News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Յոթ կուսակցություններից վեցը, այդ թվում խոշորագույն «Ամանաթը» («Նախնիների պատվիրան»), հաղթահարել են 5 տոկոսի շեմը եւ մարտի 19-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով մտնում են Ղազախստանի խորհրդարանի Մեջլիս (ստորին պալատ): Այսպիսի նախնական տվյալներ է երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։

Նրա խոսքով, «Ամանաթը» հավաքում է ձայների 53,9 տոկոս, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 6,8 տոկոս, Ղազախստանի դեմոկրատական «Ակ ժոլը» («Լուսավոր ուղի»)՝ 8,41 տոկոս։ Նրանք նախորդ գումարման Մեջլիսում են եղել։ Բացի այդ, առաջին անգամ ստորին պալատի կազմում են հայտնվել Ժողովրդադեմոկրատական հայրենասիրական «Աուիլ» («Գյուղ») կուսակցությունը՝ 10,9 տոկոս ձայներով, «Ռեսպուբլիկա» կուսակցությունը՝ 6,59 տոկոս ձայներով, իսկ ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 5,2 տոկոս ձայներով։ Ընտրական շեմը չի հաղթահարել Ղազախստանի «կանաչների» «Բայտակ» կուսակցությունը, որը ստացել է 2,3 տոկոս։ «Բոլորին դեմ» սյունակն ընտրել է քվեարկողների 3,9%-ը։

Ղազախստանում գրանցված բոլոր յոթ քաղաքական կուսակցությունները մասնակցել են մարտի 19-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները կազմակերպվում են խառը համակարգով՝ պատգամավորների 70%-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, 30%-ը՝ ըստ միամանդատ ընտրատարածքների։

Մեջլիսի նախորդ գումարման ժամանակ կային երեք կուսակցական խմբակցություններ՝ «Ամանաթը», «Ակ Ժոլը» եւ «Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ