժեղ ցնցումները եղել են Մելբուրնում եւ Մենսֆիլդում: Աղետի զոհերի մասին տվյալներ չկան, Վիկտորիա նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունները հաստատել են, որ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ