News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն անցել է ավելի ագրեսիվ պահվածքի. սա ահաբեկչություն է, որովհետեւ հիմա Ադրբեջանը պարալիզացնում է Արցախի միջպետական ճանապարհները. մեր ներքին տեղաշարժը սահմանափակվում է, Ստեփանակերտից անջատվում են Բերդաձոր համայնքի՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող եւ Լիսագոր գյուղերը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելուն եւ դիրքային առաջխաղացում ապահովելուն։ 

«Ադրբեջանը վաղուց էր սրա մասին խոսում, նախ՝ բավականին երկար ժամանակ կեղծ տեղեկատվություն տալով, թե իբր այդ ճանապարհով զենք–զինամթերք է տեղափոխվում, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն տեղեկատվությունը, թե Պաշտպանության բանակը կրակ է բացում, բայց ՊԲ–ն այլ նկրտումներ չունի, այն միայն պաշտպանում է արցախցիների անվտանգությունը։ Արցախի Պաշտպանության բանակը 2020 թվականի նոյեմբերի 9–ի հրադադարից հետո նախահարձակ չի եղել, մենք միշտ եղել ենք պաշտպանվողի դերում, ոչ թե այն պատճառով, որ թույլ ենք կամ վախեցած, այլ հարգում ենք 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, ինչը չի անում Ադրբեջանը։ 
Սա Ադրբեջանին բնորոշ վիճակն է, որին մենք սպասում էինք։ Վաղուց ասել ենք, որ Ադրբեջանը ճնշումներն ավելացնելու է եւ չի կարելի Ադրբեջանի հետ այս ձեւաչափով երկխոսության գնալ կամ հումանիտար հարցեր քննարկել, որովհետեւ իրենց հաջորդ քայլը լինելու է ճնշման մեծացումը, ինչին, ցավոք, ականատես եղանք։ 
Սա ուղիղ ոտնձգություն է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ եւ անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչը, կարծում եմ՝ նույնիսկ քաղաքական հետեւանք պետք է ունենա»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը բարձունք է գրավել եւ դիրքի ինժեներական աշխատանքներ սկսել, ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն եւ «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ