News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք շատ բուռն զարգացող իրադարձությունների վկան ենք, որոնց մակերեսային վերլուծության դեպքում հարցը, թե ինչպես պետք է իրեն պահի Հայաստանը, տեղափոխվում է միջպետական հարաբերությունների հարթություն, այսինքն՝ ո՞ր երկրին պաշտպանել, ինչը հանգեցնում է հասարակության հերթական պառակտմանը։ Այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը NEWS.am-ի հարցազրույցում։

«Մինչդեռ, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են հակամարտություններին, ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական, դրանք այն դիրքորոշում/սկզբունքների տեսանկյունից դիտելիս, որոնցով ղեկավարվում է աշխարհը «desisions making» (որոշման ընդունման) մակարդակում, օգնում են պարզել հակասական թվացող որոշումների ընդունման պատճառները։

Այս օրերին հայկական հասարակությունում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչու էր լռում Եվրոպան (Արեւմուտքն ընդհանրապես), երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ամբողջ աշխարհի աչքի առաջ կատարում էր ցեղասպանական ագրեսիա օրենքով եւ լեգիտիմ կերպով կայացած Արցախի Հանրապետության դեմ, երբ նա կոպտորեն խախտում է Հայաստանի սահմանները, եւ ինչու հիմա Արեւմուտքը մեկը մյուսի հետեւից պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի դեմ, որն, ի պատասխան ընդհանուր անվտանգության հայեցակարգից հրաժարման եւ իր սահմաններին ՆԱՏՕ-ի մոտեցման, ինչպես նաեւ Ուկրաինայի ռոսալեզու բնակչության ավելի քան ութամյա դաժանագույն խտրականության, հատուկ գործողություն է իրականացնում։

Այս բնավ ոչ աբստրակտ հարցի պատասխանը realpolitic-ի (իրական քաղաքականության)՝ Արեւմուտքի որդեգրած անսասան դրույթ/ սկզբունքների, նրա ռազմավարական նպատակադրման, ինչպես նաեւ գլխավոր նպատակին հասնելու (գերազանցություն մնացյալ աշխարհի հանդեպ ազգային անվտանգության ապահովման բոլոր ոլորտներում) անընդհատ կատարելագործվող մեթոդների մեջ պարունակվում է։ Մնացած ամբողջ շարադրանքը ոչ մի կերպ չի վերաբերում այն երկրների ժողովուրդներին, որոնք ներգրավված են դաժան հակամարտության մեջ. ցանկանում են մեկ անգամ եւս ընդգծել, որ աշխարհի բոլոր երկրների ժողովուրդներն իրենց կերտիչ աշխատանքով ստեղծում են այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, եւ այդ աշխարհը հիասքանչ է։ Խոսքը միայն «մեծ քաղաքականության» մասին է լինելու, որը խանգարում է խաղաղությանը եւ արարմանն աշխարհում, այն քաղաքականությանը, որը հիմնված է մի ժողովրդի գերազանցության հաստատմանը մյուսի հաշվին։ Համոզված լինելով, որ այդ քաղաքականությունն արատավոր է եւ աշխարհը տանում է դեպի քաոս, վստահություն եմ հայտնում, որ գոյություն ունեն առողջ բանականության եւ շահերի հավասարակշռության վրա հիմնված՝ բոլոր ժողովուրդների անվտանգության ապահովման ուղիներ»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։

Հայաստանի առաջին օմբուդսմենի գնահատականով՝ առաջին անսասան դրույթը աշխարհաքաղաքական շահերի գերակայությունն է քաղաքակիրթ աշխարհի համամարդկային արժեքների հանդեպ, որն առավել ամբողջական շարադրված է ՄԱԿ Կանոնադրությունում եւ հիմնավորված մեր հասարակության եւ անձամբ իմ կողմից պաշտպանվող ոգեշնչմամբ։ «Բայց չպետք է մոռանալ, որ Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերը ձեւավորվել են՝ սկսած անցած դարասկզբից, երբ շրջանառության մեջ մտցվեց «աշխարհին տիրելու» գաղափարը, որը հակիրճ հանգում էր «heartland»-ին (հարթլենդ, երկրի միջուկ) տիրելուն։ Այդ ժամանակվանից Մեծ Բրիտանիայի, հետո ԱՄՆ-ի քաղաքական գործիչները, այսինքն՝ քաղաքական աշխարհի անգլոսաքսոնական ճյուղը, ուշադրությունը կենտրոնացրել է մի տարածքի վրա, որն այն ժամանակ զբաղեցնում էր ցարական Ռուսաստանը (հետո՝ Խորհրդային Միությունը, իսկ այսօր՝ Ռուսաստանի Դաշնությունը)։ Ռեսուրսներով հարուստ այդ «երկրի միջուկն» էլ դարձել է նրա հավակնությունների առարկան, որն այսօր կոչվում է հավաքական Արեւմուտք։  Եթե մենք նկատի չառնենք այն, որ «հարթլենդին» տիրելու կամ, առնվազն, վերահսկելու, նրա «յուրացման հենց այս ռազմավարությունն է իրականացվում՝ հակառակ այդ տարածքում գոյություն ունեցող պետությունների ինքնիշխանության, ապա մենք մեզ դատապարտում ենք վեճերի այն թեմաների շուրջ, որոնք անգլոսաքսոնական աշխարհի եւ նրանից խիստ կախված Եվրոպայի անփոփոխ նպատակադրման հետեւանքն են։ (Այս առումով պատահական չեն նախապես ձեռնարկված այնպիսի գործընթացները, ինչպիսին էին Brexit-ը, հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի հետեւողական քաղաքական համախմբումը՝ ի վնաս Եվրոպայի շահերի)։ Ուստի, ստիպված ենք որպես իրողություն ընդունել այն, որ «հավաքական Արեւմուտքը» այսօր էլ շարունակում է առաջնորդվել «երկրի այն միջուկի» յուրացման ռազմավարությամբ, որը գտնվում է ժամանակակից Ռուսաստանի սահմաններում։ Ընդ որում՝ դեմոկրատիայի, մարդու իրավունքների, հավասարության, անխտրականության եւ այլ հարցեր նետվել են «ռեալ քաղաքականության» հետնախորշ, ինչպես նաեւ լիովին անտեսվում են երկրի պետական կարգի իրական բնութագրերը (չէ՞ որ ցարական Ռուսաստանը, ԽՍՀՄ-ը եւ ՌԴ-ն պետություններ են տարբեր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարաբերություններով)։

Երկրորդ՝ աշխարհում գրեթե բացահայտ ընթանում է տնտեսությունների պայքար (որն այնքան էլ նման չէ առողջ մրցակցության), նախ եւ առաջ էներգետիկ ռեսուրսների ապահովման համար՝ որպես դրա զարգացման հիմք։ Այնպես, ինչպես անվիճելի է պնդումը, որ «արեւը կյանքի աղբյուրն է», ցանկացած պետության համար ակնհայտ գերակա նշանակություն ունի էներգետիկ անվտանգության ապահովման նշանակալիությունը։ Իրենց պետություններում էներգետիկ անվտանգություն ապահովելու համար «ոսկե միլիարդի» երկրների իշխանական քաղաքական էլիտաները «ռեալ քաղականությունում» գլխավոր են համարում ոչ թե պարզապես անհրաժեշտ էներգակիրների ապահովումը, այլ դրանց պաշարների աճը։ Եվ միջազգային հարաբերություններում դժվար չէ նկատել, թե ինչպես են համաշխարհային քաղաքականության առաջատար սուբյեկտները զոհաբերում իրենց իսկ հռչակած սկզբունքներն ու միջազգային իրավունքի նորմերը՝ ի շահ էներգետիկ պաշարների անընդհատ ավելացման։

Եվ վերջապես երրորդ՝ առաջին երկու դրույթների իրականացման անվան տակ անհրաժեշտ էր «իրավական» բազա ապահովել։ Արդեն XIX դարավերջից Լատինական Ամերիկայի ժողովուրդների պայքարը ստիպեց գաղութարարներին անկախություն տրամադրել իրենց գաղութներին։ Հենց այդ ժամանակ էլ, ապագա անկախ պետություններին անկախություն եւ սահմանների որոշման իրավունք տալիս, որդեգրվեց uti possidetis juris (ինչ ունես, դրան էլ տիրում ես) սկզբունքը, որը փոխ էր առնվել Հռոմի իրավունքից։ Հարավսլավիայի փլուզման պահին այդ սկզբունքը կիրառվեց այն կազմող հանրապետությունների ներքին (միասնական դաշնային պետության իմաստով) սահմանների նկատմամբ։ (Բոլոր հանրապետությունների նկատմամբ, բացի ուղղափառ Սերբիայից, որը մնում էր ՆԱՏՕ-ի «հասանելիության գոտուց դուրս» եւ պաշտպանում էր իր ազգային շահերն ու չէր ենթարկվում հակառուսական հիստերիային միանալու գայթակղությանը, ինչի համար էլ պատժվեց։ Այս տարի լրանում է Սերբիայի դեմ ՆԱՏՕ-ի (14 երկիր)՝ ՄԱԿ-ի չարտոնած ագրեսիայի, Բելգրադի ռմբակոծման՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, ներառյալ կասետային ռումբերը եւ ուրանով չհարստացված ռումբերը, խաղաղ բնակիչների սպանության 23 տարին։ Ագրեսիայի նախաձեռնողները եւ կատարողները մինչեւ այժմ ոչ մի պատիժ չեն կրել)։

Այնուհետեւ 10 տարանշանակ սկզբունքներից մեկը, որը ներկայացված է «Սկզբունքների հռչակագրում, որոնցով մասնակից պետությունները ղեկավարվելու են փոխադարձ հարաբերություններում» (որն ավելի հայտնի է որպես 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտ) դարձավ ամենագլխավորը, այն է. կեղծ մեկնաբանվող  տարածքային ամբողջականության սկզբունքը հակադրվում է «ժողովուրդների իրավահավասարության եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի» սկզբունքին։ Միջազգային հարաբերությունների այս կերպ ձեւակերպված սկզբունքը մեկնաբանվել եւ օգտագործվել է ի հակակշիռ միջազգային իրավունքի իմպերատիվ նորմի, որը ներկայացված է մարդու իրավունքների, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին միջազգային պակտերում։ Այսօր քչերն են հիշում, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը նախաձեռնել է Խորհրդային Միությունը։ Հենց ԽՍՀՄ-ում է ծնվել երկու ճամբարի՝ սոցիալիստականի եւ կապիտալիստականի բաժանված աշխարհը կայունացնելու անհրաժեշտության գաղափարը մի փաստաթղթի ստեղծմամբ, որի տակ կստորագրեին երկու ճամբարներն էլ (ինչպես եւ տեղի ունեցավ)։ Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 30 տարի հետո էր, եւ տարածքային ամբողջականության սկզբունքի ներառումը նշյալ Հռչակագրում թելադրված էր ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան Եվրոպայի տարածքների (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հասատատված սահմաններով) հանդեպ հնարավոր հավակնությունները չեզոքացնելու ձգտմամբ։ Եվ հենց այդ սկզբունքն է դարձել գերակա այն երկրների հանդեպ, որոնք Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման պահին կամ միասնական պետության մաս էին, կամ Վարշավյան պայմանագրի անդամ։ Ավելացնենք, որ Հելսինկյան ակտը, նրա նախաձեռնողների մտահղացմամբ, պետք է հակադրվեր ԽՍՀՄ փլուզմանը, որովհետեւ ստորագրվել էր միասնական պետության՝ ԽՍՀՄ-ի կողմից։

Նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքական վերնախավերի հետ կամային բանավոր դավադրության, նախկին գաղութատերերի կողմից սիրելի uti possidetis juris սկզբունքի կիրառման բանավոր համաձայնության արդյունքում «այս աշխարհի հզորները» փաստացի թույլ տվեցին իրենց ունիտար հռչակած միութենական հանրապետություններին ուժով ճնշելու դեռեւս խորհրդային տարիներին իրենց ինքնորոշման իրավունքը ինքնավարությունների ձեւաչափով իրականացրած ժողովուրդների կամքը։ Մեր դեպքում հենց այս երկու «սկզբունքները» 1) աշխարհաքաղաքական՝ Թուրքիայի օգնությամբ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից եւ 2) էներգետիկ՝ հասանելիություն Ադրբեջանի էներգակիրներին՝ շրջանցելով Ռուսաստանը, բացատրում են մեծ տերությունների եւ նրանց արբանյակների դիրքորոշումը: Աշխարհաքաղաքականության նպատակը պարզ է՝ տարածքների եւ ռեսուրսների, առաջին հերթին էներգետիկ, յուրացում։ Նրանց որոշումների հիմքում հենց այդ եսակենտրոն շահերն են, այլ ոչ թե վերը նշված երկրների ժողովուրդների նկատմամբ սերը եւ հայերի (կամ սերբերի) նկատմամբ «անձնական ատելությունը»։ Ժողովուրդների ճակատագիրը ընդհանրապես չի հետաքրքրում «realpolitik»-ի ապոլոգետներին։ Ուստի Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք խախտել են ՄԱԿ-ի բոլոր հիմնարար կանոնադրական նորմերը, կիրառել են միջազգային իրավունքով արգելված բոլոր մեթոդներն ու միջոցները, ներվել եւ նույնիսկ խրախուսվել են։ 90-ականներին Ադրբեջանի կողմից իրականացված բոլոր ցեղասպանությունները, 2020 թվականի ցեղասպանական ագրեսիան, արգելված զենքի կիրառումը, գերիների եւ պատանդների նկատմամբ խոշտանգումների կիրառումը, խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու սպանությունները, մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունները, ինչպես նաեւ Հյուսիսային Կիպրոսի օկուպացումը, այս ամենը մոռացվում է՝ հանուն մնացած մարդկության նկատմամբ մեկ «կաստայի» գերակայությունը պահպանելու խելահեղ գաղափարի։ Իսկապես մնայուն արժեքները (մարդու իրավունքներ, հավասարություն, ազատություն, իրավական պետություն, խաղաղություն, զարգացում եւ համագործակցություն, ՄԱԿ կանոնադրության այլ նպատակներ եւ սկզբունքներ) օգտագործվում են որպես շքեղ եւ շլացուցիչ հանդերձանք։ «Realpolitik»-ի ամոթալի մերկությունն ու ցինիզմը քողարկող թզենու տերեւը, ի թիվս այլ բաների, տարածքային ամբողջականության սկզբունքի այլասերումն ու ֆետիշացումն է։ Պատահական չէ, որ 44 օր անց Ադրբեջանը որոշ երկրներից շնորհավորանքներ ստացավ «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ։ «Լուսավորված» աշխարհի ոչ մի փորձ պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի դեմ, որը մատակարարում էր Ադրբեջանին, որը թիրախավորեց մարտական անօդաչու թռչող սարքերի, կասետային եւ ֆոսֆորային ռումբերի կիրառումը խաղաղ բնակչության դեմ, ներգրավեց միջազգային ահաբեկչական վարձկանների: Ռուսաստանի նկատմամբ այդքան շռայլորեն կիրառվող պատժամիջոցները մնացին չպահանջված, խաղաղության եւ մարդկության անվտանգության, դեմ ուղղված հանցագործությունները, ցեղասպանությունը, ռազմական հանցագործությունները մնում են անպատիժ։

Այսօր անհրաժեշտ է իմաստավորել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ եւ մեր շուրջը՝ բացահայտել ակունքները եւ գնահատել 1990-1998թթ․ ապազգային քաղաքականության արդյունքները, հստակ ձեւակերպել, թե ինչ պետք է արվեր, բայց չի արվել 1998-2018թթ․, ապացուցված համարել առաջին նախագահի եւ ՀՀՇ վերնախավի ավերիչ դոկտրինի ներկայիս իրավահաջորդների քաղաքականության բացարձակ անընդունելիությունը, մի դոկտրին, որն իրականում ծառայում է թուրք-ադրբեջանական ցեղասպան ռազմավարությանը եւ նրանց գործողությունների փուլային ծրագրին։ Վերջապես, մենք պարտավոր ենք պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անի, բայց չի անում ընդդիմությունը, եւ ինչ է պարտավոր անել այսօր հասարակությունը, քանի որ վաղը մենք ավելի թանկ գին ենք վճարելու մի ամբողջ սերնդի կյանքով չափվող մեր արժանապատիվ ապագայի համար։

Աշխարհը եւ նրա աշխարհաքաղաքական նկրտումները, ներառյալ արտաքին թշնամիները, ինչպես նաեւ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, չեն փոխվել, ժողովրդին դավաճանեցին նրան խաբողները եւ նորից հայ ժողովրդի համար «ոչ ավանդական» քաղաքական կողմնորոշում ունեցող անձինք եկան իշխանության։

Դժվար թե Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում որեւէ մեկը կասկածի, որ թուրք-ադրբեջանական դաշինքը «հարմար» պահի է սպասում, որ հարվածի՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը եւ վերջ դնել հայկական պետականությանը։ Նրանք ապավինում են իրենց «դաշնակիցներին»՝ ի դեմս հայ ժողովրդին բացահայտ արհամարհողների, նրան «հաղթածների» եւ թուրք-ադրբեջանական նացիստների հետ համահունչ քայլող՝ մեր երկրի իշխանության մեջ ուրացողների։

Մեր խնդիրն անփոփոխ է՝ դիմակայել արտաքին եւ ներքին մարտահրավերներին։ Մեր ապագան մեր ձեռքերում է, դրա համար էլ պետք է պայքարել»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ