News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 10 տարուց ավելի է՝ կատարվում են «Բռնության և պատերազմի» մարդաբանական ուսումնասիրություններ, հայտնում է ՀՀ ԳԱԱ հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Դրանք բազմաշերտ են. նյութեր են հավաքվում և վերլուծվում են բախումների գոտու բնակչության և ընդհանուր հասարակության վրա բռնությունների և ռազմական բախումների պատմական և ընթացիկ դրվագների ազդեցությունները, դրանց անհատական և հասարակական ընկալումների, փախուստների, փախստականների հետագա կյանքի,  անցյալի պատմական բռնությունների անհատական և սոցիալական հիշողության և այդ հիշողության ձևավորման քաղաքականության թեմաները: Հետազոտություններն ընդգրկում են ինչպես ներպետական քաղաքական բռնությունների (էթնիկական աքսորներ, դեպորտացիաներ, ռազմական ուժով ճնշումներ, տեղափոխության հարկադրանքներ և այլն), այնպես էլ միջպետական լարվածությունների և ռազմական գործողությունների ընդհանուր հասարակական, մասնավոր՝ սահմանային գոտիների բնակչության վրա ազդեցությունները:

2021թ. առաջին անգամ վերլուծվել են 1992թ. փետրվարի 26-ին հայկական ռազմական ուժերի կողմից Արցախի Խոջալու բնակավայրի գրավման և դրան հաջորդած օրերին բնակավայրի քաղաքացիական բնակչության ճակատագրի մանրամասներն արխիվային, դաշտային, հայկական, ադրբեջանական, ռուսական և անգլալեզու տպագիր աղբյուրների նյութերի համակցմամբ: Ներկայացվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռազմական խմբավորումների կողմից Խոջալուի քաղաքացիական բնակչությանը հանցագործ խաբեությամբ զինված բախումների մեջ ներքաշելու ծրագիրը, ինչի հետևանքով  քաղաքացիական բնակչության զգալի մասը  բնակավայրը լքելուց հետո մեծ կորուստներ և զոհեր է ունեցել նահանջի ճանապարհին: Բացահայտվել է Խոջալու բնակավայրը գրավելու և «բնակչության նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու» մասին ադրբեջանաթուրքական տարատեսակ՝ կեղծ գիտական, դիվանագիտական, մշակութային և այլ քարոզչական միջոցներով 28 տարիների ընթացքում ահռելի քանակով և լայնորեն տիրաժավորված կեղծիքը: Հետազոտության հիման վրա 2021թ. հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի հեղինակած «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գիտական աշխատությունը:

«Մեր նպատակային հետազոտությունները սկսվել են դեռևս 2010-2013թթ. Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հաշտեցման ծրագրի» շրջանակներում՝ Գերմանիայի «Դվվ ինտերնացիոնալ» (DVV International) կազմակերպության միջնորդությամբ: Դրանից հետո մենք աշխատել ենք ՀՀ պետական բյուջեից գիտական թեմաների ֆինանսավորման շրջանակներում: Որպես նպատակային հետազոտական աշխատանք «Պատերազմի մարդաբանություն» անվանվել է վերջին երեք տարիներին»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Կատարվել են Թուրքիայում իրականացված հայերի և Դերսիմի ալեվիների ցեղասպանության, 1920թ. հայ-թուրքական պատերազմի, 1918-1920թթ. Կովկասում տեղի ունեցած հայ-թուրքական հակամարտության, 1992-1993թթ. «Արևելյան Անատոլիայից»՝ Արևմտյան Հայաստանի տարածքից տեղահանված բնակչության, 1980թ. հետո սկսված Ղարաբաղյան կոնֆլիկտի, դրանում առկա բռնության /դեպորտացիաների,  Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի, փախստականության, կոնկրետ ռազմական բախումների և մարդկանց, հասարակությունների վրա դրանց հետևանքների և այդ հետևանքների մեկնաբանության, թշնամանքի և ատելության սերմանման քաղաքականության, պետությունների իշխանության կողմից հասարակական հիշողության ձևավորման քաղաքականության, ինքնությունների փոփոխության, նոր ինքնությունների ձևավորման, դրանց հետևանքների մարդաբանական ուսումնասիրություններ:

«Ուսումնասիրության արդյունքում հավաքվել են մեծ քանակությամբ դաշտային և արխիվային նյութեր Թուրքիայի գավառներում և Կոստանդնուպոլսում՝ ներկայիս Ստամբուլում, Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, քրիստոնյա, իսլամացված քրդացած, թրքացած, արաբացած, ալեվիացած հայերի, զազա ալեվիների,  թուրքահայ փախստականների ժառանգների, ադրբեջանահայ փախստականության, ուդի փախստականների, փախստական և տեղափոխված սիրիահայերի վերաբերյալ: Արվել են դիտարկումներ Արցախի Հանրապետության տարածքում ավերված բնակավայրերում, հավաքվել են արխիվային նոր փաստաթղթեր, անց են կացվել նպատակային գիտաժողովներ, գրվել են մենագրություններ, հրատարակվել են ժողովածուներ, հոդվածներ գիտական պարբերականներում, ծանոթագրված և խմբագրված հուշագրություններ, գրախոսություններ: Թեմայի վերաբերյալ կազմակերպվել են ցուցահանդեսներ, դասախոսություններ և քննարկումներ նաև ՀՀ մարզերում»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Ուսումնասիրությունների հիման վրա հրատարակվել են շուրջ 80 աշխատություններ, գիտական հոդվածներ, գիտահանրամատչելի հոդվածներ, գրախոսություններ Հրանուշ Խառատյանի հեղինակությամբ և համահեղինակությամբ հայերեն,  անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Գայանե Շագոյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Մարությանը, Լևոն Աբրահամյանը, Աղասի Թադևոսյանը և այլոք բռնության և պատերազմի տարբեր խնդիրների մարդաբանական վերլուծությունների հրապարակումներով և գիտաժողովների ելույթներով անդրադարձել են բռնության լեզվի, զոհի թիրախավորման, հոգեբանության, խմբային մարդկային, այդ թվում էթնիկական վարքի, պաշտոնական և հանրային հիշողության և դրանց ձևավորումների քաղաքականության խնդիրներին: Նյութահավաքչությունը, վերլուծությունները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ