News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարք է սկսում Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 1-ին՝ սեպտեմբերի 27

Սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների սկսման մասին առաջին հաղորդագրությունը առավոտյան ժամը 8-ին տարածեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Րոպեներ անց Ֆեյսբուքի իր էջում դիմելով «հպարտ քաղաքացիներին»՝ Արցախի ուղղությամբ հարձակման մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ Պաշտպանության բանակը հաջողությամբ էր դիմակայում  հարձակմանը։ Հաղորդագրության վերջում զետեղվել էր «մենք կհաղթենք» առաջին ձեւակերպում-խոստումը։

8-ն անց կես, Ֆեյսբուքում գրառում թողեց, ինչպես հետո պարզվեց արտասահմանում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա նշել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարի ձեւակերպմամբ՝ Ադրբեջանը սանձազերծել է «հերթական սադրանքը», թեեւ արդեն հայտնի էր, խոսքը ոչ թե սադրանքի, այլ լայնածավալ, ճակատի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունների մասին է։

Առաջին անգամ պաշտպանության նախարարի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը վերջին ամիսներին, նաեւ հուլիսյան մարտերը լուսաբանելիս, ներկայանում էր «ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ» հորջորջումով, ասպարեզ իջավ 9-ն անց 30-ին, կոչ անելով Արցախից տեսանյութեր չտարածել հակառակորդի կրակը չուղղորդելու համար։

10-ն անց կես հաղթանակի խոստում հնչեցնելով տեսաուղերձ տարածեց Արցախի նախագահը. «Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու:Պատերազմ են հայտարարել, պատերազմ կստանան»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Նկատենք, որ Ադրբեջանը պատերազմ չէր հայտարարել, այլ սկսել էր, եւ անմիջապես հայտարարել, թե իբր հակահարձակման է անցնում։

Հռոմի Պապի հետ հանդիպումն ընդհատելով անհապաղ հայրենիք վերադառնալու մասին հայտարարեց  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Միասնությանը զուգահեռ վեհափառը նաեւ կոչ էր արել քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»։

Ժամը 11-ին պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մոտ 10 հազար քաղաքացիներ դիմել են զինվորական կոմիսարիատներ՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով, նշելով, որ դրա կարիքը չկա։

Րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը երկրորդ գրառումը թողեց. «Ոչի՛նչ, ոչի՛նչ, որեւէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի Ազատությունն ու Իրավունքը պաշտպանելու ճանապարհին», գրել էր նա: Թե ինչպես է Փաշինյանը պաշտպանում Արցախի ժողովրդի իրավունքը, նաեւ վերջին ամիսներին,  հարցականները բազմաթիվ են։

Պատերազմի առաջին օրվա կեսօրին մոտ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ արեց «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը պատերազմական իրավիճակում գործել պաշտոնական տեղեկատվական դաշտում և զերծ մնալ ադրբեջանական քարոզչական թեզերի տարածումից: «Ազատությունը» հաղորդել էր, թե «Հայաստանն է պնդում, թե Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա», կասկածի տակ դնլով կատարված փաստը։ Ի դեպ, դրանից րոպեներ առաջ ԱԱԾ-ն կոչ էր արել կասկածելի բնույթի տեղեկություններ չհաղորդել։

Մինչեւ կեսօր պաշտպանության նախարարությունն արդեն մի քանի հաղորդագրություններ էր տարածել ադրբեջանական կորուստների մասին՝  ուղղաթիռներ, անօդաչուներ,  զրահատեխնիկայի: Կենդանի ուժի ոչնչացման քանակի մասին դեռ տեղեկություն չէր հաղորդվում։

Մինչեւ կեսօր Արայիկ Հարությունյանը երկրորդ տեսաուղերձը տարածեց, նշելով. «Մենք տեղեկություններ ունենք, որ վերջին մի քանի օրերին ինքնաթիռներով «Թուրքիայից եւ այլ երկրներից կամավորականներ ասենք, թե վարձկաններ, տեղափոխվել են Ադրբեջան: Արդեն երկար ժամանակ է՝ Թուրքիայի բանակը փաստացի գտնվում է Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք, թե նպատակը որն է եղել:Արդեն մի քանի օր է՝ համատարած մոբիլիզացիա են սկսել: Իհարկե, ներկայացնելով կեղծ օրակարգ, թե իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի: Մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք: Ամեն մի զոհի համար պատասխան են տալու:Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների, այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի եկեք»:

Նկատենք, որ մոտալուտ պատերազմին տեղյակ լինել-չլինելու մասին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Փաշինյանն արել է իրարարամերժ հայտարարություններ, մինչդեռ Հարությունյանի հայտնած տեղեկություններից ակհնայտ էր, որ պատերազմն անխուսափելի է։ Հարությունյանն ակնարկում է, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել էր Ադրբեջանի վրա հարձակում ծրագրելու համար։ Նկատենք, որ հաջորդ օրն, իր ելույթում, Փաշինյանը ոչ մի բառով չարձագանքեց զրպարտությանը, հեշտացնելով Արցախի դեմ պատերազմում միջազգային ճնշման տակ չհայտնվել ձգտող Արդբեջանի գործը։ «Ամեն մի զոհի համար պատասխան տալու» սպառնալիքն էլ, առայժմ մնում է անկատար։

Ուղիղ կեսօրին, չնայած արդեն հնչել էր Արծրուն Հովհաննիսյանի զգուշացումը՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ զետեղեց՝ Արցախում տիրող իրավիճակից: Ապա նաեւ բանաստեղծություն հրապարակեց.

«Տիգրանի քաղաքի լանջերից,

Հորիզոնն է ծփում անսահման,

Դարեր անց մենք այստեղ ենք նորից,

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման», եւ այլն։

Արցախի նախագահը հայտարարեց համատարած զորահավաք եւ ռազմական դրություն։

Րոպեներ անց Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու մտադրության մասին հայտնեց Փաշինյանը։ Վարչապետը գրեց նաեւ, որ կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը:

Անկարան մեղադրեց Հայաստանին Ադրբեջանի վրա «հարձակում գործելու» մեջ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց, թե Անկարան սատարում է Բաքվին եւ «դատապարտում Ադրբեջանում Հայաստանի վերջին գործողությունները»։Մինչեւ այդ միջազգային հանրությունից միայն Ռուսաստանն էր կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երկու տեսանյութ տարածեց, թե ինչպես են հայկական զինված ուժերը խոցում ադրբեջանական մարտական տեխնիկան, այդ թվում տանկեր ու կենդանի ուժ: Հակառակորդի կորուստների կոնկրետ թվեր դեռ չէին հնչում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարեց, որ Երեւանը չի պատրաստվում զինուժ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ տարածաշրջանում իրավիճակի լարվածության էսկալացիայի պատճառով:Տողանյանը հավելեց, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից ագրեսիային պատրաստվել է դեռեւս հուլիսին:

ՀԱԿՊ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարեց, որ Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ: Արծրուն Հովհաննիսյանն, ի դեպ, մինչեւ այդ հայտնել էր, որ հակառակորդը հարվածներ է ուղղել նաեւ Վարդեսնիսի շրջանին։

12-ն անց կեսին մոտ Փաշինյանը գրառումով տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Նա զորքերին կցագրված անձնակազմերին՝ կոչ արեց ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հիշեցնենք, որ դրանից մեկ ժամ առաջ ՊՆ-ն հայտնել էր զինմկոմիսարիատների առջեւ կամավորների կուտակումների մասին, նշելով, որ դրա կարիքը չկա։

Դեռ Հայաստան չվերադարձած Դավիթ Տոնոյանը  ուղերձ տարածեց, շեշտելով, որ մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք։ «Դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն» գրել էր պաշտպանության նախարարը, վստահություն հայտնելով, որ  պատվով են կատարելու մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն:

Նիկոլ Փաշինյանը մի գրառում էլ Թվիթերում թողեց, նշելով, որ Ադրբեջանի լայնածավալ սադրանքը նախապես ծրագրված էր, ինչի վկայությունը վերջերս Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն էին, Թուրքիայի հետ լայնածավալ համատեղ ռազմական զորավարժությունները եւ այլն։

Արտգործնախարարությունում կայացած ասուլիսում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ պաշտոնով հանդես եկող Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Իսկ հակառակորդի հարվածներից կան որոշակի ավերածություններ, կորուստներ, եւդրանք չնչին են: Չնչին ասելով որքան նկատի ուներ Հովհաննիսյանը, հայտնի չէ մինչեւ օրս։

Այդ պահին այն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը Արցախից հայտնեց, որ զոհվել է 10 զինածառայող: Հիշեցնենք, որ առավոտյան 7-ից Ադրբեջանի մի քանի ժամ շարունակ հրետանային եւ հրթիռային հարվածներ էր հասցրել ճակատի ամբողջ երկայնքով, ինչպես հետո խոստովանեց ինքը՝ Բաբայանը, պատերազմի առաջին ժամերին վերացնելով պաշտպանության բանակի հրետանու եւ հակաօդային պաշտպանության 40 եւ 50 տոկոսները, այնպես որ 10 զոհվածների մասին տվյալը ճշմարտությունից շատ  հեռու է թվում։

Ցերեկը Արցախյան ճակատում սկսված պատերազմի թեմայով քննարկում ունեցան Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովն ու Չավուշօղլուն։ Ավելի ուշ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ արեցին Մինսկի խմբի համանախագհները, Եվրամիության նախագահ Շառլ Միշելը եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։ Հայտարարություն տարածեցին Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունները։ Խաղաղության կոչ արեց Հռոմի պապ Ֆրանցոսկոսը։ Ավելի ուշ կոչերով հանդես եկան, ՆԱՏՕ-ն, Գերմանիան, Իրանը, այլ պետություններ։

Տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության դեմ սպառնալլիքը կասեցնելու եւ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչով միջազգային հանրությանը դիմեց անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ «Մենք ունենք առանց էկզիստենցիալ վտանգի մեր հայրենիքում ապրելու անօտարելի իրավունք։ Ես միշտ իմ ազգի հետ եմ»,- գրել էր Մխիթարյանը։ Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն էլ գրել էր. «Մենք ժողովուրդ ենք, որը պատմության ընթացքում միշտ պաշտպանվել է հպարտությամբ»։

Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների հարցով միջազգային կառույցներին դիմեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը շեշտել էր, որ  դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության։ Միջազգային կառույցներին էր դիմել նաեւ ԱԺ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ինչպես այս, այնպես էլ հետագա զարգացումների ընթացքում, նաեւ հետպատերազմյան ամիսներին խորհրդարանի ղկավարությունն ու այլ հանձնաժողովների ղեկավարներ գրեթե չեն հետեւել նրա օրինակին։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնեց, որ մեկնել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: «Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու»,- գրել էր նա։Մեկ ժամ անց էլ նա լուսանկարներ հրապարակեց վիրավոր զինվորներին իր այցից։

Իրիկնադեմին տարածվեց Նիւկոլ Փաշինյանի տեսաուղերձը, որտեղ նա պնդում էր, որ հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին

«Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա», հայտարարեց նա:

Ելույթի վերջում իր ավանդական կեցցեներից առաջ Փաշինյանը նորից խոստացավ՝ «Հաղթելու ենք»։

Հիշեցնենք, որ նախօրեին նա անոնսել էր Հանրայինի մեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ իր հարցազրույցը՝ խոստանալով, որ իր բացահայտումներից հետո Ադրբեջանի ներքաղաքական կյանքն անհուսալիորեն կվատթարանա։ Այդ հարցազրույցը մինչեւ օրս եթեր  չի հեռարձակվել։

Ուղերձ տարածեց նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն»,– գրել էր նա։

Առավոտյան պաշտպանության նախարարություն է շտապել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Մեր տեղեկություններով՝ նրա ծառայություններից հրաժարվել են։ Նույնը նրա հետ տեղի է ունեցել Արցախում։

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ռազմական դրություն հայտարարել է պայմանավորված  ռազմաքաղաքական պայմաններում Հայաստանի տարածքին հարվածներ հասցնելու հավանականությամբ։ Ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցի՝ Փաշինյանն ասել է, որ Արցախի ճանաչումը եղել է իրենց օրակարգում, հիմա օրակարգից տեղափոխվում է քննարկումների սեղան, ավելացնելով, որ կշեռքին փաստարկներ են դնելու։ Փաշինյանը նաեւ ասել էր, որ մենք էլ ունենք կորուստներ, էական կորուստներ, հակառակորդն էլ ունի լուրջ կորուստներ. «Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում, որևէ տեղեկություն այս պահին հրապարակելը գուցե ճիշտ չլինի»,– ասել էր նա։ Այդ օրն էր նաեւ նա հայտարարել, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի։

Այս նիստում էր, որ Փաշինյանն արտասանեց պարտությունը չճանաչելու մասին վեճեր հարուցած իր նշանավոր արտահայտությունը.

«Եկենք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց. «Հնարավոր պարտության դեպքում պայմանավորվածությունների մասին հիմար ճառերը ձեզ պահե՜ք։ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը։ Մեր տղերքն են սահմանին։ Իմ եղբայրը, մյուսի զավակը, երրորդի թոռը»։

Երեկոյան Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ նախնական տվյալներով հայկական զինուժն ունի 16 զոհված եւ 100-ից ավելի վիրավոր: Իսկ հակառակորդն, ըստ նրա ունի զինտեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ։

Վարչապետ Փաշինյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց  ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը: Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ,  ընդգծել, որ անհրաժեշտ ջանքերի ներդրում ռազմական գործողությունների դադարեցման համար:

Գործադիրը հրապարակեց ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածը: Հավաքներն արգելվում են, լրատվամիջոցները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն։

Ուշ երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը հնչեցրեց թշնամու կենդանի ուժի կորուստների մասին իր առաջին տվյալը։ Հակառակորդն ունի զգալի մարդկային կորուստներ` ճշտված տեղեկություններով մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ եւ 2 տասնյակ ԱԹՍ-ներ եւ այլ զրահատեխնիկաներ: Դեռ չի պարզվել, թե ինչպես է Հովհաննիսյանը  ճշտել հակառակորդի կենդանի ուժի կորուստները կոնկրետ թվերով։

Երեկոյան պաշտպանության նախարարությունը կադրեր հրապարակեց, թե ինչպես են ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր գոյացել՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։

Կառավարությունն էլ հրապարակեց կադրեր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն այցելել Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝  գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ: Նախարարը դեռ չէր վերադարձել Հայաստան։ Սպայակազմը ներկայացրել է  օպերատիվ իրավիճակը, հայկական զինուժի պատժիչ քայլերն ու համարժեք գործողությունները:Փաշինյանը նշել է, որ հայկական զինված ուժերի խնդիրը մեկն է՝ հաղթանակը:

Երեկոյան 22-ից հետո Արցախի նախագահը խոստովանեց, որ ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ եւ հարավային թեւում: Ունենք տասնյակ զոհեր, տասնյակ վիրավորներ, նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը, անօդաչուներ եւ ինքնաթիռներ, չեմ խոսում այլ երկրներից կամավորականների ու վարձկանների մասին»,  ասել էր Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ կան դիրքեր, որոնք կորցրել ենք առավոտյան, բայց երեկոյան հետ ենք բերել։ Պատերազմին սպասում էինք, օրը պարզ չէր», ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրահայերը Ալեն Սիմոնյանի այցի դեմ եւս մեկ բողոքի ակցիա են անցկացրել՝ վանկարկելով «դավաճան»
«Կիպրահութիւնը մերժեց Ալէն Սիմոնեանի եւ իր պատուիրակութեան այցելութիւնը Կիպրոս»…
Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր. այսօր Գեւորգ Կարապետյանի մահվան տարելիցն է (ֆոտո)
Նրա տարելիցին հուշաքար է բացվել…
Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ
Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք։ Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞...
Իրանը եւ Հայաստանը պայմանավորվել են այլընտրանքային ուղիներ օգտագործել ապրանքների փոխադրման համար
«Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է, եւ ձեռք բերված պայմանավորվածություններով մենք շուտով ականատես կլինենք այս միության անդամ երկրների հետ առեւտրային հարաբերությունների թռիչքին...
Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան
Հարցը. այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս ՀՀ Սահմանադրական դատարանի հաստատած կարմից գծերից նահանջ չի արձանագրվելու...
Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. Հայաստանում Իրանի դեսպան
Հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհին մասին նա նշել է, որ իրենք ունեն Հնդկական օվկիանոսի ճանապարհը դեպի Չաբահար և Պարսից ծոց, այնուհետև...
Ամենաշատ