News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիի բանակցություններում Ղրիմի թեման չեն քննարկելու, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, այդ թեման սովորաբար չի քննարկվում։ Ղրիմի առումով թուրքական կողմի հետ քննարկելու բան չկա։ Բացի այդ, նախագահը քանիցս հրավիրել է պարոն Էրդողանին Ղրիմ, որպեսզի պարզապես տեսնի, թե ինչ կա այնտեղ իրականում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսում է արդյոք ռուսական կողմը բարձրացնել Ղրիմի ճանաչման հարցը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ մամուլի համար բաց է լինելու «երկու նախագահների առաջին նախադասությունների փոխանակումը, նրանց ողջույնը»։ Բանակցությունների սկիզբը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 13։00-ից հետո։ Պեսկովը նաեւ նշել է, որ մամուլի համար ոչ մի հայտարարություն բանակցությունների արդյունքների մասին նախատեսված չէ։

Նա հավաստիացրեց, որ համաճարակաբանական անվտանգությունը «պատշաճ կերպով ապահովվում է», բայց չի պատասխանել հարցին, թե պատվաստված է արդյոք Թուրքիայի նախագահը։ «Ես չեմ կարող խոսել Թուրքիայի Հանրապետության նախագահի մասին։ Դա կոռեկտ չէր լինի իմ կողմից»,- նշել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները կընթանան «առանձնազրույցի» ձեւաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ։ «Այսօր աշխատանքային օրվա մի մասը կնվիրվի միջազգային գործերին, սովորական այցի շրջանակում տեղի կունենա նրա [Պուտինի] հաղորդակցումը Էրդողանի հետ,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։- Շփումը նախատեսված է «առանձնազրույցի» ձեւաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ, երկու նախագահները սկզբում կբանակցեն եւ հետո կշարունակեն շփումը արդեն աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ»։

Ավելի վաղ Պեսկովը ՏԱՍՍ-ին տեղեկացրել էր, որ բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի սպասվում։

Ինչպես երեքշաբթի պարզաբանել են Կրեմլում, բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել «ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտները քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում»։ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունում ավելացրել են, որ «կանցկացվի նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում հրատապ միջազգային հարցերի վերաբերյալ, ներառյալ իրավիճակի զարգացումը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում եւ Անդրկովկասում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ