News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Միսս 7 մայրցամաք» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնը սեպտեմբերի 20-30-ին կկայանա Թուրքիայի Բոդրում քաղաքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը:

Վերջին երկու տարիներին այս փառատոնը անց է կացվել Հայաստանում, իսկ թե ինչու է որոշվել այս տարի այն անցկացնել մեր հարեւան երկրում, Աշոտ Խաչատրյանը այսպես բացատրեց. «Այն աշխարհում մեծ հեղինակություն վայելող եւ մեծ ճանաչում ունեցող մրցույթներից է, դրա համար էլ որոշեցինք, որ  այս տարի անցկացվեր Թուրքիայի Բոդրում քաղաքում, քանի որ այնտեղ մեզ տրամադրել էին բարձրակարգ հյուրանոց, բավականին լավ պայմաններ էին առաջարկել, ծով, Սուրբ Մարիամ եկեղեցին եւ այլն, ոչ մի քաղաքականություն չի լինելու»,- ասաց նա:

Ի դեպ, նախորդ տարի Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան եւս անց էր կացվել Թուրքիայում: Աշոտ Խաչատրյանը նշեց, նաեւ, որ միջազգային մրցույթը պարտադիր չէ անցկացնել մեկ երկրում եւ անհրաժեշտ է տարածել այն ամբողջ աշխարհում: Թե ինչու մրցույթը չի անցկացվում Հայաստանում, չէ՞ որ դա կխթաներ մեր տուրիզմի զարգացումը, նա  նշեց. «Այստեղ ժամանող աղջիկները բավական խնդիրներ են ունենում` կապված ավիատոմսերի հետ:

Հայաստանում կլինի, եթե ապահովենք աղջիկների ճանապարհածախսը: Բայց այս դեպքում բավականին խնդիրներ են առաջանում, մանավանդ` սեզոնին, որովհետեւ Հայաստանում տոմսերը բավականին թանկ են, եվրոպական երկրներից ժամանող աղջիկների համար մատչելի չէ»,- ասաց Աշոտ Խաչատրյանը: Նրա խոսքով` Թուրքիայում անցկացվող մրցույթում տիրելու է հայկական մթնոլորտ, հնչելու է հայկական երաժշտություն:

Մրցույթին մասնակցելու համար արդեն դիմել է 30 երկիր, իսկ Հայաստանը հնարավոր է ներկայացնի «Հայաստանի Արքայադուստր-2010» գեղեցկության մրցույթի հաղթող, Չեխիայում Princess of The World-2010-ի մրցանակակիր, Հ1-ի սերիալային հերոս («Աննա» հեռուստասաերիալում Լիզայի դերակատար, այժմ խաղում է  «Քաղցր կանք» սերիալում) Արեւիկ Գեւորգյանը: Ի դեպ, Աշոտ Խաչատրյանը նշեց, որ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան կանցկացվի Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ